Տեղի կունենա «Դիջիթեք» ամենամյա ցուցահանդեսը
Հոկտեմբերի 7-9 Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Դիջիթեք» ամենամյա ցուցահանդեսը, որին, երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադարձան Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությւան (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ցուցահանդեսի պլատինե հովանավոր «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը:
Խոսելով հերթականՙ 7-րդ «Դիջիթեք»-ի մասին, Կարեն Վարդանյանը հայտնեց, որ անցյալ տարվա համեմատ շուրջ 70 տոկոսով ավելացել է ներկայացված ընկերությունների քանակըՙ 68-ից հասնելով 115-ի: Նա ակնկալեց, որ կավելանա նաեւ ցուցահանդես այցելողների թիվըՙ հասնելով 18-20 հազարի: ԻՏՁՄ գործադիր տնօրենը «Դիջիթեք»-ն անվանեց տոն տեխնոլոգիական հանրության համար, ասելով, որ այն եւս ոգեւորության առիթ է, ինչպես անկախության օրվա ռազմական շքերթը: Նրա ներկայացմամբ, մասնակիցների թվում են նաեւ ընկերություններ Ռուսաստանից, Թայվանից, Լեհաստանից եւ Սինգապուրից: Բացի դրանից, հայկական ընկերությունները ներկայացնելու են իրենց գործընկեր արտերկրյա ընկերություններին:
Ռալֆ Յիրիկյանը տեխնոլոգիաները համարեց մարտահրավեր այսօրվա եւ հատկապես ապագայի համար, որոնց տիրապետելու դեպքում միայն կհաղթահարվեն դժվարությունները: Ըստ նրաՙ ցուցահանդեսն օգնում է, որ հաղթահարվեն այդ դժվարությունները: «Սա է պատճառը, որ «Վիվասել-ՄՏՍ»-ն կանգնած է ցուցահանդեսի կողքին», ասաց ընկերության գլխավոր տնօրենը: Նա նաեւ կարեւորեց դրսի ընկերությունների մասնակցությունը, որը փորձի փոխանակման հարուստ հնարավորություն է տալիս:
«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանի խոսքերովՙ այս անգամ կներկայացվեն «շատ մեծ գործեր եւ ինժեներական լուծումներ»: Նա նշեց, որ 2006-ից համագործակցում է «Դիջիթեքի» հետ, եւ կարեւորեց ցուցահանդեսը, որը կոգեւորի երիտասարդությանը ստանալու ինժեներական կրթություն:
Ա. Մ.