«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2011-10-01 | #175, 2011-10-04 | #176, 2011-10-05


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՄՆԵԶԻԱՆ

Ղարաբաղյան բանակցային գործընթացի ակտիվությունը, ըստ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, պակասել է հիմնականում ամառային արձակուրդների պատճառով: «Թրենդ» ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում Մամեդյարովը վերջին շրջանում հիշողության ոչ բավարար դրսեւորումներին ավելացրել է եւս մեկը, քանի որ Կազանի` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը այս տարվա հունիսին էր, որից հետո Ադրբեջանն ի դեմս կրտսեր Ալիեւի մեկնարկեց հանդիպումներից խուսափելու, իսկ հանդիպելու դեպքում էլ` նոր առաջարկներով հանդես գալու մարտավարությունը:

Ինչեւէ, Մամեդյարովի հարցազրույցում վերը նշվածը միայն բլթոցը չէ: Պնդումները, թե որքան խաղաղասեր է Ադրբեջանը հակամարտությունը կարգավորելու հարցում, կարող են միայն ծիծաղի տեղիք տալ, իսկ այն, որ, ըստ Մամեդյարովի, Մինսկի խմբի ձեւաչափը` ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, լավագույն սպասելին է, հարկ է, որ ներկայացվի նաեւ արտգործնախարարի տեղակալներին, որոնք հաճախ են տրամագծորեն հակառակն ասում:

«Պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասում բազմաթիվ շահեր են բախվում: Ամեն անգամ նոր տարրեր են հայտնվում, որ, օրինակ, գազային նախագծերի գործոնի նման, մի կողմից օգնում են կարգավորմանը, մյուս կողմից` կարող են խոչընդոտել», ասել է Մամեդյարովը, ավելացնելով. «Եթե սթափ մոտենանք, ապա լավագույն ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներով, որը պետք է, ես կասեիՙ պարտավոր է խաղաղություն ու կայունություն բերել տարածաշրջան»:

Մամեդյարովի խոսքերում 2008-ի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից դաս քաղելու մտքեր կարելի է նկատել. «Անկասկած, պատերազմը ահավոր աղետ է: Մենք դա տեսել ենք 90-ականներին եւ վերջերս` 2008-ին»: Իսկ այն, որ Մամեդյարովի մեկնաբանությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարությունները «անտրամաբանական են», ստիպում է Ադրբեջանի համար մեկ դիվանագետին հիշեցնել, թե ինչի շուրջն է նույն Ադրբեջանը բանակցում: Խոսքը հելսինկյան երեք սկզբունքների մասին է, որոնցից երկուսի` ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առնչությամբ Ադրբեջանը շարունակական ամնեզիա է ցուցաբերում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4