«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2011-10-07 | #179, 2011-10-08 | #180, 2011-10-11


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ Ո՞Ր ՃՅՈՒՂԵՐԸ ՄՐՑՈՒՆԱԿ ԿԼԻՆԵՆ

Արտահանման զարգացման ծրագիրը քննարկվեց գործարարների հետ

Արտահանմանն ուղղված արդյունաբերության քաղաքականության ռազմավարությունը երեկ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ու ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամները քննարկեցին գործարարների հետ: Բացելով քննարկումըՙ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը, նշեց, որ առաջին անգամ է նման ռազմավարություն մշակվում եւ դրական համարեց գործարարների հետ քննարկելու փաստը: Էկոնոմիկայի նախարարի ավագ խորհրդական Իգոր Զարգարյանը աշխատատեղերի ստեղծման եւ արտահոսքի կանխման ուղղությամբ կարեւոր համարեց ռազմավարության իրագործումը:

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակը ներկայացրեց աշխատանքային խմբի ղեկավար «Ի-Վի քոնսալտինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը: Նա նշեց, որ բիզնեսի մասնակցությունը պետության առաջարկած ռազմավարությանը դրա հաջող իրագործման գրավականն է: Մանուկ Հերգնյանը հայտնեց, որ ռազմավարությունը բաղկացած է 3 փուլից, որի իրագործման արդյունքում Հայաստանը պետք է դառնա բարձրարժեք արտադրանք թողարկող երկիր: Ծրագրված է նպաստել ոչ միայն արտահանմանը, այլեւ դրա դիվերսիֆիկացմանը: Հիմնական թիրախ են ընտրվել արդյունաբերության վերամշակող 11 ճյուղեր: Նախատեսվում է մինչեւ 2020-ը այս ճյուղերից 3 մլրդ դոլարի արտահանման ցուցանիշի հասնել: Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հրապարակումներում, այդ ճյուղերն են կոնյակագործությունը, գինեգործությունը, պահածոների, հյութերի, ջրերի արտադրությունները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, ժամացույցների արտադրությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, դեղարտադրությունը, տեքստիլ արտադրությունը: Այս ընթացքում նախատեսվող քայլերից Մանուկ Հերգնյանը նշեց սարքավորումների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկից ազատումը սահմանի վրա, երկու ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, որակի կառավարման համակարգերի մշակումը, անդրազգային կորպորացիաների ներգրավումը եւ այլն:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ (ՀԱԳՄ) Արսեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով «Ազգի» հարցին, թե ի՞նչ նշանակություն կունենա այս փաստաթուղթը արդյունաբերության զարգացման համար, փաստեց, որ տարիներ շարունակ խոսվել է արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակման մասին, եւ վերջերս մշակվել է արտահանմանն ուղղված այս ծրագիրը: Ըստ Արսեն Ղազարյանիՙ լավ մասնագիտական խումբ է աշխատելՙ ներկայացնելով մեր արդյունաբերության այն ուղղությունները, որոնք կապահովեն համախառն ներքին արդյունքի աճ: Միաժամանակ նա նշեց, որ կարեւոր են տնտեսությունից, այսինքնՙ գործարարներից եկող առաջարկները: «Կարեւոր է նաեւ տեղական արտադրողների համար, թե ո՞ր ճյուղերը մրցունակ կլինեն եւ ի՞նչ ներդրումներ պետք է կատարվեն», ասաց ՀԱԳՄ նախագահըՙ ավելացնելով, որ քննարկումներից հետո այս ծրագիրը ուղենիշ կդառնա գործարարների համար:

101 մլրդ դրամը մեծ բեռ չէ, եթե հավաքվի ստվերի հաշվին

Պատասխանելով հարցին, թե եկող տարի հարկային բեռի կտրուկՙ 101 մլրդ դրամով ավելացումը մեծ բեռ չէ՞ գործարարների համար, Արսեն Ղազարյանն ասաց, որ գործարարները չեն կարծում, թե դա մեծ բեռ է, եթե ստվերից է նվազելու, եթե հարկումն արվելու է հավասարաչափ, եթե արտոնյալ ոլորտների քանակը նվազելու է եւ եթե փոքր ու միջին բիզնեսը չի վնասվելու: Այդ մասին գործարարները ասել են նաեւ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4