«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2011-09-30 | #174, 2011-10-01 | #175, 2011-10-04


ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` «ԺՈՂՈՎՐԴԻՆ ԳԻՇԵՐՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ»

ՀԱԿ-ի` շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու երեւույթով ստեղծված նոր իրավիճակը բնութագրելու եւ ՀՀԿ-ի հասցեին Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականները մեկնաբանելու հրավերին ի պատասխան` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե ընդամենը նախընտրական գործընթացներ են ընթանում, ՀԱԿ-ը հասարակության հետ շփվելու մարտավարություն որպես օգտագործում է հանրահավաքները, նստացույցներն ու վրանները. «Ամենակարեւորը` դրական եմ համարում, որ կոռեկտ ու բարեկիրթ ձեւով են այս անգամ անցկացնում միտինգները, հույնիսկ հորդորում են, որ առանձին լարվածություն չստեղծվի: Իսկ ինչ վերաբերում է մեզ բան ասելուն` որպես քաղաքական առաջատար ուժ, բնականաբար յուրաքանչյուրը մտածում է ինչքան հնարավոր է քարկոծի Հանրապետականին, եւ դա իրենց համար դրական դաշտ կստեղծի: Իհարկե, մենք այդ կարծիքին չենք: Իսկ երբ վիրավորանքները խիստ անձնավորված են դառնում, կարողանում ենք ճիշտ ժամանակին հակադարձել: Հանրահավաք են անում` իրե՛նց ռազմավարությունն է, իրացվելու նոր խնդիրներ ունեն հասարակության մեջ: Մենք այլ ռազմավարություն ունենք, այլ քաղաքական ուժերը` այլ ռազմավարություն: Պարզապես պետք է մտածել ժողովրդի մասին, էն մարդկանց, որոնք հավատավոր հավաքվում եւ մտածում են` որ կոնկրետ սցենարներով կնորմալացնեն ե՛ւ հանապազօրյա հացի խնդիրը, ե՛ւ կենսամակարադակի բարձրացում կլինի: Իսկ իշխանություններն էլ, կարծում եմ, պետք է վճռական լինեն` այն պահին, երբ օրենք խախտվի, իշխանությունն այն գործիքն է, որ պիտի չթողնի օրենքներ խախտվեն: Այն մարդիկ, որոնք փորձում են քաղաքական մոտեցումներով անձնային խնդիրներ առաջ քաշել եւ ժողովրդին շահագործել` գիշերները պահելով, այդ ձեւերը մեզ համար ընդունելի չեն, օրենքի հստակ խախտում են»:

Նկատի ունենալով դաշտում առկա տարբեր խմորումներն ու քաղաքական ուժերի` միմյանց առկա ռեւերանսները, Գ. Սահակյանից հետաքրքրվեցինք, թե տեսականորեն հնարավոր համարո՞ւմ է, որ ՀՀԿ-ն ընտրությունների շեմին բոլորովին մենակ մնա. «Քաղաքական պայմանավորվածությունները երբեմն ավելի ամուր են, քան որեւէ այլ իրավաբանական գործիք: Մենք հուշագիր ենք ստորագրել երեք կուսակցություններով, եւ երեք կուսակցությունները քաղաքական պայմանավորվածություններից այն կողմ որեւէ բան չեն կատարում»:

ՀԱԿ-ի` երկխոսությունը վերականգնելու նորահայտ պատրաստակամությունը Գ. Սահակյանն այսպես մեկնաբանեց. «Ես չեմ կարծում, որ երկխոսության նկատմամբ որեւէ քաղաքական ուժ մոնոպոլ կարծիքներ պետք է ունենա: Երկխոսությունն այսօր էլ է շարունակվում` ձեւաչափերի խնդիր է, քաղաքական դաշտն ամեն վայրկյան երկխոսության մեջ է: Ձեր ասած ձեւաչափով միտք էլ չունի այսօր երկխոսությունը: Իսկ այնպես` հիմա ես ձեզ հաղորդում եմ տալիս, նորից երկխոսության արժեքավորում ունի, ինչպես որ իրենք են հաղորդումներ տալիս (նկատի ունի հանրահավաքը, մամուլը), չեմ կարծում, որ ձեւը որոշակի նշանակություն է ունենալու: Եվ հետոՙ չի բանաձեւվել, թե ինչի՞ մասին պիտի երկխոսենք: Մենք պատրաստ ենք երկխոսել` մեր պետության մեջ եղած տարբեր տիպի խմդիրներից ելնելով»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4