ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը գտնում է, որ մեր օրերում ամենավտանգավորը հոգեւոր մարտահրավերներն են: Նման հայտարարություն նա արել է Արցախի ժուռնալիստների միության օրերս կազմակերպած ասուլիսի ժամանակ: Ըստ Ա. Սարգսյանի` վերջին տասնամյակում Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրներ խստացրել են խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքները` սահմանափակելով այդ կառույցների իրավունքները: Եվրոպական որոշ պետությունների ղեկավարներ խոստովանում են, որ մուլտիկուլտուրիզմն իրենց երկրներում ոչ միայն հաջողություն չի ունեցել, այլեւ ձախողվել է:
ԼՂՀ-ում «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքն ընդունվել է 2008 թվականին, որը կիրարկման է դրվել 2009 թվականի հունվարից: Անցած ժամանակահատվածում պետական գրանցում ստացել են այն կրոնական կազմակերպությունները, որոնց գործունեությունը չի հակասում ԼՂՀ օրենսդրությանը: Եվ քանի որ գործող աղանդավորական կազմակերպությունների նպատակները հակասում են մեր երկրի շահերին, նշել է բանախոսը, ուստի դրանց գրանցման դիմումները մերժվել են: Ա. Սարգսյանի կարծիքով` կրոնական ոլորտը կարգավորող օրենսդրությունը լրացման կարիք ունի:
Մասնավորապես, թեպետ հոգեորսությունն օրենքով արգելվում է, սակայն չի հստակեցված պատժաչափը: Աղանդների ներկայացուցիչներն օրական միջինը 100 բնակարան են մտնում` քարոզչության նպատակներով, տեղեկացրեց նա: Թաղային տեսուչներն էլ չեն ուզում վերջիններիս տուգանել, որովհետեւ տուգանքի գումարաչափը ծիծաղելի թիվ է կազմում: Իբրեւ վարչական իրավախախտում` հոգեորսության համար սահմանված է 1000 դրամ տուգանք (Հայաստանի Հանրապետությունում նույն չափն է կիրառվում): Դա այն դեպքում, երբ, օրինակ, Ֆրանսիայում նույնպիսի իրավախախտման համար օրենքը սահմանում է 50. 000 եվրո տուգանք եւ մինչեւ 6 տարի ազատազրկում: Իսկ ահա Իրանի Իսլամական Հանրապետությունում հոգեորսությունը համարվում է ծանր հանցատեսակ ու նախատեսում է 30 տարի ազատազրկում կամ կախաղան: Մեր հարեւան Ադրբեջանում նման արարքների համար պատժաչափ է սահմանված 2-3 տարի ազատազրկումը:
Հոգեւոր ոլորտում վերահսկողությունը թույլ է, համոզված է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի բաժնի պետը: Բանախոսը հղում արեց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի մի որոշման, ըստ որի հորդորվում է եվրոպական երկրներին` ստեղծել կրոնական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող անկախ կենտրոններ: Տվյալ շրջանակում նա կարեւորեց երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության խնդիրը, նշելով, որ լինում է, երբ ծնողի կողմից երեխային պարտադրվում է մասնակցել կրոնական ծեսերին, ինչն անթույլատրելի է:
Աղանդներն ակտիվանում են այնտեղ, որտեղ սոցիալական վիճակը ծանր է: Նման իրավիճակում հայտնվում են «հրաշագործներ», որոնք եկեղեցու անունից հանդես գալով` իբր բուժում են առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, մինչդեռ հետեւանքը հաճախ ողբերգական է լինում:
Հոգեւոր քարոզչության բնագավառում նույնպես վիճակը մխիթարական չէ: Իսկ դրա մի պատճառը Արցախում քահանաների սակավությունն է: Միեւնույն ժամանակ, ցածր է եկեղեցու սպասավորների աշխատավարձը:
ԼՂՀ վարչապետին առընթեր կրոնի խորհուրդը խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենքի նախագիծ է պատրաստել, տեղեկացրեց Ա. Սարգսյանը, եւ շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ