Թուրք-ադրբեջանական պատվիրակների ձայները բավարարում են ուզածդ թուղթ հայտարարություն դարձնելու համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 5-ի նիստի ամենավերջին հարց դրված Հայաստանի մասին զեկույցի ավարտին նախագահողը երեք գրավոր հայտարարություն ներկայացրեց, որոնցից երկուսը տարածել էին ադրբեջանցիները, մեկը նախաձեռնել էր Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Ազգը» երեկվա համարում անդրադարձել է ադրբեջանական պատվիրակության ներկայացրած հայտարարությանը, որը դեռեւս չհրապարակված` արդեն իսկ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, ընդ որում, ակնհայտ ստահոդությամբ, թե տարածվածը ԵԽԽՎ-ի քննադատությունն է արցախյան ընտրություններին, մինչդեռ, առանձնակի բութերի համար, նույն այդ հայտարարությունների տեքստը սկսվում է «այս գրավոր հայտարարությունը պարտավորեցնում է միայն այն անդամներին, որոնք այն ստորագրել են» պարտադիր տողով:
Ադրբեջանցի եւ թուրք վեհաժողովականների, ինչպես նաեւ վրացի, սլովեն ու իտալացի մի քանի պատվիրակների ընդամենը նվազագույն անհրաժեշտ 20 ստորագրությամբ մյուս հայտարարությունն էլ, նախորդի աճող տոկոսային «օկուպացիայի ու փախստականների» փոխարեն մեկ այլ ադրբեջանական անհեթեթություն է առաջ փորձում մղել` դատապարտելով իբր «խաղալիքի մեջ դրված պայթուցիկից զոհված ադրբեջանցի երեխայի» մահը:
Փոստանջյանի նախաձեռնած հայտարարությունը ստորագրել է վեհաժողովի 32 պատվիրակ: Ըստ այդմ, գրավոր թիվ 496 հայտարարությամբ պատվիրակները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակը եւ սերտ համագործակցության կոչ արել ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունների հետ: Հայտարարությամբ նշվում է, որ 20 տարի առաջ խորհրդային օրենքների ու միջազգային իրավունքի համաձայն անկախության իրավական որոշում կայացրին ոչ միայն Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, այլեւ Լեռնային Ղարաբաղը` իրականացնելով ինքնորոշման իրենց իրավունքը: Մինչդեռ նախորդ երեքի ԵԽ անդամ լինելու պարագայում` Արցախը անդամ չէ:
Հայաստանի, Բելգիայի, Ֆրանսիայի, Անդորրայի, Իտալիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Սլովենիայի, Իսպանիայի, Սերբիայի պատվիրակները հայտարարության մեջ շեշտել են, որ Արցախը, չնայած բոլոր դժվարություններին եւ առկա վիճակին, «ընդունել ու շարունակաբար հետեւում է պետականակերտման քաղաքական ուղուն` Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանն ու արժեքներին համահունչ»: Հայտարարությամբ շնորհավորել են Արցախի 20-ամյակը` «ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում ընթացող բանակցություններին Արցախի պաշտոնական պատվիրակների մասնակցության կարեւորության ըմբռնմամբ»:
Բացահայտել շահերի բախումը
ԵԽԽՎ ներկայացված եւս մեկ հայաստանյան նախաձեռնություն, ի դեմս Դավիթ Հարությունյանի, բանաձեւի առաջարկ է` «ԵԽԽՎ-ում շահերի բախումների բացահայտման մեխանիզմի ամրապնդում» ձեւակերպմամբ:
«Իրենց պարտականություններն իրագործելիս վեհաժողովի անդամները պետք է խստորեն պահպանեն թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքները», ասվում է բանաձեւի առաջարկում: Որպես թափանցիկության ու հաշվետու լինելն ապահովելու ռազմավարություն առաջարկվում է օգտագործել շահերի բախումների բացահայտման կենսունակ մեխանիզմներ, ինչպիսիք կիրառելու փորձ արդեն իսկ ԵԽԽՎ անդամ որոշ երկրներ ունեն:
Շեշտելով, որ թեեւ անդամների շահերի հրապարակմանն ու թափանցիկությանը վերաբերող համապատասխան նորմեր ու փաստաթղթեր արդեն իսկ կան վեհաժողովում, այդուհանդերձ, վեհաժողովի` վստահելի դիրքերում գտնվող անդամների «հնարավոր կասկածելի գործողությունների նշանները հստակորեն ցույց են տալիս, որ շահերի բախման խնդիրը դեռեւս առկա է վեհաժողովում»:
Բանաձեւի առաջարկում հիշեցում կա ԵԽԽՎ 1908 հանձնարարականի պարագրաֆներից մեկին, որի համաձայն, պետք է դադարեցվեն կանոնները, որ վերաբերում են քաղաքական գործիչներին, քաղաքացիական ծառայողներին, ճնշման խմբերի ու բիզնեսի անդամներին, ներառյալ շահերի պոտենցիալ բախումների սկզբունքը: Ընդ որում, այս համատեքստում լոբբիստական գործողությունների իրականացումը պետք է արգելվի: Առաջարկվում է այս կանոնը իրագործել ամբողջությամբ: Ուստի բանաձեւի առաջարկը հրամայական է համարվում վեհաժողովի համար, որ քննարկվի ընթացակարգի կանոնների վերանայումը` հաշվի առնելով շահերի բախումների բացահայտման շոշափելի մեխանիզմի օգտագործումը:
Բանաձեւի առաջարկի հետագա ճատակագիրը որոշելու է ԵԽԽՎ բյուրոն, որ այսօր առավոտյան նիստում, ի թիվս այլ նմանատիպ առաջարկների, հնարավոր է, որ քննարկի նաեւ Հարությունյանի ներկայացրածը: Իսկ եթե ժամանակային առումով դա հնարավոր չլինի, Դավիթ Հարությունյանի բանաձեւի առաջարկը կմնա քննարկելու բյուրոյի հաջորդ ամիս կայանալիք նիստում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ