Արմավիրի մարզում պաշտպանության նախարարության մեքենան վթարի է ենթարկվել: Ավտոմեքենայում գտնվող վեց զինծառայողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արմավիրի հիվանդանոց: Հենց հիվանդանոցում ժամկետային զինծառայող` 21-ամյա Հայկ Արշակի Դավթյանը մահացել է: Մյուս զինծառայողները տեղափոխվել են ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
ՊՆ-ից հայտնում են, որ փաստի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով (մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնների խախտում) ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշված հոդվածով հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ավագ լեյտենանտ Համլետ Հմայակի Վիրաբյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հ. Ա.