Թուրքական առաջատար թերթերի խմբագիրներն ու հայտնի սյունակագիրները չեն ժխտում, որ հայ-թուրքական գործընթացի տապալման գլխավոր պատճառներից էին Ադրբեջանի հիստերիկ պահվածքն ու բացասական դիրքորոշումը:
Թուրքական Today՛s Zaman օրաթերթի տնտեսական բաժնի խմբագիր Մուսթաֆա Էդիբ Յըլմազի գնահատմամբ` հայ-թուրքական արձանագրություններն ու Հայոց ցեղասպանության հարցերը չպետք է միասին քննարկել: Թուրքիան եւ Հայաստանը հարեւաններ են: Աշխարհագրական դիրքն անհնար է փոխել, հետեւաբար անհրաժեշտ է հարաբերություններ հաստատել երկրների միջեւ: Յըլմազի մեկնաբանությամբ` սահմանի բացումը երկկողմանի նպաստավոր քայլ կլինի, սոցիալական, տնտեսական զարգացում, առաջխաղացում կնկատվի:
Յըլմազը արդարացի չի համարում գործընթացի տապալման համար միայն կառավարությանը մեղադրելը: «Նման հարցերը պետք է քննարկվեին ժողովուրդների մակարդակով: Մինչդեռ երկու հասարակությունները միմյանց չեն ճանաչում, առկա է երկկողմանի ատելություն: Այս պայմաններում իշխանությունը չի կարող քայլ կատարել», ասաց Յըլմազը:
Today՛s Zaman-ի տնտեսական բաժնի խմբագիրը համամիտ չէ, որ թուրքական կառավարությունը հայ-թուրքական հարաբերություններում չի ձգտում առաջընթաց քայլ կատարել: «Ինչպե՞ս կարող ենք որոշելՙ հայկական կո՞ղմն է ավելի շատ ցանկանում, որ հարաբերությունները բարելավվեն, թե՞ թուրքական: Թուրքիան մեծ ցանկություն ուներ սկզբում, բայց չնախատեսված իրադարձությունների հետեւանքով, երկու տարի առաջվա համեմատությամբ, այսօր ոգին փոխվել է, ցանկությունը` նվազել: Պատճառը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եղած խնդիրներն են: Սա շատ նուրբ քաղաքական շախմատ է: Ադրբեջանը որեւէ այլ երկիր չէ Թուրքիայի համար, անկախ ամեն ինչից, եւ դժբախտաբար Թուրքիան կախված է Ադրբեջանի կարծիքից: Իսկ Ադրբեջանը կտրականապես դեմ էր արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Կարծում եմՙ հիմնական խնդիրը Ադրբեջանն էր»:
Գրեթե նույն կարծիքն է հայտնում նաեւ Chumhuriyet թերթի խմբագիր Հասան Էրիշը: Նա համոզված է` մինչ հայ-թուրքական հարաբերություններ նախաձեռնելը թուրքական կառավարությունը Ադրբեջանին արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին տեղյակ չի պահել: «Դա ազդեցիկ եղավ: Փաստացի Թուրքիան եւ Ադրբեջանը երկու պետություն, մեկ ազգ են համարվում, սակայն Ադրբեջանը դրոշները վառեց, ու այդ երեւույթը վախեցրեց ներկայիս կառավարությանը: Նրանք ընդդիմությունից էլ օժանդակություն չստացան, Ադրբեջանի հայտարարությունները ազդեցիկ դարձան, ու Թուրքիան որոշեց չշարունակել գործընթացը»:
Որ Ադրբեջանի ազդեցությունը շատ մեծ է եւ երրորդ երկրի գործոնով է պայմանավորված, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի գրանցվում, փաստում է Haberturk-ի սյունյակագիր Ամբերին Զամանը: Նա վստահ է` երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն, որովհետեւ Ադրբեջանը դեմ է: «Իսկ Ադրբեջանը Ադրբեջան է, նա Թուրքիայի համար սովորական պետություն չէ»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստամբուլ-Երեւան