ԵԽԽՎ-ն իր վերջին նստաշրջանում ընդունել է գրավոր հայտարարություն, որով «ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ կոչ է արվում Եվրոպային` ուղիղ երկխոսություն ծավալել Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ»: Հայ վեհաժողովական Զարուհի Փոստանջյանի առաջակությամբ այս հայտարարությունը ստորագրել են 32 վեհաժողովականներ, եւ այն չունի` իրավաբանական ուժ: Այդուհանդերձ իրադարձությունը ուշագրավ է, մանավանդ` դրա հնարավոր հետեւանքների համայնապատկերում: Բայց նախքան հետեւանքներին անդրադառնալը նկատենք, որ վերոհիշյալ հայտարարության տակ ամենաշատը «ֆրանսիական ստորագրություններն են», իսկ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է, ավելին, այս հայտարարությունը հրապարակվեց այն ժամանակ, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երեւանում մեկուկես օր անցկացնելուց հետո այցելեց Բաքու` երկուսուկես ժամով: Ընդ որում` ամենեւին էլ իր այցելությամբ չպատվելով Բաքվի «շեհիդների պուրակը»:
Փաստորեն Ադրբեջանում բոլորը, սկսած Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական ու հասարակական հարցերի վարչության պետ Ալի Հասանովից, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ, «խոստումնալից» ազգանունով Գանիրա Փաշաեւայից եւ «ազատ ու անկախ» Ադրբեջանի բոլոր «ազատ ու անկախ» վերլուծաբաններից, սկսեցին լրջորեն քննադատել Ֆրանսիայի նախագահին «Ադրբեջանը հրապարակավ նվաստացնելու մեջ»: Տիկին Փաշաեւայի հայտարարություններին մենք դեռ կանդրադառնանք, այժմ նշենք, որ տասը ֆրանսիացիների կողքին ԼՂՀ-ն ճանաչող հայտարարությունը ստորագրել է նաեւ սերբ Դրագան Տոդորովիչը: «Ընդ որումՙ Սերբիան այն երկիրն է, որը տարածքային ամբողջականության հետ կապված ավելի մեծ խնդիր ունի, քան Ադրբեջանը: Այնինչ Բաքուն մշտապես չի ճանաչել Կոսովոյի անջատումը Սերբիայից, համարելով դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում», «դժգոհում է» ադրբեջանցի վերլուծաբանը Vesti.az-ում: Ուրիշ հարց է, անշուշտ, թե Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը միջազգային իրավունքին համահունչ ճանաչած ՄԱԿ-ի միջազգային Հաագայի դատարանը «միջազգային իրավունքի» այդ ո՞ր նորմն է խախտել, սակայն երբ խոսում է ադրբեջանական աղբյուրը, հարցերը հաճախ մնում են անպատասխան:
Ինչեւէ` սերբ վեհաժողովականի գրասենյակը երեկ «եռուզեռի» մեջ էր: Ադրբեջանական Vesti.az-ից զանգահարել էին Տոդորովիչին` պարզելու, «թե այդ ի՞նչն է ստիպել սերբ վեհաժողովականին ստորագրել տարածքային ամբողջականությունը հաշվի չառնող հայտարարությունը: Ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանը մշտապես պաշտպանել է Սերբիայի տարածքային ամբողջականությունը»: Ինչպես պատմում է Vesti.az-ի մեկնաբանը, «Սկզբում, երբ Տոդորովիչը իմացավ, որ զանգը Բաքվից է ու խնդիրը` իր ստորագրությունն է, հայտարարեց, որ ինքը չի հասկանում անգլերեն, հետո, երբ մենք անցանք ռուսերենի, նա այդուհանդերձ պատասխանեց մեր հարցերին»: Այսպես. երբ հետաքրքրվել են Տոդորովիչից, թե ինքը իմացե՞լ է, թե ինչ է ստորագրում, սերբ վեհաժողովականը պատասխանել է` «այո», երբ հարցրել են` ինչո՞ւ, ըստ ադրբեջանական աղբյուրի` պատասխանել է. «Որովհետեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պաշտպանեց մեր պատվիրակության նախաձեռնությունը»: «Իսկ մենք չե՞նք պաշտպանել Սերբիային» հարցին Տոդորովիչը պատասխանել է. «Ոչ, ադրբեջանական պատվիրակությունը չի ստորագրել մեր ներկայացրած հայտարարությունը»: Այս ամենով չբավարարվելովՙ ադրբեջանցի մեկնաբանը զրույցի է հրավիրել «անանուն զրուցակցի», որն ասել է. «Պարոն Տոդորովիչը իրականում չի իմացել թե ինչ է ստորագրում, իսկ երբ իմացել է ու ցանկացել հետ կանչել իր ստորագրությունը, արդեն ուշ է եղել»: Թե ԵԽԽՎ-ում վեհաժողովականների քանի՞ տոկոսն է ստորագրում «առանց իմանալու»ՙ թողնենք պատասխանելու ադրբեջանական աղբյուրին ու նրա «անանուն զրուցակցին»:
Այժմ` «10 ֆրանսիացիների» ու Գանիրա Փաշաեւայի մասին: Վերջինս` ԼՂՀ-ն ճանաչող հայտարարության տակ տեսնելով տասը ֆրանսիական ստորագրությունները, անմիջապես զրուցել է նույն Vesti.az-ի հետ: Տիկին Փաշաեւան, առանց «հաշվի առնելու», որ նույն օրը տարածաշրջանում է Ֆրանսիայի նախագահը, «կշտամբել է Փարիզին` որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի» եւ հայտարարել. «Թե որքանո՞վ է Ֆրանսիան արդյունավետ համանախագահում Մինսկի խմբում եւ դեռ որքա՞ն պետք է նպատակահարմար համարվի այդ համանախագահությունը, կարծում եմ, պետք է քննարկվի ավելի բարձր մակարդակներում: Ինձ համար միշտ էլ, իրականում, ակնհայտ է եղել Փարիզի դիրքորոշումը ԼՂ-ի հարցում»: Սա փաստորեն արդեն բարձրաձայնած անվստահություն է` Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկին, այն էլ հնչեցրած ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամի կողմից: Թե ո՞ւր կտանի այս անվստահությունը Բաքվին, նույն Բաքվին, որի համար «Հայաստանի բարեկամներ են» նաեւ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, թերեւս գիտի միայն Իլհամ Ալիեւը, բայց դիտմամբ չի խոստովանում սեփական ժողովրդին. հո իշխանությունը պահելու կարեւորագույն լծակից չի զրկվելու մարդը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ