«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2011-10-07 | #179, 2011-10-08 | #180, 2011-10-11


ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԴԵՌ ՈՂՋ ԵՆ

Նախորդ օրերին հայկական, ու հատկապես ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկացրին, որ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների ընթացքում տեղի են ունեցել ղարաբաղյան հակամարտության թեմայով լսումներ: Նիստում, որտեղ նախագահել է պորտուգալացի Ժոա Սուարեշը, ըստ նույն տեղեկությունների, ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա): Նախ նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ղարաբաղյան թեմայով լսումների փաստը զարմանալու կամ իրար անցնելու հիմք չէ: ԵԱՀԿ Մինսկի խումբը` Մոսկվա-Վաշինգտոն-Փարիզ համանախագահությամբ, հենց ստեղծված է իրականացնելու միջնորդական ջանքեր ԼՂ հակամարտության կողմերի միջեւ` «հարատեւ խաղաղության հասնելու համար»: Հետեւաբար` նույն ԵԱՀԿ-ի ԽՎ-ի Դուբրովնիկի օրակարգն արդեն իսկ «նորություն» կամ խառնաշփոթի հիմք չի կարող լինել: Ավելին. Բրադկեն հայտարարել է, որ հակամարտության կարգավորման հիմքում միջնորդները տեսնում են «ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները», ինչպես տեսնում ենք` այստեղ էլ «սարսափելի» ոչինչ չկա: Ամերիկացի համանախագահողը պարզապես կրկնում են այն, ինչը գիտենք բոլորս: Այնուհետեւ նույն Բրադկեն, իսկ սա արդեն մեջբերում ենք ադրբեջանական աղբյուրներից, ասել է. «Այժմ առկա են վեց սկզբունքներ, որոնց կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ կողմերի միջեւ: Այդ սկզբունքներն են.

1. Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից զորքի դուրսբերում:

2. Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակի տրամադրում:

3. Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ անմիջական կապի ապահովում:

4. Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշում:

5. Փախստականների վերադարձ:

6. Տարածաշրջանում խաղաղության միջազգային ապահովում եւ խաղաղարար: գործողության իրականացում»:

Փաստորեն` ամերիկացի Բրադկեն, որքան էլ այդ բանը ցանկանում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նոր բան ամենեւին էլ չի ասել: Այս սկզբունքները, որոնք հայտնի են մադրիդյան անվանմամբ, բարձրաձայնել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահները Դուբրովնիկի նիստից շատ ու շատ առաջ. դեռեւս անցյալ տարվա հունիսի 26-ին Մուսկոկայում: Ընդ որում` այս սկզբունքները զետեղված են ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահների պաշտոնական կայքերում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ԼՂ հակամարտության կողմերին առաջարկված հիմնահարցի լուծման հիմնարար սկզբունքներ: Սակայն այստեղ խնդիրը բոլորովին այլ է: Վերոհիշյալ սկզբունքների «ադրբեջանական ներկայացման» մեջ բավական տարօրինակություններ կան. օրինակ` «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշում»: Նման զավեշտալի սահմանում Մինսկի խմբի եւ ոչ մի համանախագահ, լինի ծովափնյա Դուբրովնիկում, թե այլուր, իրեն թույլ տալ չի կարող: Այսինքն ո՞վ պետք է որոշի այդ կարգավիճակը... Այս ու նման հարցերի պատասխանը հասկանալու համար նորից տանք մադրիդյան սկզբունքների հրապարակված մասը, որը եւ պահպանվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների կայքերում, այնինչ Դոբրովնիկի հիշյալ հայտարարությունը առկա է միայն ԶԼՄ-ներում, այն էլ հիմնականում `ադրբեջանական: Այսպես, միջնորդական առաքելությունը 2007-ի նոյեմբերի 27-ին հակամարտող կողմերին առաջարկեց հակամարտության լուծման վեց սկզբունքներ, որոնք անվանվեցին մադրիդյան սկզբունքներ: Դրանք են 1. Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, 2. Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի անվտանգություն ու ինքնավարություն, 3. Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանք, 4. Լեռնային Ղարաբաղի ապագա, վերջնական կարգավիճակի սահմանում` նրա բնակիչների պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, 5. բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների իրավունք` վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը, 6. միջազգային անվտանգության երաշխիքներ` ներառյալ խաղաղապահ առաքելությունը: Հիմա կարծես թե որոշ պարզեցումներ եղան: Օրինակ` հասկացանք, թե ով պետք է որոշի ԼՂ-ի ապագա, վերջնական կարգավիճակը, որ «իրենց նախկին բնակության վայրեր» իրավունք ունեն վերադառնալու «բոլոր տեղահանված մարդիկ ու փախստականները», տեղին է շեշտել` անկախ ազգությունից, եւ որ Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք միջանկյալ կարգավիճակը «երաշխավորելու է անվտանգությունն ու ինքնավարությունը»: Ինչպես հիշում ենք` ԵԱՀԿ Մինսկի խմբում ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այս կետը պարզեցրեց. «ԼՂ-ին տրվելիք միջանկյալ կարգավիճակը չի կարող ավելի նվազ լինել այժմյան ԼՂ-ի կարգավիճակից», իսկ «այժմյան ԼՂ-ն» անկախ պետություն է` ի դեպ:

Ինչեւէ, ինչպես համոզվում ենք Դուբրովնիկում միջնորդները նոր բան չեն ասել առհասարակ: Միակ ուշագրավ հանգամանքը այս ամբողջ պատմության մեջ թերեւս փաստն է, որ մադրիդյան սկզբունքները դեռ կենդանի են...Կազանում այս տարվա հունիս 24-ին կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումից, նախագահ Մեդվեդեւի «հիասթափությունից», ինչպես նաեւ միջնորդական գործողություններում վերջին շրջանում տիրող «հրադադարից» հետո նման հստակեցման կարիք իրոք կար, որը եւ փաստորեն միջնորդներն արեցին խորվաթական Դուբրովնիկում, եւ ոչ մի բան ավելին:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4