Հոկտեմբերի 11-ին քաղբանտարկյալ, ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանին Ռուսթավիի N6 խիստ ռեժիմի բանտում տեսակցել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ինչպես տեղեկացնում է «Երկիր» միությունը, տեսակցությանը սրբազանը, հայտնելով ջավախահայ քաղաքական գործչին իր զորակցությունը, միաժամանակ հորդորել է նրան դադարեցնել հացադուլը` հրաժարվելով առողջությանը վնասող այդ ծայրահեղ միջոցից: Ընդառաջելով սրբազանի հայրական հորդորներին` Վահագն Չախալյանը երեկվանից դադարեցրել է հացադուլը:
Հացադուլը դադարեցնելու որոշման հիմքում նաեւ բանտի վարչության կողմից Չախալյանի պահանջների մի մասի բավարարումն է: Ամենից առաջ, թույլատրվել է հայ հոգեւորականների եւ, մասնավորապես, Վազգեն սրբազանի հետ նրա տեսակցությունը, լուծվել է բանտախցի ջրամատակարարման խնդիրը, թույլատրվել է պահել ջրի համար բաքեր, վերացվել են բանտի խանութից գնումներ կատարելու սահմանափակումները, վերադարձվել են բռնագրավված գրքերը:
Չախալյանն իր փաստաբանի միջոցով փոխանցել է, որ հաստատակամ է շարունակելու իր նկատմամբ արդարության վերականգնման եւ ջավախահայության իրավունքների պաշտպանության պայքարը:
Ա. Հ.