«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2011-10-06 | #178, 2011-10-07 | #179, 2011-10-08


«ԱՅԺՄ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆԱԿ ՉԷ»

Հաստատեց Ֆրանսիայի նախագահը` հեռանալով Բաքու

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան կատարած պետական այցի առաջին օրվա երեկոն անցկացրեց Հայաստանի նախագահի ընկերակցությամբ Հանրապետության հրապարակում` «Երգող շատրվաններից» ունկդրելով ֆրանսիական ու հայկական երաժշտություն, այդ թվումՙ Շառլ Ազնավուրի կատարումները: Հրապարակում գտնվող երեւանցիները ողջունել են երկու նախագահներին, որոնք, ինչպես հետագայում ակնհայտ դարձավ, «ընկերներ ու բարեկամներ են»:

Նաեւ գործընկերներ

«Ջերմորեն ողջունում եմ իմ բարեկամին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը Հայաստանում», այսպես սկսեց իր խոսքը ՀՀ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: Արդեն րոպեներ անց Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Ֆրանսիայի նախագահը պիտի խոստովանի` «Հայաստանն ու Ֆրանսիան հավերժ քույր երկրներ են», իսկ նախագահ Սարգսյանը, Սարկոզիին ներկայացնելով, պիտի շեշտի` «իմ ընկեր Նիկոլա Սարկոզի»` արժանանալով Ֆրանսիայի նախագահի հաստատող ժպիտին:

Երեկ առավոտյան ՀՀ նախագահի նստավայրում` դիմավորման արարողությունից հետո, երկու նախագահները առանձնազրույց ունեցան, որի ընթացքում Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահին պարգեւատրեց «Փառքի» շքանշանով` «հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ համակողմանի համագործակցության խորացման եւ ընդլայնման, ինչպես նաեւ խաղաղության ու միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական ավանդի համար»: Նախագահների առանձնազրույցին զուգահեռ տեղի են ունեցել պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկված նախարարների երկկողմ հանդիպումներ, որտեղ քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Արդեն համատեղ ասուլիսում Հայաստանի նախագահը ընդգծեց Ֆրանսիայի կարեւորությունը Հայաստանի համար. «Դա պայմանավորված է հայ-ֆրանսիական պատմական սերտ առնչություններով, միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ունեցած նշանակալի դերով, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ լինելու հանգամանքով, Ֆրանսիայում բնակվող շուրջ կես միլիոնի հասնող հայկական համայնքով, այլ գործոններով», նշեց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ այսօր հայ-ֆրանսիական հարաբերություններում ձեւավորվել է բարձր մակարդակի երկխոսություն, արդյունավետ զարգանում է միջխորհրդարանական համագործակցությունը, առկա են սերտ մշակութային, կրթական առնչություններ, շոշափելի է ֆրանսիական ընկերությունները ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ, հաջողությամբ է զարգանում տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը: «Հատուկ անդրադարձ կատարեցինք երկկողմ հարաբերությունների առեւտրատնտեսական բաղադրիչին, եւ շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը իր հաստատակամությունը հայտնեց Հայաստանի զարգացման ծրագրերին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը խրախուսելու գործում», ասաց նախագահ Սարգսյանը` հավելելով, որ հատկապես ուրախալի է Ֆրանսիայի պատրաստակամությունը ներգրավվելու Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներում: Այս կապակցությամբ Սարկոզին նշեց, որ առաջիկայում Ֆրանսիայից պատվիրակություն կժամանի Հայաստան` ուսումնասիրելու ատոմային էներգետիկայի հարցում մեր երկրին օգտակար լինելու հնարավորությունը. «Ֆրանսիան կաջակցի Հայաստանին այընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու հարցում», նշեց Սարկոզին:

«Եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան ավելի հեռուն կգնա»

Ֆրանսիացի լրագրողի հարցը երկու նախագահների ասուլիսում մնաց անպատասխան: Լրագրողը խնդրեց Սարկոզիինՙ մեկնաբանել Եվրոպայում մոլեգնող ֆինանսական ճգնաժամը, ինչին ի պատասխան Ֆրանսիայի նախագահն ասաց. «Ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի: Այժմ, գտնվելով բարեկամ Հայաստանում, մի երկրում, որի ժողովուրդը շատ է տանջվել, ես ցանկություն չունեմ խոսելու այլ բաներից` բացի հայ ժողովրդին ու Հայաստանին հուզող խնդիրներից»: Իսկ սրանցից մեկն անշուշտ հայ-թուրքական հարաբերություններն են, Ցեղասպանության միջազգային ճանաչման դատապարտման հարցը, եւ այս համատեքստում ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունը. բոլոր այս հարցերին նախագահ Սարկոզին անդրադարձավ: «Եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում ավելի հեռուն կգնա. մասնավորապես կքրեականացնի Ցեղասպանության ժխտումը: Ժամանակն անսահմանափակ չէ, եւ զարգացումներից կախված` Ֆրանսիան կարող է այդ քայլին գնալ իմ նախագահության օրոք», հայտարարեց Սարկոզին` ավելի հստակեցնելով. «Եթե Թուրքիայի նման մեծ երկիրը ճանաչի իր պատմությունն ու դարի սկզբին իրագործված ցեղասպանությունը, Ֆրանսիան ու Հայաստանը դա կընկալեն որպես խաղաղության մեծ ժեստ, Հայաստանի հետ հաշտեցման ժեստ, քանի որ պատմական իրողությունը ժխտելով մնայուն հաշտեցումն անհնար է»: Սարկոզին ընդգծեց նաեւ, որ 2011-ին անընդունելի է ունենալ փակ սահմաններ. «Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան կշարունակի սատարել Հայաստանի նախագահի խաղաղասիրական ջանքերին», շեշտեց Սարկոզին:

Այնուհետեւ Ֆրանսիայի նախագահը անդրադարձավ իր` Ծիծեռնակաբերդ կատարած այցելությանը. «Շատ հուզված էի այցելելով այնտեղ: Այն ամենատպավորիչ ու ամենաուժեղ հիշողության վայրերից է», վկայեց Սարկոզին: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի դիրքորոշմանը` կապված Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելու հետ, ապա այն «չի փոխվել». «Իմ դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է ու չի փոխվել: Գտնվելով Փոքր Ասիայում (Սարկոզին չի նշում` Եվրոպայում-Հ. Ա.), Թուրքիան մեծ դեր ունի աշխարհի, Ֆրանսիայի համար: Այն կամուրջ է Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ: Նրա դերը մեծ է: Բայց այդ դերը Եվրոպական միությունում չէ», ընդգծեց Սարկոզին:

«Ֆրանսիայից լավ ոչ մի այլ երկիր չգիտի, թե ինչ է Ղարաբաղը Հայաստանի համար»

Պետական այցի նախօրեին «Մեդիամաքս» գործակալության տված հարցազրույցում այս խիստ ուշագրավ ընդգծումը Սարկոզին կրկնեց Ֆրանսիայի հրապարակում մի քանի հազար հայաստանցիների առջեւ: Մինչ այդ` ասուլիսին, Սարկոզին ասաց. «Ես խնդրել եմ նախագահ Սարգսյանինՙ շարունակել խաղաղության ուղին Ադրբեջանի հետ` ի նպաստ երկու երկրների շահերի: Անշարժությունը խիստ վտանգավոր է, այն պատրանքներ է ծնում, անհրաժեշտ է խաղաղության ռիսկի գնալ, քանի որ ամենամեծ ռիսկը անշարժությունն է»: Որպես ԼՂ հիմնահարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բարեկամ Ֆրանսիայի նախագահին իր «հետեւողական ջանքերի ու արդար դիրքորոշման համար» շնորհակալություն հայտնեց նախագահ Սարգսյանը. «Հայաստանում առանձնակի կարեւորում են Ձեր անձնական ներգրավվածությունը այս ուղղությամբ», ասաց Սերժ Սարգսյանը:

Ռոդենի արձանը` երկու քույր երկրների հավերժ բարեկամության գրավական

Աշխարհահռչակ Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին, երեկ Երեւանի Ֆրանսիայի հրապարակում բացեցին նախագահներ Սարկոզին ու Սարգսյանը: Այսպիսով Հայաստանի մայրաքաղաքը հարստացավ համաշխարհային մշակույթի այս եզակի գործով: Բազմամարդ հրապարակում նախագահները ելույթ ունեցան, Սարկոզին ուղերձով դիմեց Հայաստանին ու հայ ժողովրդին` «Հայաստանն ու Ֆրանսիան հավերժ քույր երկրներ են», ասելով: Ընդ որում` Ֆրանսիայի նախագահը հայերենով եզրափակեց իր ելույթը` «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան»: Սակայն այս բառերը հայերերով արտասանված միակը չէին, որ արտասանեց նախագահ Սարկոզին. եւս մեկ անգամ ընդգծելով, որ դարասկզբի իրադարձությունները պետք է անվանել հենց ցեղասպանություն, Ֆրանսիայի նախագահը «ցեղասպանություն» բառն արտասանեց հայերեն: Ֆրանսիայի հրապարակում տեղակայված երկու մեծ էկրաններին Փարիզի ու Երեւանի տեսարաններ էին, հավաքվածների ձեռքերին` Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշները, հնչում էր ֆրանսիական երաժշտություն, պարբերաբարՙ Շառլ Ազնավուրի կատարումները: Մեծ շանսոնյեն նույնպես հրապարակում էր, որին «մեզ հետ լինելու համար» հատուկ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահն իր ելույթում:

Սարկոզին տվեց նաեւ մի շարք անվանի ֆրանսահայերի անուններ, որոնք «էական դեր են խաղացել ու խաղում Ֆրանսիայի կյանքում»: Մեր անկախության 20 տարիներն անվանելով «սքանչելի», նախագահ Սարկոզին շեշտեց. «Հայերը գիտեն, որ Ֆրանսիան օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին իր ողբերգության` Ցեղասպանության ժամանակ: Այժմ էլ Հայաստանը մենակ չէ»:

Այնուհետեւ հավաքված բազմության հետ «ձեքսեղմումների ճանապարհ» անցնելովՙ երկու նախագահներն ուղեւորվեցին օդանավակայան, որտեղից Սարկոզին մեկնեց Բաքու: Երեկ երեկոյան Ֆրանսիայի նախագահն արդեն Թբիլիսիում էր, որտեղ քաղաքի տոնի հետ կապված` Վրաստանի մայրաքաղաքի Ազատության հրապարակում ելույթ ունեցավ: Փաստորեն տարածաշրջանային այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը Բաքվում ու Թբիլիսիում անցկացրեց ժամեր, այնինչ Երեւանում ոչ լրիվ երկու օր, ինչպես եւ վայել է երկու «հավերժ քույր պետություններին»:

Կարելի է արձանագրել, որ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան երկու հստակորեն ուրվագծված սլաքներ ուներ: Նախ` այն ուղղված էր «ֆրանսահայ քվեին», մասնավորապես «Ֆրանսիայի հայ համայնքը` ընդգծված կեսմիլիոնանոց», կարմիր թելի պես անցնում էր Սարկոզիի գրեթե բոլոր ելույթներում: Բացի սրանից` սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի այց էր, որը «հորդորում է կողմերին գնալ խաղաղության ռիսկի, վերսկսել խաղաղության ուղիով ընթանալը», իհարկե, նախագահական ընտրությունների պատրաստվող Սարկոզին չէր մոռանում ընդգծել. «Այժմ էլ Հայաստանը մենակ չէ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4