«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2011-10-04 | #176, 2011-10-05 | #177, 2011-10-06


«ՀԱՎԱՔՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ, ԲԱՅՑ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ»

Այս մասին, խոսելով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի շուրջօրյա հավաքների վերաբերյալ, երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով, Ազատության հրապարակի հանրահավաքները ինքնաբուխ չեն կարող դիտարկվել, քանի որ նման միջոցառման մասնակիցները չեն կարող գալ հրապարակ եւ օրերով նստելովՙ ինքնաբուխ հավաք անցկացնել»: «Ցանկացած իրավունք ենթադրում է իրականացման որոշակի կարգ, որը այս պարագայում խախտվել է: Գործ ունենք խաղաղ, բայց անօրինական հավաքի հետ, որովհետեւ օրինական հավաքը, եթե հարյուր հոգուց պակաս է կամ ինքնաբուխ հավաք չէ, ենթադրում է լիազոր մարմնի իրազեկում, որը այս պարագայում չունենք», ասել է նախարարը` վկայակոչելով հավաքների ազատության մասին օրենքը, որի համաձայն սահմանված է ինքնաբուխ միջոցառման տեւողության կոնկրետ ժամկետՙ 6 ժամ: Ինչ վերաբերում է հրապարակում վրանների տեղադրմանը, ապա, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Թովմասյանը ասել է. «Վրանների տեղակայումը ինքնին կապ չունի հավաքների ազատության իրավունքի բովանդակության հետ»: Հաջորդ հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունը հող չի՞ նախապատրաստում միջազգային կառույցներից հերթական քննադատությանն արժանանալու համար, եթե միջոցառումներ ձեռնարկվեն այդ հավաքները կասեցնելու ուղղությամբ, նախարարը արձագանքել է. «Կա սահմանադրություն, կան միջազգային ստանդարտներ, եւ եթե դու գործում ես այս շրջանակներում, որեւէ մեկը քեզ այս առումով չի քննադատելու: Քանի դեռ (հավաքը) խաղաղ բնույթ է կրում, եւ անհամաչափորեն չեն խախտվել այլոց իրավունքները ու ազատությունները, այդ հավաքները կընթանան: Բայց այն պահին, երբ կշեռքի երկու նժարներին կդրվեն մի կողմից մարդկանց մի խմբի որոշակի իրավունքներ, մյուս կողմից` այս խմբի հավաք անցկացնելու իրավունքը, եւ եթե գնահատվի, որ առաջինը ավելի ծանրակշիռ է, այդ դեպքում սա կսահմանափակվի: Հավաքների ազատությունը իր կարեւորությամբ, նշանակությամբ հանդերձ ժողովրդավարական երկրում այնուամենայնիվ սահմանափակման ենթակա իրավունք է»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4