«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2011-10-05 | #177, 2011-10-06 | #178, 2011-10-07


ԱԶՆԻՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿԸ

Կարպիս Սուրենյանը, բուն ազգանունովՙ Սարկավագյան, երեւույթ էր մեր իրականության մեջՙ երեւույթ էր թե՛ կյանքում եւ թե՛ գրականության մեջ:

Եղեռնից փրկված ակշեհիրցի ծնողների զավակը ծնվել էր Հունաստանում, աչք էր բացել Պարթենոնի սյուների տակ, եւ հունական ողորկ ու մշակված մարմարը ձեւավորել էր իր հոգին, զգացողությունը, ճաշակը, մտածողությունը, մի խոսքովՙ իր անձն ու էությունը: Իր կրթությունը խորապես հայեցի էր ու բարձր, նկարագիրըՙ անթերի ու իսկական մտավորականի նկարագիր, մարդկային իր վարքն ու պահվածքը հիմնված էին բարոյական ամենաբարձր սկզբունքների վրա:

Կարպիս Սուրենյանը ընտանիքով 1946 թվականին եկել էր հաստատվելու Հայաստանում: Բարեկիրթ ու մշակված խոսքի տեր (խոսքը ինքը մարդն է), հոգեկան նուրբ խառնվածքով, ընտիր ու գեղեցիկ գրականությամբ դաստիարակված եւ ձեւավորված երիտասարդը գալիս է հաստատվելու Հայաստանում, ճիշտ է, Սովետական Հայաստանում, բայց Հայաստանում: Աթենքում ծնված Կարպիս Սուրենյանի համար Հայաստանը հայրենիք էր եւ նվիրական հայրենիք: Իր ծնողների ու մերձավորների հետ երիտասարդ Կարպիսը անտրտունջ տանում է ներգաղթած սփյուռքահայերին բաժին ընկած բոլոր դժվարություններն ու տառապանքները: Բայց Արարատյան դաշտի լույսն ու Արարատ լեռան վսեմական գեղեցկությունն ավելի զորավոր էին, քան ռեժիմի փորձություններն ու համատարած համակենտրոնացման ճամբարի դժոխքը: Ես չգիտեմ մի այլ մտավորականի, մի այլ գրողի, որ այդքան սիրով հետիոտն անցած լիներ Հայաստանի գրեթե բոլոր ճանապարհներով, շրջած լիներ Հայաստանի գրեթե բոլոր անկյունները, այցելած եւ ուսումնասիրած լիներ հնավայրերն ու պատմական եւ ճարտարապետական հուշարձանները, իմանար եւ ճանաչեր Հայաստանի բնությունն ու Հայաստան երկիրն այնպես, ինչպես գիտեր հայրենադարձ Կարպիս Սուրենյանը:

Իսկական հայը այդպես է սիրում իր հայրենիքը:

Բազմաշնորհ մարդ էր գրող Կարպիս Սուրենյանը: Հրաշալիՙ պրոֆեսիոնալ երաժշտի ու երաժշտագետի պես գիտեր հայ հոգեւոր երաժշտությունն ու հայ դասական երաժշտությունըՙ Եկմալյան, Կոմիտաս, Կարա-Մուրզա եւ մնացած բոլորը, հրաշալի գիտեր եվրոպական դասական երաժշտությունն ու երաժշտական մշակույթը առհասարակ: Վերջապես, տասնյակ տարիներ երգել էր Հայաստանի պետական քառաձայն երգչախմբում եւ «Արվեստ» ամսագրում վարել էր երաժշտության բաժինը:

Նույն խորությամբ ու քաջատեղյակությամբ գիտեր համաշխարհային արվեստը առհասարակՙ ճարտարապետություն, կերպարվեստ, քանդակագործություն... Մանավանդՙ հայ ճարտարապետություն եւ հայ կերպարվեստ: Էլ չասեմ, որ հին հունական մշակույթը, մանավանդ փիլիսոփայությունն ու էսթետիկան իր թուլությունն էին, իր հին ու մնայուն սերը:

Կիրթ, վայելուչ խոսքի, հոգեւոր բարձր մշակույթի եւ հարուստ ներաշխարհի տեր մարդ էր Կարպիս Սուրենյանը, լեզուների եւ մշակույթների գիտակ, կարդացած եւ մեծ զարգացում ունեցող անձնավորություն:

Գրողական անուրանալի ձիրք եւ թարգմանչական արվեստի բացառիկ տաղանդ ունեցող Կարպիս Սուրենյանը այսօր թողնում է հարուստ գրական ժառանգությունՙ տասը հատորից ավելի ինքնուրույն եւ տասը հատորի չափ թարգմանական գրականություն: «Բնիկ որտեղացի՞ եք», «Արեւորդիներ», «Երանության կղզին», «Հին պատմություն», «Ճիշտը կյանքն է», «Օրագիր. 1943-2001»-ի երկու փառահեղ հատորները եւ մյուս իր գրքերը վավերական արժեքներ են, իսկ Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպի, Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարի, ինչպես նաեւ «Պսակ թարգմանական» գրքում ընդգրկված իր թարգմանություններըՙ թարգմանական արվեստի գլուխգործոցներ: Եվ այնուամենայնիվ Հայաստանի գրական միջավայրը տասնյակ տարիներ նրան յուրային չի համարելՙ չարժանացնելով նույնիսկ սովետական հերթապահ մի գրախոսականի: Եվ սա, անշուշտ, Կարպիս Սուրենյանի առավելությունն էր ու գերազանցությունը խղճուկ եւ ճահճային միջավայրի հանդեպ: Ափսոս որ սովետահայ գրական գեներալները թույլ չտվեցին, հնարավորություն չտվեցին գրողին ավարտելու Դոստոեւսկու մյուս վեպերի եւ Ֆլոբերի «Մադամ Բովարիի» թարգմանությունները: Ֆլոբերի գրքից ժամանակին հարյուր հիսուն էջի չափ արդեն թարգմանել էր: Հոմո սովետիկուսի երկիրն էր, սովետական գրական արտադրանքի ու քարտուղարական գրականության ժամանակներն էին: Հիմա անվերադարձ անցել են ե՛ւ այդ գրական խոտանը, ե՛ւ քարտուղարական գրականությունը, ե՛ւ դրանց գովերգողները, մինչդեռ վարպետ խոսքի ներհայեցողական մտածողության իր գրականությունը տեւելու է եւ իր արժանի տեղն է ունենալու մեր գրականության մեջ:

Նա մեկ տողով անգամ տուրք չի տվել որեւէ ռեժիմի: Ազնիվ մաքրության իր գրականությունը պարզված էր գորշ միջակության եւ գռեհկության միջավայրին իբրեւ արդար անհաշտություն:

Իր այնքան սիրելի Ծաղկաձորի լեռներն ու անտառները, Ծաղկաձորից Սեւան տանող դաշտային ճանապարհները եւ հայրենի հողի բոլոր արահետները սիրով պահելու են իր ոտնահետքերը, Հաղպատն ու Սանահինը, Մարմաշենն ու Թանահատը, Աշտարակի Կարմրավորն ու Արածո Սուրբ Աստվածածինը, որ ժողովուրդը կոչում է Սուրբ Կարապետ, պահելու են իրենց կամարների տակ իր երգած շարականների ու արեւագալի երգերի սրբազան հնչյունները:

Այսօր ձեր արժանավոր նվիրյալն ու հայ գրի հոգնած ուխտավորը գալիս է դեպի ձեզ, գալիս է հանգչելու ձեզ հետ, հայ անանուն վարպետներ եւ դուՙ Անանուն Լմբատեցի... Ընդունեք եւ պահպանեք ձեր որդուն:

Թող հայրենի հողը մայրական գիրկ եւ երկնային մահիճ լինի նրան...

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4