«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2011-10-05 | #177, 2011-10-06 | #178, 2011-10-07


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ «ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է» ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԿՈԶԻԻՆ

Ինչպես տեղեկացրել էինք երեկվա համարում, հիմք ընդունելով ԼՂՀ պաշտպանության բանակի տարածած հաղորդագրութունը` հոկտեմբերի հինգին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդ կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող Յուրի Արամի Սարգսյանը: Նույն օրը պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հրազենային վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը եւ Խաչատուր Հրանտի Սուքիասյանը:

Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Ադրբեջանական կողմի դիպուկահար գործողություններից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը փաստում են, որ Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է հրադադարի ռեժիմը պահպանելու միջազգային հանրության կոչերը, այլեւ վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը` ինքնաբերաբար պատասխանատվություն կրելով բոլոր անցանկալի հետեւանքների համար»:

Մյուս կողմից, ինչպես տեղեկանում ենք «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությանը տված հարեւան երկրի ՊՆ մամուլի քատուղար Թեյմուր Աբդուլաեւի հայտարարությունից, «Հայկական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը` տարբեր ուղղություններով: Ադրբեջանական կողմի համարժեք գործողություններից հակառակորդը ստիպված է եղել դադարեցնել կրակը: Սակայն պարբերական բնույթ կրած փոխհրաձգությունից ռազմաճակատում զոհվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ` 20-ամյա Նովրուզ Գարյագդի օղլի Ալիեւը եւ «հրատապ ծառայության» շարքային 22-ամյա Սուլեյման Աբբաս օղլի Ասկերովը: Նախարարությունը վստահեցնում է, որ հակառակորդի կորուստներն ավելի շատ են», «գոտեպնդող» վստահեցումով իր խոսքն ավարտել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը:

Թերեւս այս անգամ մանրամասնորեն չանդրադառնանք ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունների ու Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունների տեքստերում տեղ գտած տերմինների վերլուծությանը: Միայն ընդգծենք, որ, եթե, օրինակ, հայկականում գործածվում է «հակամարտ զորքերի շփման գիծ», ապա ադրբեջանականում այդ տերմինն ունի «ռազմաճակատ» անվանումը. սա թերեւս պարզ վկայություն է, թե որ կողմում են ավելի լավ նախապատրաստում իրենց հասարակություններին «խաղաղության, այլ ոչ պատերազմի», ինչպես բացեիբաց պահանջել, հորդորել էին Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները Դովիլում արած հայտարարությունում: Իսկ թե ինչո՞ւ է հրադադարը խախտվում, այն էլ այսպես կոպտորեն հենց հիմա, սրա պատասխանն էլ կա. երեկ մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցը Հայաստան: Մեր երկրում երկու օր մնալուց հետո Սարկոզին մի քանի ժամով կլինի նաեւ Բաքվում ու Թբիլիսիում: Հավանաբար Փարիզը ներկայացնելու է ԼՂ հակամարտության կողմերին նոր կամ վերափոխված հին, կամ նույն հին առաջարկությունները, իսկ ինչպես արդեն գիտենք, Բաքուն մշտապես այդ ընթացքում կամ դրանից հետո իրականացնում է նման գործողություններ, բացի դրանից` Իլհամ Ալիեւը հնարավոր է, որ այս քայլով եւս մեկ անգամ ապացուցում է միջազգային հանրությանըՙ ի դեմս շահագրգիռ Ֆրանսիայի նախագահի, որ «պատերազմը ավարտված չէ», «հարցը պետք է լուծվի մեր ուզածով»: Մնում է միայն սպասել` տեսնելու, թե որքանո՞վ հաճելի կլինի Նիկոլա Սարկոզիին, որ իրեն տարածաշրջանում առաջինը «դիմավորեց» Ադրբեջանի բանակը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4