«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2011-10-06 | #178, 2011-10-07 | #179, 2011-10-08


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ՍՐՏԱՑԱՎ» ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՒՆԻՑ ՀԱՆՈՒՄ Է

Կրակում են մե՛կ փամփուշտներով, մե՛կ խոսքերով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

Ղարաբաղյան խնդիրը, արդեն ամենայն հավանականությամբ, հասել է մի կետի, երբ ինչ-որ քայլեր պետք է իրականացնել, պետք է առաջընթաց ապահովել բանակցություններում, այլապես գնալով զգալի է դառնում հայ-ադրբեջանական «շփումներից» միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչների հոգնածությունը:

Շատ այլ հակամարտություններ շարունակում են չլուծված մնալ շատ ավելի երկար ժամանակահատվածում, բայց դա բնավ էլ չի նշանակում, որ ղարաբաղյանի կարգավորման պատմությունը պետք է շարունակ ձգձգվի` այդպես էլ չհամակերպվելով արդեն իսկ առկա իրողությունների հետ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը փաստ է, որի հետ վաղ թե ուշ հաշտվելու է նույն այդ միջազգային հանրությունըՙ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի մոտեցում կդրսեւորի Ադրբեջանը, որն, ի վերջո, արդեն առնվազն 20 տարի որեւէ առնչություն չունի Արցախի հետ, բացի այդ ուղղությամբ հնչող հիստերիկ ու անհեթեթ հայտարարություններից ու ժամանակ առ ժամանակ արձակվող կրակոցներից:

Հերթական անգամ զինադադարի խախտումը մահվան պատճառ դարձավ: Ինչպես տեղեկացրել է «Ազգը», հոկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հատվածում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 24-ամյա Յուրի Արամի Սարգսյանը:

Միջադեպի հաջորդ օրը ադրբեջանական աղբյուրներն էլ, ստի ու կեղծիքի հերթական մատուցմամբ, տեղեկացնում էին, թե փոխհրաձգությունից մահացել են երկու ադրբեջանցի զինծառայող, «հայերի կորուստներն էլ ավելի մեծաթիվ են եղել»: Զարմանալու ոչինչ չկա ադրբեջանական կողմի այսպիսի «հրճվանքի մեջ»:

Սակայն զարմանքի տեղիք է տալիս այն, երբ նույն օրն իսկ շփման գծից բավականին հեռու` Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանցի պատվիրակները քրտնմխած դարդ էին անում Հայաստանում ժողովրդավարության խնդիրների լուծված չլինելու մասին: Քննարկվում էր վեհաժողովի նստաշրջանի օրակարգի նախագծով հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնման մասին զեկույցը, որին «Ազգը» անդրադարձել է:

Ադրբեջանցի վեհաժողովականները, որպիսիք Հայաստանի մասին զեկույցի քննարկմանը ելույթ ունեցան 6-ը` հայաստանյան 4 պատվիրակների հետ, այնպիսի ջերմեռանդությամբ էին խոսում «չկայացած Հայաստանի, ժողովրդավարական բազմաթիվ խնդիրների մեջ ապրող հայ ժողովրդի» անորոշ ապագայի մասին, որ մի պահ կարելի էր կարծել, թե Հայաստանն էլ Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանի «փոքր եղբայրն» է:

Հայաստանի պատվիրակությունից ելույթ ունեցող Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը որեւէ կերպ չանդրադարձան ադրբեջանական թեմային, իսկ նրանց հետ հերթագայությամբ ելույթ ունեցող ադրբեջանցիների մեղադրանքների ու անհեթեթությունների պատճառով ավելի հանդարտ լինելու ու մեղադրանքներ չհնչեցնելու մի քանի բառ նրանց հասցեագրեց միայն Արմեն Ռուստամյանը, ումից հետո դեռ էլի երեք ադրբեջանցի պիտի խոսեր:

Փաստացի կիսադատարկ դահլիճում ելույթ ունեցող հայ եւ ադրբեջանցի պատգամավորների խոսքից հետո Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը նախ հեգնեց, թե մի պահ իրեն թվացել է` քննարկումն Ադրբեջանին է վերաբերում: «Լսելով այս մարդկանց Ադրբեջանից, կարելի էր մտածել, թե դա աշխարհում ամենաժողովրդավարական երկիրն է, բայց ես ունեմ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը, ըստ որի «Արտահայտման, միավորման եւ խաղաղ հավաքների ազատությունը լուրջ խոչընդոտների է բախվում Ադրբեջանում»:

Ակնհայտորեն համբերությունը հատած Պրեսկոտը հնչեցրեց նաեւ քաղբանտարկյալների իրավիճակի մասին զեկույց պատրաստելու համար ԵԽԽՎ զեկուցողին Ադրբեջան մուտքի արտոնագիր չտալու մասին ադրբեջանական պատվիրակության ղեկավարի արդարանալու փորձերը: Ակնարկելով, որ հայկական հարցի մասին ադրբեջանական ելույթների էներգիան կարող էր իրենց երկրում օգտագործել, Պրեսկոտը շեշտեց. «Կարծում եմ, այլ երկրների ներկայացուցիչները պետք է նախ իրենց նայեն` մինչեւ սկսեն դժգոհել»:

Իրավիճակի առնչությամբ դժգոհ արտահայտություններ արեց նաեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Դիկ Մարտին: Դահլիճում ներկա էլի մի քանի վեհաժողովականներ հաստատապես նույն մոտեցումն ունեին: Իսկ ամենավատ հանգամանքը, որ շեշտեց մոնիտորինգի հանձնաժոողովի նախագահի պաշտոնը վերջին անգամ զբաղեցնող Դիկ Մարտին, վերաբերում էր կիսադատարկ դահլիճին եւ այն փաստին, որ Հայաստանի մասին զեկույցի քննարկմանը ելույթ ունեցան միայն հայերն ու ադրբեջանցիները:

Երկրների մոնիտորինգի հանդեպ այսպիսի իրավիճակը բնավ էլ ստանդարտ պարապություն չէ, որ սովորական է ԵԽԽՎ պարագայում: Ուրբաթ օրվա փոխարեն չորեքշաբթի քննարկված Հայաստանի հարցը լսվեց բավականին բուռն ու ակտիվ քննարկումներից հետո, որ վերաբերում էին տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդի վրա Լիսաբոնի համաձայնագրի ազդեցությանն ու բռնի եւ էքստրեմալ պոռնոգրաֆիային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4