Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ կբավարարի էլեկտրաէներգիայի իր պահանջարկը եւ կունենա ավելցուկ
Արցախ ՀԷԿ-ի բաժնետոմսերի 3-րդ թողարկմանը նվիրված միջոցառում երեկ տեղի ունեցավ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը: Բացման խոսքով հանդես եկավ եւ Արցախ ՀԷԿ-ի բաժնետոմսների թողարկման մասին մանրամասներ հայտնեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
ԼՂՀ վարչապետը նշեց, որ խորհրդային տարիներին կառուցված Սարսանգի ջրամբարը նպատակ ուներ ոռոգելու ադրբեջանական շրջանների հողերը: Ներկայումս, Արա Հարությունյանի բնորոշմամբ, այն Լեռնային Ղարաբաղի ստացած միակ ժառանգությունն է Խորհրդային Միությունից, որի վրա կառուցված ՀԷԿ-ն էլ Արցախ ՀԷԿ-ի հիմնական ակտիվն է: Այստեղ արտադրվում է տարեկան 100 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, մինդեռ Լեռնային Ղարաբաղի պահանջարկը 240 մլն կվտ/ժ է:
Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ Արցախ ՀԷԿ-ի ստեղծման ժամանակՙ 2007-ին խնդիր կար ներդրումներ ներգրավելու հարցում: Խոշոր ներդրողներ չկային, եւ որոշում ընդունվեց ներդրումներ ներգրավել ընկերությունը բաց բաժնետիրական դարձնելու եւ բաժնետոմսեր թողարկելու միջոցով: Առաջին թողարկումը տեղի ունեցավ 2008-ին, որի ժամանակ ներդրվեց 800 մլն դրամ, երկրորդ թողարկումըՙ 2010-ինՙ 1,4 մլրդ դրամ, երրորդ թողարկումից ակնկալվում է ներգրավել 3,6 մլրդ դրամ: Այս գումարների շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հյուսիսում կառուցվում են նոր ՀԷԿ-եր: 2010-ին կառուցվել է Թրղե-1 ՀԷԿ-ը, շինարարության ընթացքում են Թրղե-2, Մատաղիս-1 եւ Մատաղիս-2 ՀԷԿ-երը: Դրանց շահագործման արդյունքում Արցախում արտադրվող էլեկտրական էներգիան կկազմի տարեկան 300 մլն կվտ/ժ, բավարարելով հանրապետության ամբողջ պահանջարկը, իսկ ավելցուկն էլ կվաճառվի Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերին:
Ինչպես հայտնեց Արա Հարությունյանը, Լեռնային Ղարաբաղում այս ՀԷԿ-երի շինարարության ընթացքում ստեղծվեցին հարյուրավոր նոր աշխատատեղեր, որից մոտ 100-ըՙ հիմնական աշխատատեղ: Պատերազմից ավերված այս տարածաշրջանի գյուղերը ներկայումս Արցախի ամենարագ զարգացող բնակավայրերն են: Խոսելով ներդրողների ստացած շահութաբերության մասին, ԼՂՀ վարչապետը տեղեկացրեց, որ նրանք ստացել են տարեկան 10 տոկոս շահաբաժին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ