Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որը վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի համար 6 խիստ ռեժիմի բանտում, հեռախոսով տեղեկացրել է «Երկիր» միությանը, որ հոկտեմբերի 5-ին անժամկետ հացադուլ է սկսել:
«Վահագն Չախալյանը դիմել է հացադուլի ի նշան բողոքի իր նկատմամբ սահմանված անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ: Նա պահանջում է դադարեցնել անօրինական ճնշումները եւ բարելավել բանտային պայմանները», տեղեկացնում է «Երկիր» միությունը:
Վահագն Չախալյանը նաեւ տեղեկացրել է, որ, հակառակ իր պահանջների, բանտի վարչությունը հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը:
«Ազգը» նախապես տեղեկացրել էր, որ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարություն էր տարածելՙ նշելով, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները ուժեղացրել են ջավախահայ գործչի նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում նաեւ բանտային պայմանների էական խստացման միջոցով:
Ա. Հ.