«Գործընկեր, բայց ոչ ճանաչում»` դեռ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
Անցյալ տարի մի երկար ժամանակ տեւած քննարկումներից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գործընկերոջ կարգավիճակ ստացավ Մարոկկոն, որին այս շաբաթ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում հետեւեց նաեւ Պաղեստինը: Եվ ինչպես տեղեկացրեց ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, կարող է գործընկեր դառնալ նաեւ Ղրղզստանը, քանի որ հենց այս օրերին ստացվել է այդ երկրի խորհրդարանի դիմումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ճանաչման գործընթացին զուգահեռ Պաղեստինի` «Գործընկեր հանուն ժողովրդավարության» կարգավիճակ խնդրելու կապակցությամբ բանաձեւն ընդունվեց, իսկ մինչ այդ հնչած 31 ելույթները, բոլորն առանց բացառության, ողջունեցին կարգավիճակ տրամադրելու առնչությամբ վեհաժողովական Թինի Կոքսի պատրաստած զեկույցը:
ԵԽԽՎ քննարկմանը նշվեց ինչպես պաղեստինյան ավերված գյուղերի ու ավերված հոգեբանության, փոքրամասնությունների իրավունքները հարգելու անհրաժեշտության, այնպես էլ իսրայելա-պաղեստինյան իրավիճակը լուծելու կարեւորության, Պաղեստինի ճանաչման ուղղությամբ այսօրինակ կարգավիճակի տրամադրումը որպես առաջընթաց քայլ որակելու մասին: Սակայն եթե, օրինակ, թուրք պատգամավորները հակաիսրայելական հիմքով պաղեստինամետ դիրքորոշում ունեին, իսրայելցի վեհաժողովականները նախընտրում էին խոսել Պաղեստինի խնդիրներից, «Գործընկեր հանուն ժողովրդավարության» կարգավիճակով Պաղեստինի ստանձնելիք պարտավորություններից` չմոռանալով հիշեցնել պաղեստինյան իշխանությունների հակաիսրայելական հայտարարությունները:
Հայաստանյան պատվիրակության փոխնախագահ Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեցՙ այդպիսի կարգավիճակի տրամադրումը նախադեպ է, որ պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվի: Ըստ Ռուստամյանի, ոչ ՄԱԿ-ի, ոչ Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող Պաղեստինի նկատմամբ վեհաժողովի այս նախաձեռնությունը դրական ազդեցություն կունենա հակամարտության կարգավորման վրա:
Նախաձեռնությունը, Ռուստամյանի խոսքերով, կարող է ու պետք է նշանակություն ունենա ԵԽ հատուկ դերակատարության առումով նաեւ մյուս հակամարտությունների դեպքում, բայց ԵԽ-ն պետք է զերծ մնա այնպիսի իրավիճակներից, երբ բոլոր կողմերը չէ, որ մասնակցում են հակամարտության քննարկմանը:
Ղարաբաղյան հարցի կտրվածքով էլ, Արմեն Ռուստամյանի հավաստիացմամբ, ակնհայտ է, որ ԵԽ-ն կարող է իր դրական ներդրումն ունենալ այդ հակամարտության կարգավորման գործում, եթե ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովը վերակենդանացնելու փոխարեն «առաջարկի մի կարգավիճակ, որը հնարավորություն կտա ԼՂ լեգիտիմ ընտրված ներկայացուցիչներին ներկա գտնվելու բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ-ում իրենց շահերին վերաբերող հարց է քննարկվում»: «Այդ լուծումը գտնելը հեշտացված է, քանի որ կան նախադեպեր, որոնց ավելացավ նաեւ այսօրվանը` Պաղեստինը, մնում է միայն քաղաքական կամք դրսեւորել», վեհաժողովում հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Ուզո՞ւմ ես կարգավիճակ, բավարարիր
Պաղեստինին «Գործընկեր հանուն ժողովրդավարության» կարգավիճակ տալն ունի մի երկար շարք պայմաններ, որոնք պետք է բավարարի Պաղեստինը: ԵԽԽՎ այս հարցով զեկույցը առաջարկում է պատվիրակություն կազմել ու երկու տարի անց գնահատել պահանջների իրականացումը: Զեկույցը հատուկ շեշտում է, որ կարգավիճակի տրամադրումը «կապ չունի պաղեստինյան պետության ճանաչման հետ»:
Ըստ զեկուցողի եզրահանգումներիՙ 2010-ի նոյեմբերի 3-ին Պաղեստինի ազգային խորհրդի ներկայացրած` գործընկերոջ կարգավիճակ ստանալու խնդրանքը «համապատասխանում է կարգավիճակի տրամադրման համար առաջ քաշվող պահանջներին»: Զեկուցող Կոքսը նշել է, որ ժողովրդավարության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության զարգացումը Պաղեստինյան տարածքներում ընթացքի մեջ է, բայց բարդ է` կրելով «ազդեցությունը այն փաստի, որ պաղեստինյան տարածքների զգալի մասը գտնվում է Իսրայելի ռազմական օկուպացիայի ներքո»:
Այսպիսով, Եվրոպայի խորհուրդը Պաղեստինի իշխանությունների առջեւ բազմաթիվ պահանջներ է դրել: Պաղեստինի ազգային իշխանություններն էլ խոստացել են շարունակել ջանքերը բարձրացնելու իրազեկությունը` մահապատժի վերացման անհրաժեշտության, հասարակական կյանքում ու քաղաքականության մեջ կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների առումով:
Ընդհանրական պահանջների կողքին ԵԽԽՎ-ն առաջ է քաշել մի շարք առանձնահատուկ պահանջներ, մասնավորապես արագ ավարտել բանակցությունները Ազգային միասնական կառավարության ձեւավորման ուղղությամբ` հաստատելով ընդունելի նախագահական, խորհրդարանական ու տեղական ընտրությունների ժամկետներ, Պաղեստինի ազգային խորհրդի բարեփոխում այնպես, որ դառնա ժողովրդավարորեն ընտրված մարմին: Կոնկրետ քայլեր են պահանջվում ձեռնպահ մնալու «բռնություններից, ճանաչելու Իսրայելի պետության գոյության իրավունքը, կատարելու պաղեստինյան ներկայացուցիչների ստորագրած բոլոր համաձայնագրերը»:
Պաղեստինից պահանջվում է նաեւ «մերժել ահաբեկչության օգտագործումը, ազատել իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթին, դադարեցնել զենքի անօրինական տեղափոխումը Գազա եւ Հորդանանի Արեւմտյան ափ, երաշխավորել մամուլի ազատություն եւ բազմակարծություն, պայքարել ռասիզմի, այլատյացության, կոռուպցիայի դեմ, ապահովել կրոնի ազատություն եւ հանդուրժողականություն»:
Այս ամենի առնչությամբ Պաղեստինի Ազգային խորհրդի խոսնակ Սալիմ ալ Զանունը վեհաժողովին հավաստիացրեց, որ պաղեստինցիները խաղաղություն են ուզում եւ անկախ պետություն` հաստատելով ստանձնած պարտավորությունների կատարումը: Ալ Զանունը նաեւ հնչեցրեց Պաղեստինի ակնկալիքները. «Օկուպանտները մեր պատգամավորներին բանտում են պահում, նաեւ 6000 ձերբակալվածներ ուզում են վերադառնալ իրենց ընտանիքներ այնպես, ինչպես իսրայելցի զինվորի ընտանիքն է ուզում, որ ազատեն իրեն»:
Հ. Գ. - «Ազգային ինքնիշխանությունն ու պետականությունը ժամանակակից միջազգային իրավունքում. Հստակեցման անհրաժեշտությունը» զեկույցն ու դրա առնչությամբ ԵԽԽՎ երեկվա քննարկումը հետաքրքրական դրույթների էին առնչվում: Մասնավորապես, ըստ զեկույցի ամփոփման, պետականության հասկացության ու օրինական անջատման, բաժանման ոչ հստակ ձեւակերպումները «նպաստել են մի շարք անջատողական շարժումների առաջացմանը` դրանով վտանգելով խաղաղությունը, կայունությունը ու գոյություն ունեցող պետությունների տարածքային ամբողջականությունը, նաեւ Եվրոպայում»:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը մի շարք փոփոխություններ էր ներկայացրել այս բանաձեւի առնչությամբ: Բանաձեւի այլ դրույթների ու փոփոխությունների քննարկման մասին կարդացեք «Ազգի» վաղվա համարում: