Հարցազրույց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հետ
- Պարոն Աբրահամյան, Դուք Ռուսաստանում բավական հայտնի մարդ եք, եւ Ձեր հեղինակությունը համաշխարհային մակարդակի հասավ 2005-ին նիգերիական բանտից ռուսաստանցի նավաստիների փրկագնման հայտնի դեպքերից հետո: Ինչո՞ւ հենց Դուք զբաղվեցիք այդ հարցով:
- Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեր թերթի խմբագրությանը «Բազմազգ Մոսկվա» նախագծի իրականացման համար, քանի որ Մեծ Ռուսաստանի պատմությունը եւ նրա մայրաքաղաքի կյանքը անկարելի է դիտարկել իր բազմազգ եւ բազմադավանանք ժողովրդից կտրված:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում եւ արտերկրում իմ հայտնի լինելուն, դա առաջին հերթին կապված է իմ գործարար եւ հասարակական աշխատանքների հետ: Ես սովոր չեմ գործով զբաղվել թեւաթափ վիճակում, միշտ ջանացել եմ հասնել բարձր արդյունքի, օգուտ տալ մարդկանց, հասարակությանը եւ պետությանը: Չարժե խոսել նիգերիական բանտից ռուսաստանցի նավաստիների փրկագնման մասին: Ձեզ հավատացնում եմ, որ նման բան հազիվ թե տեղի ունենար, եթե այն ժամանակ ես լայն եւ կարեւոր կապեր չունենայի քաղաքականության, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության աշխարհում:
Ինչո՞ւ ես զբաղվեցի աֆրիկյան գերությունից ռուսաստանցի նավաստիների ազատագրման հարցով: Այն ժամանակ ինձ հաջողվել էր ազատագրել Հասարակածային Գվինեայում անհիմն կերպով դատապարտված հայ օդաչուներին: Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը եւ Դումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Կ. Կոսաչովը ինձ խնդրեցին օգնել նիգերիական գերությունից ռուսաստանցի նավաստիների ազատագրման գործում: Նրանց ազատագրելու համար ես դիմեցի բազմաթիվ ազդեցիկ անձանց, մասնավորապես օգտագործելով Հռոմի պապի հեղինակությունը: Ստիպված եղա քանիցս մեկնել Նիգերիա, բանակցել այդ պետության նախագահի եւ ուրիշ պաշտոնյաների հետ, նրանց անել մի շարք գործնական առաջարկություններ, հաշվի առնել համապատասխան շահերը, առաջ քաշել մեր նավաստիների ազատագրման համալիր ծրագիր: Մենք հաղթահարեցինք մի շարք փուլեր եւ բարդ բանակցություններ, բայց որ գլխավորն էՙ հասանք դրական արդյունքներիՙ նավաստիների ազատագրմանը եւ նրանց հայրենադարձմանը:
Հայերը միշտ եղել են Ռուսաստանի հետ, եւ այսօր մեր քաղաքացիական պարտքն է օգնել, պաշտպանել եւ ամրապնդել երկիրը:
- Հայերը որպես էթնոս դասվում են հնագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչների թվին: Դժվար է աշխարհում գտնել մի պետություն, որտեղ հայ չկա: Ինչո՞վ կարելի է բացատրել այս երեւույթը:
- Իրոք, հայերը հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ են եւ մեծ մշակույթ կրողներ, մեր պատմությունը բազմահազարամյա ուղի է անցել, կապված է աստվածաշնչյան Արարատի եւ Նոյյան տապանի առասպելի հետ: Հայ ժողովուրդը կազմավորվել է Հայկական լեռնաշխարհի տարածքում մ.թ.ա. 3-րդից 1-ին հազարամյակներում, իսկ մ.թ.ա. 9-6-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել առաջին հայկական պետությունըՙ Արարատյան թագավորությունըՙ Արարտուն կամ Ուրարտուն: Մենք հին Շումերի եւ Ասորեստանի, Կարթագենի եւ Բաբելոնի, Հռոմեական կայսրության եւ Աքեմենյան տերության ժամանակակիցներն ենք: Բայց այդ ժողովուրդներից ու պետություններից շատերը իրենց պատմական ուղին ընդհատեցին արտաքին հարձակումների, ավերածությունների ու կործանումների հետեւանքով: Հայերն ու Հայաստանը կորցնում էին պետականությունը եւ էթնիկական տարածքները, բայց որոշ ժամանակ անց վերածնվում էին եւ պահպանվում են մինչեւ օրս:
Այն հանգամանքը, որ հայերն այսօր ներկայացված են եւ ապրում են աշխարհի բազմաթիվ երկրներում, մեր պատմության հետեւանքն է: Բայց 19-20-րդ դարերի սահմանագծին իրենց պատմական հայրենիքից հայերի զանգվածային արտահոսքի ամենագլխավոր պատճառը Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ոճիրն է, ինչպես նաեւ Առաջին աշխարհամարտի եւ բոլշեւիկա-քեմալական համաձայնության քաղաքական-իրավական արդյունքը, որի հետեւանքով ավելի քան 2 մլն հայ բնաջնջվեց Հայաստանի Արեւմտյան (թուրքական) եւ Արեւելյան (ռուսական) մասերում, պատմական Հայաստանի մեծ մասը դուրս մնաց Անկախ, ապա նաեւ Խորհրդային Հայաստանի սահմաններից, իսկ թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հայերը ստիպված եղան ապաստան փնտրել Արեւմուտքի եւ Արեւելքի տարբեր երկրներում:
Այսօր աշխարհի 80 երկրում ապրում է ավելի քան 11 մլն հայ, նրանցից միայն 3,5 միլիոնն է ապրում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Տարբեր երկրների հայկական գաղթօջախները Հայաստանի հետ հոգեւոր, մշակութային եւ էթնիկական կապերով կապված հայաշխարհի կղզիներն են, համաշխարհային հայության բաղկացուցիչ մասերը:
- Հայերը ե՞րբ են հայտնվել Մոսկվայում:
- Եթե խոսենք հայ-ռուսական հարաբերությունների պատմության մասին, դրանք սկզբնավորվել են հին ռուսական պետությանՙ Կիեւյան Ռուսիայի կազմավորման եւ մեծ իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կողմից 988թ. Բյուզանդական կայսրությունից ուղղափառություն ընդունելու ժամանակաշրջանում: Այն ժամանակ Բյուզանդիան կառավարում էր հայկական Մակեդոնյան գահատոհմը:
Ինչ վերաբերում է Մոսկվայում հայերի հայտնվելուն, արձանագրված է, որ նրանք զգալի ավանդ ունեն Իվան Ահեղի զորքերի կազմում Կազանի գրավման գործում: Հավատարմության դիմաց երախտագիտություն արտահայտելովՙ Իվան Ահեղ ցարը Վասիլի Երանելու տաճարի խորաններից մեկը հանձնել է հայերին ու անվանակոչել ի պատիվ Գրիգոր Լուսավորչիՙ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հիմնադրի եւ Ամենայն հայոց առաջին կաթողիկոսի:
- Ձեր հայրենակիցները վաղնջական ժամանակներից ակտիվորեն մասնակցում են այն պետության քաղաքականությանը, որի տարածքում ապրում են:
- Իրոք, հայերը ծանրակշիռ ավանդ են ներդրել բնակության երկրների զարգացման, դրանց քաղաքականության եւ նույնիսկ համաշխարհային պատմության ընթացքի մեջ, եթե նկատի ունենանք, որ ծագումով հայ է Ալեքսանդր Մակեդոնացին, իսկ կայսրերի հայկական Մակեդոնյան գահատոհմը Բյուզանդիայում կառավարել է 867-1056 թթ.: Հայերը նշանակալի ավանդ են ներդրել Օսմանյան, Պարսկական եւ Ռուսական կայսրությունների զարգացման մեջ, զբաղեցրել պետական եւ զինվորական կարեւոր պաշտոններ: Նրանք միշտ էլ լավ են մերվում բնակության երկրի իրականությանը, հավատարիմ եւ օրինապահ քաղաքացիներ են: Երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանում ֆրանսիական Դիմադրության շարժումը գլխավորում էր հայ կոմունիստ Միսաք Մանուշյանը: Նույն Ֆրանսիայում վարչապետ է եղել ծագումով հայ Բալադյուրը, իսկ ԱՄՆ-ում մի շարք տարիներ Կալիֆոռնիայի նահանգապետ էր ընտրվում Ջորջ Դոքմեջյանը, Իսրայելում ԱՄՆ դեսպանը եւ պետքարտուղարի տեղակալն էր Էդվարդ Ջերեջյանը: Եվ նման օրինակները շատ են:
Իսկ եթե նկատի ունենանք մեր երկրի փորձը, ռուսական պետության պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայերը կարեւոր պաշտոններ են զբաղեցրել իշխանության քաղաքական ու պետական հիերարխիայում: Կայսերական Ռուսաստանում կարելի է նշել ներքգործնախարար, կոմս Միքայել Լորիս-Մելիքովի եւ ժողովրդական լուսավորության նախարար, կոմս Իվան Դելյանովի փորձը: Խորհրդային ժամանակաշրջանում Բաքվի խորհրդի եւ Բաքվի 26 կոմիսարների ղեկավարը նշանավոր Ստեփան Շահումյանն էր: Անաստաս Միկոյանը երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պետական պաշտոններ, ներառյալ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնը: Իվան Թեւոսյանը Խորհրդային Միության ժողովրդական տնտեսության եւ պաշտպանական արդյունաբերության կազակերպիչներից մեկն էր, ԽՍՀՄ կառավարության փոխնախագահը, մերձմոսկովյան Էլեկտրոստալ քաղաքի հիմնադիրը: Լեոնիդ Կոստանդովը ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարն էր եւ Նախարարների խորհրդի փոխնախագահը, Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)ՙ խորհրդային հետախուզության հիմնադիրներից մեկը:
- Հայերի բնավորության ո՞ր գծերը կառանձնացնեիք:
- Նախ եւ առաջՙ աշխատասիրությունը, գիտելիքների ձգտումը, ավանդապաշտությունը, հարգանքը մեծերի եւ սերը փոքրերի հանդեպ, ոգեղենությունը, հանդուրժողականությունը, հյուրասիրությունը, ձեռներեցությունը, անհատականությունը, խաղաղասիրությունը, հայրենասիրությունը, անձնվիրությունը եւ կայունությունը: Ազգային խառնվածքի այդ բոլոր հատկանիշներն ու գծերը հայերին թույլ են տվել վերապրել եւ իրենց ազգային ինքնությունը պահպանել կորուստների, ասպատակությունների եւ փորձությունների դարերի հոլովույթում:
- Հանրահայտ է, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է: Դա որոշակի դեր խաղացե՞լ է ազգի պատմական ճակատագրում:
- Անշուշտ, կրոնը առանձին մարդու եւ ամբողջ ժողովրդի մշակույթի, փիլիսոփայության եւ կենսակերպի մի մասն է: Պատմության մեջ դժվար է գտնել մի օրինակ, երբ կրոնը դեր չի խաղացել կոնկրետ ժողովրդի եւ պետության զարգացման մեջ: Այս իմաստով Հայաստանը բացառություն չէ: Մեր առանձնահատկությունն այն է, որ հայերը աշխարհում առաջինը քրիստոնեությունը 301 թ. դարձրին պետական կրոն: Մեր եկեղեցու եզակիությունն այն է, որ հիմնվել է Քրիստոսի սուրբ առաքյալներիՙ Բարդուղիմեոսի եւ Թադեոսի ջանքերով, ուստի կրում է Հայաստանյայց սուրբ առաքելական եկեղեցի անվանումը:
Քրիստոնեության ընդունումից հետո մեր ժողովրդի ճակատագրում սկսվեցին նոր ժամանակներՙ կապված նախ եւ առաջ հայ մշակույթի ոսկեդարի զարգացման, Մեսրոպ Մաշտոցի հանճարով 5-րդ դարում հայոց այբուբենի (ի դեպ, առաջին քրիստոնեական այբուբենի) ստեղծման, գիտության, մշակույթի, քանդակագործության եւ ճարտարապետության առաջընթացի հետ: Հայաստանի պատմության մեջ քրիստոնեության հետ են կապված նաեւ Քրիստոսի հոտին հավատարիմ մնալու իրավունքի համար ծավալված պայքարի, զրադաշտական Պարսկաստանի դեմ կրոնական պատերազմի, արաբների ու թուրքերի արշավանքների ողբերգական ժամանակաշրջանները: Կորցնելով պետական անկախությունը, հայերը ձեռք էին բերում դավանանքի էլ ավելի մեծ ազատություն: Այնտեղ, որտեղ հայ համայնք է հայտնվում, ժամանակի ընթացքում անպայման կառուցվում են հայկական տաճարներ եւ գոյանում են հայաշխարհի հերթական հոգեւոր կենտրոնները:
Հայաստանի մարտիրոսությունը եւ հայ ժողովրդի տառապանքները հոգեւոր ընտրության, հավատարմության, հաստատակամության եւ անսահման ազատության ճանաչումը դարձան: Հայ ժողովրդի ազատասեր ոգու փայլուն օրինակը դարձավ 451 թ. մայիսի 26-ի Ավարայրի ճակատամարտը պարսիկների դեմ, երբ մեր մեծ սպարապետ Վարդան Մամիկոնյանը մարտից առաջ իր զորքին դիմեց «Հաղթանակ կամ մահ» ոգեշունչ կոչով: Վարդան Մամիկոնյանի օրինակը քանիցս խանդավառել է մեր ժողովրդին եւ ոտքի հանել ազգային-ազատագրական պայքարի:
- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ միջոցներ պետք է ձեռնարկվեն ազգային փոխհարաբերությունների առումով ռուսաստանյան հասարակությունն առողջացնելու համար:
- Ըստ իսՙ Ռուսաստանում ազգամիջյան հարաբերությունների հարցերը միշտ պետք է մնան իշխանության մարմինների եւ պետական քաղաքականության ուշադրության կենտրոնում: Ռուսաստանը կազմավորվել եւ զարգացել է որպես բազմազգ պետություն, Ռուսաստանի ձեռքբերումների մեջ երկրի ժողովուրդների ավանդը նշանակալի է: Արդի ժամանակաշրջանում բարձրագույն ղեկավարությանն ուժեղ քաղաքական կամք է անհրաժեշտ ազգամիջյան հարաբերությունները ներդաշնակեցնելու համար: Հարկավոր են իշխանության պատասխանատվություն ազգային եւ կրոնական հողի վրա հանցագործությունների եւ իրավախախտումների կասեցման համար, իրավապահ եւ դատական մարմինների պրոֆեսիոնալիզմ, ակտիվ դաստիարակչական եւ հոգեւոր աշխատանք մատաղ սերնդի եւ երիտասարդության հետ, վերջապեսՙ լրատվամիջոցներում ազգամիջյան հարաբերությունների զարգացման դինամիկայի կանոնավոր եւ անաչառ լուսաբանում, լուսավորության եւ մշակույթի քարոզչություն:
Թերեւս նպատակահարմար է գործադիր իշխանության մարմիններում ստեղծել ազգամիջյան հարաբերությունների ոլորտի նոր ինստիտուցիոնալ մեխանիզմ: Ռուսաստանի հայերի միությունը այս կապակցությամբ որոշակի առաջարկություններ ներկայացրել եւ քննարկել է տարբեր համաժողովներում, ներառյալ նաեւ մամուլում: Մենք նպատակահարմար ենք գտնում ՌԴ նախագահին առընթեր ազգությունների գործերի խորհրդատվական մարմնիՙ խորհրդի (կամ կոմիտեի, հանձնաժողովի) ստեղծումը, Դաշնային ժողովին ՌԴ նախագահի ամենամյա ուղերձում այնպիսի բաժնի (մասի) ներառումը, որը կառնչվեր ազգամիջյան հարաբերությունների վիճակին եւ զարգացման դինամիկային, տվյալ ոլորտի առաջարկություններին:
- Դուք Ռուսաստանի հայերի միության նախագահն եք: Պատմեցեք կազմակերպության հիմնական խնդիրների մասին:
- Ռուսաստանի հայերի միությունը ստեղծվեց 2000 թ. եւ ավելի քան 2 մլն մարդու միավորող ամենամեծ հայ համայնքի հիմնական դաշնային հասարակական կազմակերպությունն է: Դաշնության փաստորեն բոլոր սուբյեկտներում ունենք մեր տարածաշրջանային եւ տեղական բաժանմունքները: Մեր կազմակերպության ձեւավորումը դարձավ Ռուսաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո դիտվող քաղաքական գործընթացների օբյեկտիվ հետեւանքը: ՌՀՄ-ի խնդիրները կապված են հայերի ազգամշակութային ինքնության, լեզվի եւ ինքնօրինակության պահպանման հետ, երկրի տարածաշրջաններում մեր համայնքներին, հետխորհրդային տարածքի բազմաթիվ հարկադիր վերաբնակներին եւ աշխատանքային միգրանտներին հասարակական օգնություն ցուցաբերելու, քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարության զարգացման եւ ռուսական պետության հիմքերի ամրապնդման գործին ակտիվորեն մասնակցելու հետ, ինչպես նաեւ ռուս-հայկական բազմակողմանի հարաբերությունների խորացման, բարեկամության ու համագործակցության պատմական ավանդույթների վրա հիմնված Ռուսաստան-Հայաստան ռազմավարական դաշինքի ամրապնդման օգտին հայերի ներուժի ու ջանքերի միավորման հետ:
Մեր միությունը մեծ ուշադրություն է դարձնում ինչպես ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման եւ հասարակության մեջ քաղաքացիական հաշտության ու համաձայնության ամրապնդման հարցերին, այնպես էլ երիտասարդության արդի խնդիրներին, վեհ հայրենասիրության եւ հանդուժողականության դաստիարակմանը: Մենք նոր հարթակներ ենք ստեղծում ռուսաստանյան երիտասարդության զարգացման հրատապ հարցերի քննարկման համար, հոգում ենք երիտասարդ սերնդի մասին, քանի որ երիտասարդությունը մեր ապագան է:
Այսօր ՌՀՄ-ն Համառուսաստանյան ժողովրդական ճակատի մասնակիցներից մեկն է: Մեզ դիմում են, մեզ հավատում են, եւ դա մեծ պատասխանատվություն է: Մենք Ռուսաստանը ընկալում ենք որպես սեփական հայրենիք. նա մեր տունն է, քանի որ մենք այստեղ ապրում, աշխատում ենք, ընտանիքներ կազմում, երեխաներ մեծացնում, քանի որ խոսում ենք ռուսերեն, քանի որ Ռուսաստանը Հայաստանի մեծ բարեկամն է ու դաշնակիցը:
Առիթից օգտվելովՙ շնորհավորում եմ բոլոր հայերին Հայաստանի անկախության օրվա առթիվ, որի 20-ամյակը մենք նշեցինք ս. թ. սեպտեմբերի 21-ին: Հայաստանի անկախությունը բարձրագույն համազգային արժեք է, մեր ժողովրդի բազմաթիվ սերունդների պատմական երազանքը: Արդի Հայաստանը ապագային միտված ժողովրդավարական պետություն է: Ես Հայաստանի ժողովրդին մաղթում եմ առողջություն, բարգավաճում եւ նոր հաջողություններ ի նպաստ երկրի:
ՄԱՐԻ ՕՐՈՆՏ, «Մոսկովսկայա պրավդա», թարգմ. Պ. Ք.