ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հետաքրքրական պատահականությամբ, իսկ գուցե եւ ոչ պատահականորեն, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարությանը` «Մինչեւ տարեվերջ ՌԴ միջնորդությամբ չի ակնկալվում Հայաստանի ու Ադրբեջանի ոչ նախագահների, ոչ ԱԳ նախարարների հանդիպում», հաջորդեց Ֆրանսիայի նախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Նիկոլա Սարկոզի պետական այցը Երեւան: Սարկոզիի այցը տարածաշրջանային է, սակայն Երեւանում նա կանցկացնի երկու օր, Թբիլիսին ու Բաքուն Ֆրանսիայի նախագահին կհյուրընկալեն ընդամենը մի քանի ժամով: Այս հանգամանքը, ի դեպ, վրացական «Անկախ փորձագետների ակումբ»-ի նախագահ Սոսո Ցիսկարիշվիլիին «ստիպել է» «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին ասել, թե «Սարկոզին Հարավային Կովկաս այցի ընթացքում առավել կարեւորում է Հայաստան կատարելիք այցելությունը, քանի որ ֆրանսիական քաղաքական հարթակներում մեծ ազդեցություն ունի հայկական լոբբին»: Որ Սարկոզին իր Երեւան կատարած այցելությամբ շեշտադրումներ է անում ֆրանսահայերին իր կողմը գրավելու համար, մենք գիտեինք նաեւ թուրքական մամուլից: Մասնավորապես «Հյուրիեթը» օրեր առաջ գրեց. «Քանի որ կես միլիոն ֆրանսահայերը նախագահական ընտրություններում պաշտպանելու են սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդին եւ «նեղացած են» Սարկոզիից ցեղասպանության հարցում, ապա վերջինս խնդիր ունի գրավելու ֆրանսահայերի համակրանքը»: Հենց այս համատեքստում էլ տեղավորվում են երկու փաստերը. նախ` Ֆրանսիայի նախագահին Երեւան պետական այցի ընթացքում կուղեկցեն ֆրանսահայության մի շարք անվանի ներկայացուցիչներ, որոնց թվում` աշխարհահռչակ Շառլ Ազնավուրն ու Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հայազգի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը (հավանաբար վերջինս նաեւ ներկա գտնվի այսօր կայանալիք Հայաստան-Մակեդոնիա խաղին-Հ. Ա.): Երկուսն էլ այցի նախօրեին հարցազրույցներ են տվել ֆրանսիական մամուլին, մասնավորապես Ջորկաեֆը, ընդգծելով, որ հրավերը անձամբ նախագահ Սարկոզիից է ստացել, նշել էր, որ մեծ հուզմունքով է սպասում «իր ընտանիքի ծագման երկիր» 4-րդ այցելությանը:
Ինքըՙ Սարկոզին, նախքան Երեւան այցելելը «Մեդիամաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ընդգծել էր. «Ֆրանսիան հպարտ է, որ առաջինն է պաշտոնապես ճանաչել Ցեղասպանությունը օրենքի ուժով... եւ ամեն ոք պետք է համարձակություն ունենա կոչել այն իր անունով` ցեղասպանություն»: Բացի այն, որ Սարկոզին իր այս ձեւակերպմամբ առավելաբար «խոսում էր» ֆրանսահայերի հետ, Ֆրանսիայում նախագահի գլխավորած կուսակցությունը` UMP-ն, հիշեցրել է ֆրանսահայերին, որ սոցիալիստները, որոնց նախագահական թեկածու Ֆրանսուա Հոլանդին պաշտպանում են Սարկոզիից «հիասթափված» ֆրանսահայերը, հենց այն կուսակցության ներկայացուցիչներն են, որոնք «մինչեւ հիմա համարձակություն չեն ունեցել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Բացի սրանից` սոցիալիստների մեծամասնությունը ցանկանում է չխոչընդոտել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցությանը: Հետեւաբար սոցիալիստների` ձեզ հասցեագրված խոստումները պարզապես ամբոխավարություն են, այլ ոչ թե ժողովրդավարություն: Մենք ձեզ կոչ ենք անում չընկնել սոցիալիստների ծուղակը»: Փաստորեն` Սարկոզին իր Երեւան կատարած պետական այցով առավելապես նպատակ ունի գրավել կեսմիլիոնանանոց ֆրանսահայ համայնքը, հակառակ պարագայում ի՞նչը պետք է ստիպեր Ֆրանսիայի նախագահին եվրոգուտու համար այս դժվարին օրերին, նախագահական ընտրությունների եւ ընտանիքում համալրման շեմին այցելել Հայաստան, Հարավային Կովկաս:
Սակայն, անշուշտ, Սարկոզին տարածաշրջանում է նաեւ որպես Մինսկի խմբի համանախագահ: «Ազգը» արդեն անդրադարձել է նկատվող ֆրանսիական ակտիվությանը` ԼՂ հիմնահարցի միջնորդական ջանքերում: Պարզապես նկատենք, որ «Մեդիամաքսին» այս կապակցությամբ Ֆրանսիայի նախագահը ասել էր. «Հաճախ ավելի խիզախություն է հարկավոր խաղաղություն հաստատելու, քան պատերազմը շարունակելու համար: Չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս քվոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրեժխնդրություն եւ ամեն օր ավելի հեռացնում խաղաղության հասնելու հնարավորությունները: Ոչ մի երկիր չգիտի, թե ինչ է ԼՂ-ն Հայաստանի համար, Ֆրանսիայից լավ: Ժամանակն է լուծել հակամարտությունը, ես այս հորդորը փոխանցելու եմ նաեւ Բաքվում` նախագահ Իլհամ Ալիեւին, սակայն մենք կարող ենք ուղեկցել ձեզ, բայց չենք կարող խաղաղություն հաստատել ձեր փոխարեն», ահա եւ ֆրանսիական ակտիվության եւս մեկ ապացույց, եւս մեկ վկայություն, որ Սարկոզին տարածաշրջան է բերում «առաջարկություններ», մասնավորապես նա «հորդորելու է Բաքվում Իլհամ Ալիեւին», ու եւս մեկ «եվրոպական ընդգծում», որ ստատուս քվոն ամենամեծ վտանգն է: Սարկոզիի` խաղաղաբեր առաքելությանը անդրադարձել է նաեւ France 24 պարբերականը, նշելով, որ Ֆրանսիայի նախագահը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին` «խաղաղության ռիսկի գնալ եւ վերսկսել ԼՂ վիճարկելի տարածքի վերաբերյալ բանակցությունները»: Այստեղ էական մի տարր կա` «վերսկսել բանակցությունները...», փաստորեն հենց Սարկոզին պետք է փորձի միջնորդը լինել այս նոր «վերսկսմանը»: Բացի սրանիցՙ ֆրանսիական պարբերականը, պատմելով ԼՂ-ի մասին, ընդգծում է. «ԼՂ-ն որպես լեռնային տարածք հիմնականում բնակեցված է եղել հայերով եւ սովետական տարիներին տրվել է Ադրբեջանին»: Ուշագրավ ընդգծում է, այնպես չէ՞...
Ինչեւէ` Սարկոզիի այցին ավելի մանրամասնորեն կանդրադառնանք հաջորդ համարում, այժմ նշենք միայն, որ Ֆրանսիայի նախագահը երեկ հանդիպումներ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Երկրորդ Վեհափառի հետ, եղավ Մեծ Եղեռնի հուշահամալիրում, ծառ տնկեց: Երեւանում նախագահ Սարգսյանի հետ Սարկոզին կմասնակցի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը եւ, ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության, Հայաստանին կնվիրաբերի Օգյուստ Ռոդենի Լը'պաժի արձանը: Այսօր հենց վերոհիշյալ արձանի բացման արարողության ժամանակՙ առավոտյան ժամը 10-ին Երեւանում Ֆրանսիայի հրապարակում Նիկոլա Սարկոզին ելույթով կդիմի Հայաստանին ու հայ ժողովրդին. «Այս կապակցությամբ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ուրախ կլիներ, որ Ֆրանսիայի հրապարակը համախմբեր հայերի, որոնք հնարավորություն կունենան լսելու նրա ուղերձը, որի հայերեն թարգմանությունը կհեռարձակվի մեծ պաստառի վրա», տեղեկացնում են ֆրանսիական դեսպանատնից: