«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2011-10-01 | #175, 2011-10-04 | #176, 2011-10-05


ՌՈՒՄԻՆԻԱՆ ՆԱՏՕ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ Է

Մեր երկրում Ռումինիայի դեսպան տիկին Կրինա Պրունարիուն 10 օրվա մեջ երկրորդ ասուլիսը տվեց: Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին Ռումինիայի դեսպանը Մամուլի ազգային ակումբի հյուրն էր, որտեղ ընդգծեց իր երկրիՙ Ադրբեջանում ունեցած էներգետիկ շահը, երեկ էլ տիկին Պրոնարիուն Երեւանում ՆԱՏՕ-ի գրասենյակում էր: Երեկվա ասուլիսում էլ տիկին դեսպանը շեշտեց Ռումինիայի «էներգետիկ շահերի» մասին. «Ռումինիային եւ Ադրբեջանին կապում են էներգետիկ անվտանգության խնդիրները, այստեղից էլ մյուս նրբերանգները: Դա անհնար է ժխտել: Բայց քաղաքական առումով Ռումինիան փորձում է քաղաքական հավասարակշռություն պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Երբեմն դա հաջողվում է, երբեմն` ոչ», երեկ հայտարարեց Պրունարիուն:

ՆԱՏՕ-ի գրասենյակում Ռումինիայի դեսպանն անդրադարձել է ԼՂ հիմնահարցին` շեշտելով, սակայն, որ «այս հարցը, ինչպես բազմիցս հայտարարել է ՆԱՏՕ-ն, դաշինքի կոմպետենտության շրջանակներում չէ»: Այդուհանդերձ դեսպանն ընդգծել էՙ դաշինքը գտնում է, որ «հակամարտությունը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների` ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հիման վրա: Չպետք է մոռանալ, որ ԼՂ հակամարտության կարգավորումը խիստ կարեւոր է տարածաշրջանի ընդհանուր զարգացման համար», ասել է դեսպանը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ընդգծմանը ՄԱԿ-ի ամբիոնից, թե «ԼՂ հակամարտության յուրաքանչյուր կողմից հակաօրինական ուժի կիրառման պարագայում Մոսկվան պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», Ռումինիայի դեսպանը ՆԱՏՕ-ական ամբիոնից հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ. «Պարոն նախարարի այս խոսքերի մեջ ես Ռուսաստան-ՆԱՏՕ որեւէ հակասություն չեմ տեսնում: Կարծում ենք, որ ԼՂ հակամարտության գործում խաղաղություն ապահովելու համար Ռուսաստանն ունի բավական ուժեղ լծակներ: Պետք չէ մոռանալ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4