«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2011-10-05 | #177, 2011-10-06 | #178, 2011-10-07


ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍ. ԵԿԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԳԱՐՆԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

«Ես եկել եմ Պաղեստինից, խաղաղության երկրից», Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երեկ հայտարարեց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը: Պաղեստինի պատմական էքսկուրսի եւ «իսրայելյան լայն օկուպացիայի» ու մինչեւ օրս էլ «օկուպացված մնացած տարածքների» ներկայացման ավարտին Աբբասի հարցն էր, թե ինչքան պետք է սպասի պաղեստինցի ժողովուրդը: Սրան Աբբասն ավելացրեց Գազայի հատվածում պատերազմը, զոհերը, ճնշումներն ու իսրայելյան բանտերում գտնվող «6000 պաղեստինցիների» փաստը, որոնցից «21 խորհրդարանական ներկայումս հացադուլ են սկսել»:

Պաղեստինը, ըստ Աբբասի, ՄԱԿ-ից հետո քայլեր է ձեռնարկում նաեւ Եվրոպայի խորհրդում: «Եկել է պաղեստինյան գարնան ժամանակը», արաբական գարնան հովերով հայտարարեց Մահմուդ Աբբասը, շեշտելով, որ «պաղեստինյան գարուն» ասելով հասկանում են ճանաչել անկախությունը, «ազատվել օկուպացիայից, ճանաչվել ու կայունության հասնել տարածաշրջանում»:

«Գործընկեր հանուն ժողովրդավարության» կարգավիճակով բազմաթիվ պարտավորություններ ստանձնած Պաղեստինին Եվրոպայի հետ, Աբբասի ներկայացմամբ, միավորում են «ընդհանուր արժեքները` արդարության, եղբայրության, արդարության, եվրոպայի ժողովուրդների արժեքները, որ նաեւ արաբական աշխարհի արժեքներն են»:

Ժամանակին Եվրոպայի կենտրոնում կռվախնձոր եղած Ստրասբուրգ քաղաքում իր ելույթը խորհրդանշական համարելով` Մահմուդ Աբբասը, որպես արաբական աշխարհից ԵԽԽՎ-ի հետ առաջին գործընկեր դարձած երկրի ներկայացուցիչ, հայտարարեց. «1947-ին ընդունված ՄԱԿ-ի 181 բանաձեւը երկու պետության հիմնադրում հայտարարեց, մեկըՙ Իսրայելը, որ իրականացավ, մյուսը` Պաղեստինը, որ դեռ ցերեկվա լույսը չի տեսել: Մենք այստեղ ենք եկել այդ լույսը խնդրելու: Դա մեր օրինական իրավունքն է երաշխավորված միջազգային իրավունքով»: «Մենք վստահում ենք ձեզ եւ հավատացած ենք, որ դուք մեզ չեք լքի ու թողնի մենակ», դիմելով վեհաժողովականներին եզրափակեց իր ելույթը Մահմուդ Աբբասը` արձագանքվելով բուռն ծափահարություններով:

Վեհաժողովականների հարցերին Աբբասը շատ կարճ ու մեծ մասամբ, թերեւս ոչ ճիշտ թարգմանության պատճառով, չհամապատասխանող պատասխաններ տվեց: Այդուհանդերձ պատասխաններում Աբբասը լավատեսորեն նշեց, որ մի օր պաղեստինցին ու իսրայելցին իրար կողքի են ապրելու, որ Իսրայելն էլ հասկանալու է արաբամուսուլմանական աշխարհում ապրելով` Պաղեստինը ճանաչելու կարեւորությունը, որ Պաղեստինում հրեա վերաբնակիչներ չեն լինի:

Հայաստանից Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ինչ կարգավիճակ կունենան հին ժամանակներից ի վեր առկա Երուսաղեմի հայկական թաղամասերը, Աբբասը, գուցե էլի թարգմանության պատճառով, միայն նշեց, որ գործող կրոնական համայնքները Երուսաղեմում ազատ են գործելու եւ իրականացնելու իրենց ծեսերը:

Ելույթին հետեւած ասուլիսում արդեն Պաղեստինի հարցը քննարկելու առնչությամբ ԱՄՆ-ի վետոյի հավանականության մասին Աբբասը նշեց, որ դա կարող է զայրացնել պաղեստինցիներին, բայց «դա քաղաքակիրթ զայրույթ է»: Իսկ Եվրոպայի համար արդեն ժամանակն է ճանաչելու Պաղեստինը, քանի որ, Աբբասի խոսքերով, «ինչքան շուտ (ճանաչեն-Ա. Հ.), այդքան լավ»:

Ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Պաղեստինին աջակցող Թուրքիայի դերակատարությանը, ապա Աբբասը հայտարարեց, թե թուրք-իսրայելյան հարաբերությունների նորմալացումը «կարող է դրական ազդել խաղաղ բանակցությունների վրա»: Աբբասը շեշտեց. «Եթե Իսրայելը ներողություն խնդրի Թուրքիայից, Թուրքիայի դերը տարածաշրջանում նորից կդառնա արդյունավետ»:

ԱՂԱՎՆի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4