«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2011-10-01 | #175, 2011-10-04 | #176, 2011-10-05


ԼԻԲԱՆԱՆԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԲԻՀ ԲԸՐՐԻՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Երեկ Հայաստանի խորհրդարանում ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան այցելած Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին:

Լիբանանի խորհրդարանի նախագահը նշեց երկու երկրների միջեւ կնքված եւ ամենատարբեր ոլորտներ ներառող ավելի քան 20 համաձայնագրերի, Հայաստանի հետ կամուրջ հանդիսացող եւ Հայաստանի համալսարաններն ավարտած 2000-ից ավելի լիբանանցի շրջանավարտների մասին: Ասաց, թե երկու երկրների առեւտրային եւ տնտեսական կապերը զիջում են ժողովուրդների միջեւ առկա հարաբերությունների մակարդակին: Նա կոչ արեց ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ներուժ տեսավ զբոսաշրջության ոլորտում: Նա խոսեց արաբական աշխարհին եւ մասնավորապես իր երկրին ներկայացվող այժմյան մարտահրավերներից, ապա անդրադարձ արեց հայ-թուրքական հարաբերություններին, նշելով, որ «Թուրքիայի «Զրո խնդիրներ» քաղաքականությունը հարեւան երկրների հետ զիջումներ է պահանջում յուրաքանչյուր երկրից. «Մաղթում ենք, որ Թուրքիայի խորհրդարանը շտապի եւ ձեր երկու երկրների միջեւ ավելի քան երկու տարի առաջ ստորագրված համաձայնագրերը վավերացնի: Արաբական մեր ժողովուրդների շահերից է բխում փակված տեսնել բոլոր տեսակի անհամաձայնությունների էջերը եւ ընդառաջ գնալ տեւականորեն բաց պահելու Հայաստանի եւ Թուրքիայի ցամաքային սահմանները եւ շուտափույթ համաձայնության հասնելու Ղարաբաղի հարցով` հաշվի առնելով հիշյալ գոտու բնակիչների տեսակետը, եւ բարիդրացիական անբողջական հարաբերություններ հաստատել միմյանց հետ», ասել է Նաբիհ Բըրրին:

Մ. Խ.

***

Նախ եւ առաջ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ` իմ բարեկամ Հովիկ Աբրահամյանին եւ Ազգային ժողովի հարգարժան անդամներին ինձ եւ պատվիրակությանը ձեր գեղեցիկ երկիրը հրավիրելու, ինչպես նաեւ ձեր ջերմ ընդունելության, ջերմ հյուրընկալության, բացառիկ արարողակարգի, ինչպես նաեւ ՀՀ վսեմաշուք Նախագահի հետ հանդիպելու, այսօր ԱԺ նիստում ներկա գտնվելու եւ ելույթով դիմելու հնարավորության համար:

1997թ. սեպտեմբերին պատիվ ունեցա այցելելու ձեր սիրելի երկիրը` Հայաստան` գլխավորելով առաջին պաշտոնական եւ բարձրաստիճան պատվիրակությունը:

Այդ այցելության ընթացքում առիթ ունեցա ծանոթանալու ձեր ազգային նպատակներին եւ ձգտումներին, ժողովրդավարության հաստատմանն ու միջազգային կապերի զարգացմանն ուղղված ձեր ստանձնած պարտավորությանը:

Այսօր, ինչպես իմ նախորդ այցելության ընթացքում, ես կրկին իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեր երկրին, որը մշտապես կանգնած է եղել արաբական երկրների կողքին եւ զորակցել Լիբանանին` դիմագրավելու իսրայելյան ագրեսիան: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, որովհետեւ մենք եւս ենթարկվել ենք ցեղասպանության:

Այս կապակցությամբ Լիբանանի Ազգային ժողովը կոչ է ուղղել իր ժողովրդին հարգանքի տուրք մատուցելու բարեկամ հայ ժողովրդի անմեղ նահատակների հիշատակին:

Այսօր մենք վերահաստատում ենք Լիբանանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների եւ փոխըմբռնման խորությունը եւ հաստատում բոլոր ոլորտներում այդ կապերը զարգացնելու մեր պատրաստակամությունը:

Հայաստանի եւ Լիբանանի հասարակությունների միջեւ շատ ընդհանրություններ կան, որոնցից գլխավորը մեր երկու ժողովուրդների սերն է հայրենիքի հանդեպ եւ նրանց պատրաստակամությունը իրենց կյանքը զոհաբերելու հանուն սրբազան գաղափարների: Անցյալ դարասկզբի արյունալի դեպքերի, պատմության արշալույսից սկսած սովի, աղքատության, պատերազմների, այս տարածաշրջանում քաղաքական նոր կարգեր եւ սահմաններ հաստատելու ձգտումների պատճառով հայ եւ լիբանանյան մարդկային ներուժը այսօր փռված է աշխարհով մեկ:

Մեր երկու երկրների միջեւ գոյություն ունի մարդկային կապերի մի այնպիսի կամուրջ, ինչպիսին են Լիբանանի հայերը, որոնք մեծ ավանդ ունեն Լիբանանի հասարակական եւ պետական կյանքում:

Մեր երկու երկրների ժողովուրդները ձգտում են ազգային ժողովրդավարություն կառուցել իրենց հայրենիքներում եւ հենվում են Սահմանդրության եւ օրենքների վրա: Մենք ունենք պատմական մեծ փորձառություն, որը թույլ է տալիս դիմակայելու միջազգային սադրանքներին եւ չվերադառնալու իմպերիալիզմի եւ գաղութարար բռնազավթումների ժամանակաշրջան: Այդ փորձը մեզ թույլ է տալիս համարձակորեն դիմագրավել ՆԱՏՕ-ի եւ Իսրայելի քաղաքական այն ծրագրերին, որոնք նպատակաուղղված են վերաձեւելու Միջին Արեւելքը եւ այստեղ գերիշխանություն հաստատելու:

Մեր երկու երկրների միջեւ կնքված են ավելի քան 20 համաձայնագրեր եւ պայմանագրեր, որոնք ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ: Ուզում եմ կարեւորել նաեւ Հայաստանի համալսարաններն ավարտած ավելի քան 2000 լիբանանցի շրջանավարտների դերը, որոնք կամուրջ են հանդիսանում երկու երկրների միջեւ:

Եվ ամենակարեւորը, Հայաստանի եւ Լիբանանի խորհրդարանները մեկուկես տարի առաջ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի Ազգային ժողովի վսեմաշուք նախագահ Հովիկ Աբրահամյանի` Լիբանան կատարած այցելության ընթացքում: Սույն հուշագիրը ենթադրում է նաեւ մեխանիզմների մշակում երկու ժողովուրդների միջեւ կապերը եւ բարեկամությունը ամրապնդելու համար:

Անուրանալի փաստ է, որ հայերը եւ արաբները պատմականորեն իրար հետ սերտորեն կապված են, որովհետեւ Միջին Արեւելքի ամենահին եւ քաղաքակրթված ժողովուրդներից են, հազարավոր տարիներ մնացել են պատմության թատերաբեմին, երբ ուրիշ շատ ժողովուրդներ անհետացել են պատմության էջերից:

Արդարեւ, մեր երկու ժողովուրդների պատմական ճակատագիրն է եղել պայքարել գաղութատիրության, հալածանքների, խտրականության դեմ` անկախության եւ ինքնիշխանության համար:

Վսեմաշուք պարոն նախագահ,

Հարգելի պաշտոնակիցներ,

Պետք է խոստովանենք, որ մեր երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային կապերը զիջում են մեր ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների մակարդակին: Նույնիսկ չեմ ցանկանում հիշատակել այն համեստ թվերը, որոնք արտահայտում են այդ հարաբերությունները:

Այս ամբիոնից կոչ եմ անում Լիբանանի եւ Հայաստանի կառավարություններին ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Մեծ ներուժ եմ տեսնում զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության համար: Երեւանը կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն նախկին խորհրդային տարածքում` դեպի Լիբանան զբոսաշրջությունը ակտիվացնելու համար եւ միաժամանակ կարող է դառնալ մեզ համար նախադուռ դեպի ԱՊՀ երկրներ:

Լիբանանը կարող է Հայաստանի համար հենարան լինել արաբական եւ Միջերկրածովյան ավազանի երկրների հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում:

Վսեմաշուք պարոն նախագահ,

Հարգելի ներկաներ,

Մենք` որպես Միջին Արեւելքում իրական դերակատարներ, պետք է զինված լինենք լավատեսությամբ` կարողանալով իրողությունները գնահատել իրատեսորեն եւ մեր քայլերը պետք է ուղղված լինեն ապագային:

Եվ մենք հստակորեն նկատում ենք, որ բազմաբնույթ արտաքին ճնշումներ են գործադրվում մեր երկրների վրա, ինչպես նաեւ կրկնվող փորձեր եւ ջանքեր են ներդրվում` շահագործելու Միջին Արեւելքի ժողովրդական շարժումները` մի շարք քաղաքական կարգեր հափշտակելով յուրացնելու եւ ուղեկից կարգեր եւ ապագայամետ արտաքին քաղաքականություններ առաջացնելու միտումով, որոնք համընկնում եւ ծառայում են օտարների շահերին ու մեր մարդկային եւ բնական հարստությունները թալանելու եւ խլելու դուռ են բացում:

Մենք նկատում ենք, թե ինչպես միջազգային տերմինների գործածությամբ զոհ է գնում պետությունների հստակ քաղաքական ուղղվածությունը միջազգային քաղաքական հեղինակավոր որոշումների ոլորտում, որոնք աչք են փակում` չտեսնելու ամենօրյա մարդկային իրավունքների ոտնահարումը Իսրայելի կողմից եւ նրանց` մարդկության դեմ գործադրված ամենօրյա շարունակական ոճիրները:

Մենք տեսնում ենք, թե ինչպես Միջազգային Որոշումի Իշխանությունը ամբաստանյալի աթոռին է նստեցնում արաբական ռեժիմն ու հասարակարգը եւ դատապարտում նրան` մեղադրանքների եւ ամբաստանությունների ցուցակ-ցանկերով` յուրաքանչյուր երկրի անջատաբար ծնկի բերելու նպատակով` դեպքերի բեմահարթակը փոխադրելով արաբական մի երկրից մյուսը, արաբական զանազան ռեժիմի երկրներում կիրառելով «Բաժանիր, որ տիրես»-ի քաղաքականությունը` դրանով հանդերձ որոշելով յուրաքանչյուրին վճարելիք ապրանքագրի գինը: Այս գործընթացն իր ժխտական արդյունքներով չի կարող ամրացնել եւ պաշտպանել որեւէ արաբական ռեժիմ, որն աստիճանաբար կորստի պիտի մատնվի առանց արաբական աշխարհի որեւէ հատուկ երկիր փրկելու. իսկ կորստի գործընթացը տարբերվում է միայն վայրի եւ ժամանակի կանխորոշմամբ:

Բնականաբար, մենք դեմ չենք տարածաշրջանի ժողովուրդների արդարացի պահանջները գոհացնելուն, որոնք առնչվում են արդար եւ ժողովրդավարական իշխանություն հաստատելու եւ այն թափանցիկ գործադրելու, սահմանադրական օրենքները եւ կանոնները հարգելու հետ: Մենք հաստատապես զորակցում ենք վերոնշյալ պահանջների գոյառմանը եւ հաղթանակմանը:

Մյուս կողմից, հարկ է, որ զորացնենք արաբական գոտիների դիմադրությունը, որպեսզի կարողանանք դեմ կանգնել սպառնալիքներին եւ աշխարհագրական, մարդկային եւ հաստատությունների հավանական ավերումներին:

Վսեմաշուք պարոն նախագահ, հարգելի ներկաներ,

Աչքի առաջ պետք է ունենալ Միջին Արեւելքի ժամանակակից իրավիճակը, Միավորված ազգերի կազմակերպությունում պաղեստինյան պետության փաստացի ճանաչման ուղղությամբ տարվող պայքարը, իսրայելյան ռասիստ -ցեղապաշտական արարքների կիրառումը պաղեստինցի ժողովրդի դեմ, քաղաքական -ընկերային զարգացումները, որոնց ականատես ենք դառնում մեկից ավելի արաբական երկրներում:

Նկատի ունենալով վերոնշյալ բոլոր իրավիճակները` պարզ է դառնում, որ երկար ժամանակ է պետք տարածաշրջանային իրավիճակի կայունացմանը հասնելու համար:

Արդարեւ, Միջին Արեւելքում հաստատված չէ դեռեւս ներքին խաղաղություն եւ կայունություն, եւ պաղեստինցի ժողովրդին մնում է իրականացնել իր սրբազան իրավունքը համաժողովրդական պայքարի միջոցով:

Նմանապես, Լիբանանի սրբազան իրավունքն է պահպանել դիմադրությունը` վերահաստատելու իր օրինական սահմանները` դիմագրավելով Իսրայելի կրկնվող խախտումները:

Նաեւ Սիրիայի իրավունքն է շարունակելու իր դիմադրությունը Իսրայելի դեմ` վերատիրանալու գրավյալ Գոլանը եւ վերականգնելու 04 հունիսի, 1967 թ-ի սահմանները:

Կրկնում եմ իմ խոսքերը, որ արտասանել եմ ձեր Ազգային ժողովում իմ նախորդ ացելության ընթացքում եւ զգուշացրել, որ Իսրայելը միշտ ձգտում է խուսափել արդար եւ ամբողջական խաղաղություն հաստատելու ժամկետից` հիմնվելով տարածքների փոխանակման սկբունքի վրա:

Անցյալում ստորագրվել են «Օսլոյի» եւ «Ուադի Ալ-Արաբա»-ի համաձայնագրերը, եւ նախկին փորձերը փաստել են, որ Իսրայելի դեպքում որեւէ համաձայնագրի յուրաքանչյուր կետ կարիքը ունի վերահամաձայնեցման:

Երեւութապես Իսրայելը նահանջել է Գազայից, սակայն նա գրավել է Գազայի գոտին դրսից` շրջափակմամբ, հրետանու ռմբակոծմամբ եւ պաղեստինյան արեւմտյան ափի շրջանների դեմ շարունակական ռազմարշավեր կազմակերպելով: Իսրայելը օգտագործում է հալածանքի եւ հետապնդման իրավունքը յուրաքանչյուր պաղեստինցու դեմ պաղեստինյան գոտում:

Այսօր Իսրայելը ամբողջացնում է Նեկեւի արաբների վտարումը 1940 թ-ից ի վեր օկուպացված հողերից եւ ծրագրում է «պաղեստինցիների տրանսֆեր» տեղահանումը իրականացնելու այսպես կոչված «կանաչ գիծ» գոտիների ներսից եւ դա ապահովելու համար Իսրայելի տարածքի մաքրազտում է իրականացնում ոչ հրեա տարրերից եւ փորձում ստեղծել «կրոնական գոյության հիմունքով» երկիր. սա քաղաքականություն է, որը Միջին Արեւելքում կրոնական պատերազմների է հասցնում:

Անցյալի իրավիճակները հաստատել են, թե այն խաղաղությունը, որը հիմնված չէ արդարության վրա, չի գոյատեւի:

Օրինակ, եգիպտացի ժողովուրդը հակառակ Քամփ Դեւիդի համաձայնագրի` մերժեց բնականոնացման պրակտիկայի կիրառումը, որովհետեւ արաբ եղբայրների եւ մասնավորաբար պաղեստինցիների իրավունքները չեն իրագործված:

Դեռեւս 14 տարի առաջ ձեր հարգարժան խորհրդարանում հաստատել էի, թե Լիբանանը, ինչպես նաեւ Սիրիան ամրորեն որդեգրել են այն հիմնարար սկզբունքները, որոնք ապահովում են իրենց ազգային, հողային, բնական հարստությունների եւ ջրային կենսական գերիշխանությունը:

Մինչեւ օրս Լիբանանը տակավին չի իրագործել Միջերկրական ծովի իր ծովային սահմաններում գտնվող նավթի եւ բնական գազի հարստությունների պեղումները եւ արդեն Իսրայելը սկսել է ծովահենությունը մեր երկրի տնտեսական գոտու հարստությունների դեմ: Այդ թվականին ասել են եւ այսօր էլ կրկնում են, թե մենք հանձնառու ենք միջազգային թիվ 425 որոշմանը, իսկ ներկայում թիվ 1701 որոշման գործադրմանը: Սակայն Իսրայելն է, որ անտեսում է իր Միջազգային հանձնառությունները եւ ամեն օր խախտում է դրանք: Այս պատճառաբանությամբ գոյություն ունի դիմադրությունը եւ մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ առկա են Իսրայելի սպառնալիքները, նա գրավել է մեր հողերը եւ սպառնում է խախտել մեր իրավունքները:

Վսեմաշուք պարոն նախագահ, հարգարժան բարեկամներ, մենք մեր ուրախությունը արտահայտել ենք 2008 թ. սկսված հայ-թուրքական բանակցությունների կապակցությամբ: Թուրքիայի «Զրո խնդիրներ» քաղաքականությունը հարեւան երկրների հետ զիջումներ է պահանջում յուրաքանչյուրի կողմից, ի շահ ժողովուրդների տնտեսական զարգացման եւ սոցիալական կյանքի վերելքի:

Մաղթում ենք, որ Թուրքիայի խորհրդարանը շտապի, ձեր երկու երկրների միջեւ ավելի քան երկու տարի առաջ ստորագրված համաձայնագրերը վավերացնելու: Արաբական մեր ժողովուրդների ամբողջական շահերից է բխում փակված տեսնել բոլոր տեսակի անհամաձայնության էջերը եւ ընդառաջ գնալ տեւականորեն բաց պահելու Հայաստանի եւ Թուրքիայի ցամաքային սահմանները եւ շուտափույթ համաձայնության հասնելու Ղարաբաղի հարցով` հաշվի առնելով հիշյալ գոտու բնակիչների տեսակետը եւ բարիդրացիական ամբողջական հարաբերություններ հաստատել միմյանց հետ: Մենք բարիդրացիական հարաբերությունների համատեքստում մերժում ենք որեւէ պետության ապօրինի բռնատիրությունը այլ պետության դեմ, միաժամանակ մերժում ենք միջամտությունը ցանկացած պետության ներքին գործերին, մասնավորապես ինչ վերաբերում է «կառուցողական անիշխանություն» հասկացությանը, Սիրիայի սահմաններ ներխուժմանը եւ տարբեր բռնարարքների գործադրմանը, այնինչ նշանակալից զարգացում ենք նկատում ՆԱՏՕ-ի ատլանտյան հանձնառություններում:

Մենք զգուշացնում ենք ոտնձգություն չկատարել Սիրիայի կամ տարբեր երկրների դեմ, որովհետեւ այդ արարքները անդրադառնալու են ամբողջ տարածաշրջանի վրա, փորձ, որ արդեն բաժանված շրջանը վերաբաժանելու ախորժակ է բացելու: Բոլորիս կենսական շահերից է բխում, որ Սիրիան օրինակելի երկիր լինի Միջին Արեւելքում, ժամանակակից դեմոկրատական երկիր, զարգացած, զորավոր եւ ավերումները կանխող` կազմելով պարիսպ Իսրայելի թշնամական արարքների դեմ` այսպիսով իրագործելով ցանկացած հավասարակշռություն եւ արդար ու ամբողջական խաղաղություն հաստատելով Միջին Արեւելքում:

Վսեմաշուք պարոն նախագահ, սիրելի եւ հարգելի պաշտոնակիցներ, թերեւս երկարեցրի խոսքս, սակայն ավելի քան անհրաժեշտ էր լուսաբանել ամբողջ շրջանին սպառնացող իրավիճակը, առավել եւս միջոցներ ձեռնարկել ակտիվացնելու մեր երկու երկրների հարաբերությունները, ինչը կոչված է պաշտպանելու տարածաշրջանի ժողովուրդների, առավել եւս Հայաստանի եւ Լիբանանի ժողովուրդների շահերը:

Կեցցեք:

Կեցցե Հայաստանի Ազգային ժողովը,

Կեցցե Հայաստանը,

Կեցցե Լիբանանը:

Ոչ պաշտոնական թարգմանություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4