2011-ի սեպտեմբերին 2010-ի սեպտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 6,2 տոկոս: Այս ցուցանիշն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունըՙ ներկայացնելով սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2011-ի հունվար-սեպտեմբերին: Ընդ որում, այս տարվա առաջին 9 ամիսների գնաճը նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ կազմել է 8,5 տոկոս: Իսկ նախորդ ամսվաՙ օգոստոսի նկատմամբ գներն աճել են 0,8 տոկոսով:
Հիշեցնենք, որ գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է հիմք ընդունելով շուրջ 500 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան:
Ըստ վիճծառայության, սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ պարենային ապրանքների գներն աճել են 10,3 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներըՙ 3,5 տոկոսով, ծառայություններինըՙ 2,2 տոկոսով: Ինչ վերաբերում է սեպտեմբերին այս տարվա օգոստոսի համեմատ գնաճի ցուցանիշին, ապա պարենային ապրանքների գներն աճել են 1,3 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներըՙ 0,5 տոկոսով, ծառայություններինըՙ 0,1 տոկոսով:
Պարենային ապրանքների գնաճի վրա սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ մեծապես ազդել է ձվի, շաքարավազի, բանջարեղենի ու կարտոֆիլիՙ 3-21 տոկոս գնաճը: Մասնավորապես 20,9 տոկոսով աճել է շաքարավազի գինը: Նախորդ տարվա սեպտեմբերի համադրությամբ, շաքարավազի գինը Հայաստանում աճել է 46,4 տոկոսով:
Բանջարեղենի եւ կարտոֆիլի գներն, ընդհանուր առմամբ, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել են 8,6 տոկոսով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ աճել 7,1 տոկոսով: Մրգերի գները 2010-ի սեպտեմբերի համեմատ 2011-ի սեպտեմբերին աճել են 2,4 տոկոսով, այս տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 2,2 տոկոս գնանկում: Սեպտեմբերին օգոստոսի համեմատ գնանկումը հիմնականում պայմանավորված է եղել դեղձիՙ 24,9 տոկոս, տանձի 19,9 տոկոս, խաղողի 18,8 տոկոս, սալորի 14 տոկոս, խնձորի 11,2 տոկոս գնանկմամբ:
Հացամթերքի գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրեթե մնացել են անփոփոխՙ գրանցվել է 0,4 տոկոս գնանկում: Կաթնամթերքի գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 1,2 տոկոսով, իսկ 2011-ի սեպտեմբերին 2010-ի սեպտեմբերի համեմատՙ 22,7 տոկոսով:
Մսամթերքի գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 1 տոկոսով, իսկ 2011-ի սեպտեմբերին 2010-ի սեպտեմբերի համեմատՙ 14 տոկոսով:
Կենտրոնական բանկի կողմից գնաճի նպատակային միջակայք է սահմանվել 4 տոկոս +/- 1,5 տոկոսը: Այսինքն, մինչեւ տարեվերջ 12-ամսյա գնաճը չպետք է գերազանցի 5,5 տոկոսը: Դժվար թե դա ԿԲ-ին կհաջողվի, եթե նկատի ունենանք, որ տարեվերջին, տոնական առեւտրի աշխուժացմանը զուգընթաց, գնաճային երեւույթներն ուժեղանում են:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ