Մրցունակությունը որեւէ երկրի զարգացման հիմնական հենք լինելով հանդերձ մի հասկացություն է, որի առկայության դեպքում պետության ու ազգի խնդիրների շատ բնութագրականներ դառնում են խիստ երկրորդական, քանի որ մրցունակ լինելու պարագայում հաշվի են առնվում ոչ միայն մեծ ու փոքր չափերը, տարածքները, այլեւ ծովային ուղիներից օգտվելու դժվարություններն ու այն ամենը, ինչով, որպես կանոն, Հայաստանում փորձում են արդարացնել բոլոր անհաջողությունները:
Իրապես, կան բնական ու նաեւ մեր հարեւանների «թեթեւ ձեռքով» ստեղծված արհեստական դժվարություններ ու բարդություններ, որոնց պայմաններում գործում է Հայաստանի տնտեսությունը, բայց եթե այն մրցունակ լինի, կնշանակիՙ գտնվել են հենց այն ուղղությունները, որ զարգացում կարող են ապահովել: Զորօրինակ, զբոսաշրջությունը, որը Հայաստանում գերակա ճյուղ հայտարարելու մասին բազմիցս լսել ենք, իսկ այդ ուղղությամբ կոնկրետ քայլերը կարծես առավել առարկայական ու նպատակային են դառնում:
Տնտեսության զարգացման համար զբոսաշրջությունը, այն էլ մեզ նման երկրի դեպքում, մեծ դերակատարություն ունի իր ստեղծած տնտեսական տարբեր արդյունքներով:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ սեպտեմբերի 30-ին նշեց Հայաստանի զբոսաշրջության զարգացման ներուժի մասին, որ, սակայն, «դեռեւս լիովին չի օգտագործվում», հավելելով, որ «զբոսաշրջությունը մեր երկրում կարող է եւ պետք է լինի բազմազան եւ բազմաբովանդակ»:
Հենց այդ ուղղությամբ մի քայլ. Իտալիայի Ռիմինի քաղաքում այս օրերին մեկնարկել է TTG INCONTRI զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը ներկայացնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, ի դեպ, մեծապես ողջունելի նորությամբ. մասնակից է նաեւ Լեռնային Ղարաբաղը, որի զբոսաշրջային ռեսուրսները ներկայացնելու հարցում հիմնադրամը շարունակելու է աջակցությունը:
Մի քանի օր առաջ էլ մրցունակության հիմնադրամը Իտալիայի Վենետո մարզի, Վենետիկի առեւտրի պալատի եւ Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության հետ համատեղ, Վենետիկում էր կազմակերպել Հայաստանի եւ Վենետո մարզի միջեւ զբոսաշրջության խթանմանը նվիրված աշխատանքային համաժողով, իսկ նոյեմբերին նախատեսվում է պատասխան համաժողովի կազմակերպումը Երեւանում: Դրանից առաջ էլ նույն հիմնադրամը Հայաստանը ներկայացրել էր Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միության համաժողովում եւ Ֆրանսիայում TopResa՛-2011 զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին: Բացի դրանիցՙ ճանաչում եւ կշիռ ունեցող National Geographic Traveler ամսագիրը, միջազգային քվեարկության արդյունքում, «ակտիվ, այդ թվում` էքստրեմալ հանգիստ» անվանակարգում Հայաստանն ընդգրկել էր երեք առաջատար երկրների շարքում:
Ընդհանրացնելով` կարելի է ասել, որ մտադրությունն, ըստ որի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը զբոսաշրջությունն ընդունել է որպես առաջնահերթություն` ոլորտը պահելով ուշադրության կենտրոնում, քայլերի տրամաբանական շարունակությամբ ընթանում է: Կատարված աշխատանքն էլ հույս է ներշնչում, որ Հայաստանի մրցունակության ապահովման ուղղությամբ ավելի կոնկրետ քայլեր կձեռնարկվեն` նպաստելով Հայաստանի` որպես զբոսաշրջության վայրի միջազգային ճանաչելիությանը, դրա միջոցով էլ խթանելով Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ