«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2011-10-04 | #176, 2011-10-05 | #177, 2011-10-06


ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ

Մեր իրականության մեջ քաղաքական այս կամ այն ուժի, անհատ գործիչի կողմից մամուլի ու հատկապես տպագիր մամուլի նկատմամբ դատական արշավները, ցավոք, ոչ ոքի էլ չեն զարմացնում: Այս թեմայով երեկ «Հայելի» ակումբում ասուլիս էին հրավիրել իրենց դեմ դատական մի քանի հայցեր ունեցող «Հրապարակ» եւ «Ժամանակ» թերթերի գլխավոր խմբագիրները` Արմինե Օհանյանն ու Արման Բաբաջանյանը: Արմինե Օհանյանի դիտարկմամբՙ մամուլի դեմ դատական հայցը մեր օրերում կարող է լինել անգամ «արտառոց, անհեթեթ». «Մեր երկրում այնպիսի պղտոր իրավիճակ է ստեղծվել, որ կարող են դատի տալ ուրիշի հոդվածի, ուրիշ տեղից արտատպած նյութի կամ թարգմանության համար: Բացի սրանից, դատարան կարող է դիմել մի մարդ, որը ամբողջ կյանքում օրինախախտումներ է արել, ու թերթի «մեղքն» այն է, որ այդ օրինախախտումների ինչ-որ մասը հայտնաբերել ու լուսաբանել է», ասաց «Հրապարակի» գլխավոր խմբագիրը: Օհանյանը նշեց, որ այժմ իրենց թերթի դեմ կան երեք դատական հայց եւ «եւս երեքի սպառնալիք», ինչը կարող է հարցականի տակ դնել «Հրապարակի» հետագա հրատարակումը: Միեւնույն ժամանակ Օհանյանը նկատեց, որ դատարան ընդդեմ մամուլի դիմում են միայն օլիգարխները, «այնտեղ հասարակ մարդ չկա: Օրինակՙ այս ընթացքում մամուլի դեմ դատարան են դիմել ԱԺ պատգամավորներ Տիգրան Արզաքանյանը, Լեւոն Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Միկա Բաղդասարովը եւ այլք», նշեց Օհանյանը:

«Ժամանակի» գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վկայությամբՙ դատական երեք հայց էլ այսօր իրենց թերթի դեմ կա: Բաբաջանյանը հայտարարեց, որ ինքը առաջարկել է, որ գոնե «ընդդիմադիր թերթերը տպագրեն այն հոդվածները, որոնք առիթ են հանդիսացել մեզանից յուրաքանչյուրի դեմ դատական հայցով հանդես գալու համար». «Թող մեզ բոլորիս էլ դատի տան, ինչը, կարծում եմ, անհեթեթություն է: Միմյանց աջակցելով` մենք կզորացնենք այն թերթին, որի դեմ ռեպրեսիվ եւ հետեւողական պայքարում են օլիգարխներն ու իշխանության ներկայացուցիչները», նշեց Բաբաջանյանը: Երկու խմբագիրներն էլ նույն կարծիքին էին, որ թերթերը պետք է միահամուռ պայքարեն օլիգարխների դատական հայցերի դեմ:

Ի դեպ, պակաս կարեւոր չէ, այս ամենի հետ մեկտեղ, ձեռնամուխ լինել մամուլում ինքնամաքրման աշխատանքներին, որը պետք է իրականացնի ամեն թերթ իր ներսում: Միայն այս հիմքի վրա միահամուռ աջակցումը, կարծում ենք, կարող է եւ լինել հնարավոր:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4