«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2011-09-30 | #174, 2011-10-01 | #175, 2011-10-04


ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐ ԴՍԵՂՈՒՄ

Մասնակցեցին նաեւ ռամկավարները

Թումանյանի տունն ու այգին հայրենի ծննդավայրում` Դսեղում, կրկին մեծ թվով այցելուներ էին ընդունել` գյուղից, մարզից, մայրաքաղաքից ու արտերկրից: Ամենամյա թումանյանական օրը սկսվեց այն հուշարձանի մոտ, որտեղ ամփոփված է ամենայն հայոց բանաստեղծի սիրտը: Հյուրերը այստեղ նախ ծաղիկներ դրեցին, ապա խոսվեց օրվա խորհրդից: Նախաձեռնությունն արդեն ավելի քան 25 տարեկան է: Մշտապես տոնվել է հոկտեմբերի առաջին շաբաթ կամ կիրակի օրը: Սկզբում «Թումանյան» հայրենակցական միությունն է իրականացրել, այժմ շարունակում է «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:

Միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն ասաց. «Սա յուրօրինակ ուխտագնացություն է, ոչ մի առիթի հետ չի կապվում, այլ սա ինքնին առիթ է` հաղորդակցվելու մեծն Թումանյանի ստեղծագործությունների, նրա ծննդավայրի, Լոռվա ձորի հետ, լինել այն տանը, ուր նա ծնվել, մեծացել է: Նրա հետ հաղորդակցվելու կարիքը մենք ամեն օր ունենք»: Ս.Երիցյանի կարծքիով` ուրախալին նաեւ այն է, որ մեծ է այս տոնով հետաքրքրված աշակերտների ու երիտասարդների թիվը, այսինքն Թումանյանը կանչում է բոլորին, տոնահանդեսը հնարավորություն տալիս կրկին ու նորովի հասկանալու Թումանյանին, քանի որ յուրաքանչյուր հայ իր գեներով հենց թումանյանասեր է, այդ ջերմությունը արթնացնել ու ավելացնել է պետք, յուրաքանչյուրս պետք է մեր Թումանյանին կերտենք: «Սա մի ճամփորդություն է, որ մեզ տանում է հոգեւոր ակունքներ,-օրհնության եւ ողջույնի խոսքում նշեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը,- այսօր կրկին եկել ենք լուսավորվելու Թումանյանով, նրանից ուժ ստանալու, որով արժեւորվի մեր ուխտագնացությունը»:

«Ամենայն հայոց բանաստեղծը մեր, բոլորիս սրտերում է, բոլորս ենք դաստիարակություն ստացել Թումանյանական ոգով, եւ ես հպարտ եմ, որ այսօր այսքան երիտասարդներ, դպրոցականներ կան, ցանկանում եմ, որ ամեն տարի այս հրապարակն էլ ավելի մարդաշատ լինի»,- ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Թումանյանը հայոց այն մեծերից է, ովքեր մեր ժողովրդին շնորհեցին հավերժության ճանապարհ եւ անցագիր: Նա կարողացավ ժամանակի պտտվող կարուսելի մեջ հասատել իր վիթխարի ներկայությունը եւ տասնամյակ առ տասնամյակ նա իր գործով համամարդկային արժեքի համբավ ու հեղինակություն է ձեռք բերում,- ասաց Հայաստանի գրողների միության նախագահ, արձակագիր, բանաստեղծ Լեւոն Անանյանը,- Թումանյանական ավետարանն այնքան խորն է, որ մենք պետք է կարողանանք նրա հումանիզմի, բարության, ճշմարտության, համերաշխության քարոզը կարողանանք առավելագույնս տարածել մեր եւ դրսի ժողովուրդների համար»: «Մեր գրականությունն աշխարհին ներկայանալու գրականություն է,- Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի կողմից ասաց տողերիս հեղինակը,- այս տոնը մեկ անգամ եւս ապացուցում է, որ մեր ժողովուրդը գիր ու գրականության նկատմամբ իր սերն ու հարգանքը երբեք չի ուրանա»: Իրենց սրտի խոսքն ասացին վրացահայերի պատվիրակության ղեկավար, գրող, թարգմանիչ Գիվի Շահնազարը, գրող Սուսաննա Խաչատրյանը` վիրահայոց պատվիրակությունից, բանաստեղծներ Սուրեն Մուրադյանը, Լիպարիտ Սարգսյանը, որը նաեւ ընթերցեց Թումայանին նվիրված իր բանաստեղծություններից:

Ֆրանսիայից Դսեղ էր ժամանել «Արշակ Չոպանյան» հիմնարկի հիմնադիր ատենապետ Վարուժան Սիրապյանը: Նա ներկայացրեց ֆրանսիական SIGEST հրատարակչությունում (տնօրենՙ Վ.Սիրապյան) տպագրված «Իմ ընկեր Թումանյանը» գիրքը, ուր զետեղված է մեծ գրողի 24 ստեղծագործություն: Թարգմանությունը կատարել է Ալիս Վառվառյան-Սապունջյանը: Գիրքը վաճառվում է Ֆրանսիայի բոլոր գրախանութներում: Վ. Սիրապյանը Դսեղ էր ժամանել իր գաղափարակից Արմենական-ՌԱԿ վարչության եւ կուսակցության Լոռու շրջանակի (ատենապետ Սեյրան Ղարիբյան) անդամների ուղեկցությամբ: Բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը, ով Թումանյանական օրվա մշտական մասնակիցն է եւ ամեն տարի մի մասունք է նվիրում գրողի տուն-թանգարանին, այս անգամ փայտի վրա Թումանյանի քառյակները նվիրեց, նաեւ նրա ավագ դստեր` Սեդայի գոգնոցը, որը ամենայն Հայոց բանաստեղծն անձամբ էր գնել` մեկականՙ բոլոր աղջիկների համար, պահպանվել է միայն Սեդայինը: Ի. Սաֆրազբեկյանը խոսեց նաեւ Թումանյանի մոր` Սոնայի աճյունը տեղափոխելու մասին: «Մենք մշտապես մոռանում ենք հիշատակել ու խոսել այն կնոջ մասին, ով ամենադժվար պահերին մշտապես իր որդու կողքին է եղել»,- ասաց նա: Ասմունքող Իվան Անտոնյանը, որը նաեւ հանդիսավարն էր, կարդաց դրամատուրգ, երգիծաբան, Սամվել Խալաթյանի «Լոռվա ձոր» բանաստեղծությունը, ասմունքեցին նաեւ Հռիփսիմե Սարգսյանը, Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտները: «Մի կաթիլ մեղր» հեքիաթի մոտիվներով բեմականացմամբ հանդես եկան Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները: ՀՀ վաստակավոր արտիստ Սիմոնյանը երգեց Սարոյի արիան «Անուշ» օպերայից, Անուշի արիան համանուն օպերայից կատարեց Արմենուհի Սեյրանյանը, Մոսիի արիան` երգիչ, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպրոտի վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը: Երգեցին նաեւ «Հորովել» երգի պարի համույթի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը, Արսեն Համբարյանը: Վերջում ներկաները մասնակցեցին նաեւ Թումանյանական օրվան նվիրված մատաղի արարողությանը: Թումանյանական օրն այս տարի իրականացավ «Լոռվա ձոր» հայրենակցական միության, Գուգարաց թեմի, Լոռու մարզպետարանի համատեղ աջակցությամբ:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4