Եվրոպական հարեւանության լրագրողական ցանցի շրջանակներում չորս տարի իրականացված նախագիծը առավել քան հաջողված որակեց ԵՄ-ի ընդլայնման ու եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` ելույթ ունենալով նախագծի ավարտական հանդիպման «Մամուլի ապագան» համաժողովում, որ երեկ ավարտվեց Բրյուսելում:
ԵՄ հանձնակատարը լրագրողների դասընթացներն ու ցանցային քննարկումները կարեւորեց հատկապես թունիսցի եւ եգիպտոսցի լրագրողների համար, որոնք ծրագրին մասնակցել են հեղափոխությունների ընթացքին զուգահեռ: «Լավ գործ է արվել», շեշտեց եվրոհանձնակատարը, ընդգծելով մամուլի կարեւոր դերակատարությունը, հատկապես, երբ արաբական գարնան հեղափոխությունները ցույց տվեցին, որ մարդկանց պահանջը ոչ թե իշխանությունների` իրենց ունկնդիր լինելն է, այլ հասարակության համար իշխանությունների աշխատանքը:
Ֆյուլեն խոստովանեց, որ երբ նախաձեռնվում էր ԵՄ արտաքին քաղաքականությանն առնչվող Լիսաբոնյան համաձայնագիրը, նպատակն ուղղակի ընդհանուր արտաքին քաղաքական մոտեցումների մշակումն էր, սակայն «իրականում պարզվեց, որ պետք է գնանք հեռուն, եւ դա ոչ թե եվրոպական հաստատություններում կուտակված փորձառության հիմքով, այլ մեր հարեւանության գործընկերների հետ տարբեր մակարդակներում ներգրավվածության»:
Եվրոպական մոտեցումների ու հարեւանության հիմքում, ըստ Ֆյուլեի, դրված է գործընկեր երկրների քաղաքացիների սպասումների ու ձգտումների բավարարումը: Այս առումով էլ հենց հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների իշխանություններից բացի ԵՄ-ն սկսեց փորձել «խոսել» նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ավելի քան երկու հարյուր լրագրողներից կազմված լսարանի առջեւ Շտեֆան Ֆյուլեն ԵՄ «հարեւաններին» հիշեցրեց, որ վերանայված քաղաքականությամբ հարաբերություններն այսուհետեւ կառուցվելու են «որքան շատ բարեփոխում, այնքան մեծ աջակցություն» մոտեցմամբ, ընդ որում, եթե բավարարված չլինեն հարեւանների քաղաքացիները, ԵՄ-ն կարող է վերանայել, հաստատապես ոչ լավ իմաստով, արդեն իսկ վերանայված իր քաղաքականությունը:
Եվրոմիությունը, ինչպես քանիցս ասել է (բայց իրագործել բացասակաան իմաստով), տարբերակված մոտեցում է ցուցաբերում ինչպես հարավային, այնպես էլ Արեւելյան հարեւաններին: «Արեւելքում մենք քանդել ենք պատը Եվրոպայի ու արեւելյան գործընկերության որոշ երկրների միջեւ, մեր մեկնաբանությամբ, արեւելյան գործընկերների հետ հարաբերություններով», ասաց ԵՄ-ի հանձնակատարը: Միեւնույն ժամանակ, ըստ Ֆյուլեի, թեեւ հարեւանության ծրագրում «չկա անդամության խոստում, բայց դա հնարավոր է պարտավորությունների կատարման միջոցով»:
Սովետական հոդվածներով դատապարտումը` անընդունելի
Պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցին, թե ինչպես է պատրաստվում արձագանքել ԵՄ-ն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ կայացված դատավճռին, որով նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, Շտեֆան Ֆյուլեն պատասխանեց, որ ԵՄ-ը դեռեւս հունվարին ուկրաինացի իր գործընկերներին հստակորեն ասել է, որ պետք է զգույշ լինել դատական համակարգը օգտագործելիս այնպիսի մի պարագայում, երբ մարդուն ներկայացվող լրջագույն մեղադրանքների հիմքում սովետական արմատներով օրենսդրական հոդվածներն են:
Տիմոշենկոյի դատավճռի կայացման հանգամանքին է անդրադարձել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսը` Վիլնյուսում հայտարարելով, որ ԵԱՀԿ-ն մտահոգ է նման դատավճռի կայացմամբ եւ ուկրաինական իշխանություններին կոչ է արել ամբողջապես թափանցիկ վերաքննություն իրականացնել: ԵԱՀԿ-ի գործող նախագահի գնահատականը հատկապես հետաքրքրական է, քանի որ 2013-ին Ուկրաինան պատրաստվում է ստանձնել ԵԱՀԿ-ի նախագահությունը:
Այդուհանդերձ, ԵՄ-ն Տիմոշենկոյի դատավճռին կանդրադառնա նաեւ պաշտոնական հաղորդագրությամբ, իսկ մինչ այդ Ֆյուլեն ընդգծեց, որ արդար դատական գործընթացը պետք է զուգահեռվի այն իրավիճակի հետ, երբ Ուկրաինային «մի քանի քայլ է մնացել ավարտելու Ասոցացման համաձայնագրի բանակցությունները»:
«Գործընթացը դեռ ավարտված չէ, եւ ես կհետեւեմ դրան ամենայն ուշադրությամբ», վերջում ավելացրեց Ֆյուլեն:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բրյուսել