«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2011-10-07 | #179, 2011-10-08 | #180, 2011-10-11


ՄԱՄՈՒԼԻ ԱՊԱԳԱՆ... ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՎ

Գլոբալացող աշխարհում ամենատեղական մամուլն անգամ որոշ առումով դարձել է գլոբալ, քանի որ յուրաքանչյուր նյութ հասանելի է ինտերնետով: Ըստ այդմ, հարցերը գնալով դադարում են լինել տեղական` դառնալով աշխարհագրական առումով առավել ընդգրկուն լսարանի թեմա:

«Մամուլի ապագան. քաղաքականությունը, քաղաքական մոտեցումներն ու ուժը» երկօրյա կոնֆերանսում, որ ընթանում է Բրյուսելում` Եվրոպական հարեւանության լրագրողական ցանցի անդամների մասնակցությամբ, այս եւ այլ հարցեր ներկայացվեցին ինչպես մամուլի հեռանկարների ու ժողովրդավարական լեգիտիմության, այնպես էլ սոցիալական մամուլի եւ 2011-ի հեղափոխությունների` արաբական գարնան ու սոցիալական ցանցերի միջոցով լրատվության ձեւերի զարգացման ֆոնին:

Արդեն գրեթե չորս տարի գոյություն ունեցող լրագրողական ցանցը, որ ներառում է ավելի քան 1000 անդամ, դասընթացների, ցանցերի ստեղծման, մոտեցումների ներկայացման միջոցով ընդհանրական է դարձնում տարբեր տարածաշրջանների` Եվրոպայի եւ հատկապես Եվրոմիության հետ հարաբերությունների ինչպես խնդիրները, այնպես էլ առավելությունները: Եվրոմիության ֆինանսավորմամբ եւ Թոմսոն հիմնադրամի աջակցությամբ իրականացված դասընթացներին մասնակցել են ավելի քան 200 լրագրող, այդ թվում` նաեւ Հայաստանից:

Բրյուսելյան հանդիպումը եզրափակումն է դասընթացների եւ հրապարակումների շարքի, որ իրականացվել են նախագծի շրջանակներում, եւ, ամենայն հավանականությամբ, արդեն եկող տարվա հունվարից կմեկնարկեն եվրոպական հարեւանության շրջանակներում տարբեր երկրների տարբեր խնդիրներին ծանոթացնելու դասընթացները, ըստ ամենայնի, առավել լայն լրագրողական ընդգրկմամբ:

Կոնֆերանսի շրջանակներում փորձառու լրագրողների ու փորձագետների զեկույցների հետ, այսօր արդեն, Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման մասին կներկայացնի նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բրյուսել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4