«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2011-10-13 | #183, 2011-10-14 | #184, 2011-10-15


ԲԱՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԺԵՔԸ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔՆ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերջին օրերին բոլորիս սիրտը ցավեցրին զինվորների մահվան բոթերը բանակում: Ոչ մեկն անտարբեր չմնաց այդ մահերին` մի մասն այդ առթիվ հայհոյում է երկիրն ու նրա ղեկավարությանը, մյուս մասը փնտրում օբյեկտիվ պատճառներ` բանակում առկա ագրեսիվությունը պրոյեկտելով հասարակության մեջ առկա ագրեսիվությունից: Հիշեցին նաեւ հեռուստատեսությամբ ամեն օր ցուցադրվող սերիալներում առկա գողական բարքերի գործած ավերը եւ փողի վրա կառուցված մեր հասարակական հարաբերությունները, անհոգի եւ անարժեք ճնշումը մարդկանց նկարագրի վրա: Եղան այս մահերը քաղաքականացնողներ, անգամ զոհված զինվորների անունները 2008 թվականի մարտի 1-ի զոհերի կողքին դնողներ, ինչպես ասում են, ամեն մեկն իր պատկերով եւ նմանությամբ անամոք ցավի վրայով անցավ:

Իմ գործընկեր Հովիկ Աֆյանը, որպես նախկին զինծառայող, ամեն ինչին նայում է ներքեւից` հասարակ զինվորի աչքերով եւ դաստիարակչական ապտակը անընդունելի չի համարում` սխալներն ուղղելուն նպաստելու եւ զինվորական գործը սովորելու տեսակետից, նշելով, որ անձնական հարաբերությունները զինվորների միջեւ միշտ չէ, որ կարող է սպան վերահսկել: Ես պատահածին նայում եմ մոր նման, որ ողջ ու առողջ, ամեն ինչը տեղն իր զավակին ուղարկում է բանակ եւ ուզում է առողջ եւ չծեծված էլ հետ ստանալ` ամենեւին այս պարագան որպես միակողմանի պահանջ չուղղելով բանակին, այլ` երկիր պահելու ջանքերին զուգահեռելով նաեւ ծնողի իր արդար ցանկությունը: Այս երկու մոտեցումները բանակի դեպքում միահյուսվեն պիտի եւ դրական ելքի երեւույթն ունենան, որպեսզի այսպիսի արդյունք չլիներ այսօր: Մինչդեռ օր օրի բանակում ավելացող մահվան դեպքերը արդեն ոչ թե բանակային վիճակագրություն են պարզապես, այլ բանակի ղեկավարության, գեներալիտետի, միջին սպայակազմի` իրավիճակին չտիրապետելու մասին վկայություն, փաստաթուղթը: Մեկ օր առաջ վերջին օրերին արդեն երրորդ մահվան դեպքի մասին իմացանք` Իջեւանի զորամասում մահացել է 21-ամյա շարքային, երեւանցի Արամ Մելքոնյանը. ըստ լուրերի` զենքը մաքրելիս անզգուշությամբ կրակել է իր վրա: 5 օրվա մեջ երրորդ մահվան դեպքը բանակում, ընդ որում հենց սկզբից, կարելի է ասել, ակնթարթային արագությամբ պաշտոնապես ինքնասպանության վարկածն է կպցվում լուրի պոչին: Արամ Մելքոնյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ի սահմաններում: Հոկտեմբերի 12-ին, ժամը 12:40-ի սահմաններում Մատաղիսի զորամասի դիրքում իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել Խարբերդից 19-ամյա զինծառայող Յուրիկ Ներսիսյանը: Հոկտեմբերի 9-ին նույն նկարագրով էլի խարբերդցի Վլադիմիր Ասատրյանն է ինքնասպանություն գործել:

Այ մարդ, որ դեռ հետաքննություն չեք արել` ի՞նչ իմացաք ինքնասպանություն է, կամ հենց եթե ինքնասպանություն է` սպանությունից էլ վատ է, ուրեմն, որովհետեւ այդ դեպքում մեղավոր են բոլորն, ովքեր շրջապատել են ինքնասպանվողին, նպաստել են դրան կամ աչք են փակել նպաստողների արարքների վրա: Այդ իմաստով` ինքնասպանություն հասցրածներին ավելի խիստ պետք է պատժել, սպանություն գործողին համարժեք: Սակայն խնդիրը մասնավոր դեպքերը չեն այլեւս: Երկար ժամանակ ծանր խոսքեր չէինք գրում բանակի ղեկավարության հասցեին` գիտակցելով, որ հայոց բանակը մեր երկրի համար մեծագույն արժեք է, նրա հոռի երեւույթները մեր հասարակության մեջ առկա հոռի երեւույթների արտացոլանքն են (ինչպես, ի դեպ, նաեւ այլ երկրներում), որի դեմ պայքարելու կամքի մասին ժամանակ առ ժամանակ հավաստում էին ե՛ւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ե՛ւ այլ առանցքային զինվորականներ: Սակայն հիմա արդեն կարեւոր էլ չէ, թե ով` ի՞նչ է բարձրաձայն ասում, ո՞վ է խոսում մահվան դեպքերը բացահայտելու պատրաստակամությունից, հիմա բանը բանից անցել է, տղերք, իրավիճակին չեք տիրապետում: Բանակը կարգապահության, բարքերի բյուրեղացման առումով հասարակության առաջին դիրքերում լինելու փոխարեն (քանի որ զինվորական կարգապահությունն, այնուամենայնիվ, բանակում է, եւ ոչ թե հասարակության մեջ)` շարժվում է պոչից, կլանում եւ արտացոլում հասարակական բարքերում առկա կեղտի տասնապատիկը: Իսկ սա արդեն բանակի ղեկավարության խնդիր է, ով չի կարողնում մեծ ախորժակները, ստորաբաժանումների եւ կառույցների ղեկավարողների ամբիցիաները ստորադաս դնել զինվորի կյանքից, ով չի գնահատում զինվորին` որպես բանակի գլխավոր արժեք: Այդպիսիք պետք է ինքնակամ լքեն բանակը, որը ոչ թե նրանց սեփական բոստանն է, այլ Հայաստանի Հանրապետության ազգային բանակը, մեր բոլորինը: Հարցերը ծագում են ինքնին` ինչո՞ւ մի քանի գեներալ ու սպա չեն հեռացվում այն ստորաբաժանումներից, որտեղ մահվան դեպքեր են գրանցվում, ինչո՞ւ երկրի անկախության 20-ամյակի պարգեւատրվածների մեջ չհնչեց անգամ մեկ շարքային զինվորի ազգանուն` գեներալնե՞րն են բանակ կայացնողները, դիրքերում թշնամուն դիմակայողները, ինչու բանակում մահացած զինվորների հարազատների փաստարկներն ու ապացույցներն այլ են, հետաքննական մարմիններինն` այլ: Ոչ մի պաշտոն ու պաշտոնյա, անգամ եթե նրա անձնական որակները շատերին բարձրակարգ են թվում, զինվորի կյանք չարժեն: Եթե բարեկիրթ ու կազմակերպված անձ եւ գուցե շատերիս համար ընդունելի Սեյրան Օհանյանը չի վերահսկում իրավիճակը, ապա բոլորովին պարտադիր չէ, որ նա նախարար մնա` նախարար լինելը հո ինքնանպատակ չէ՞, թող այնպիսի մարդ գա, ով կարող է արտակարգ միջոցառումներ կիրառել եւ բարքերը հնարավորինս մաքրել (ասում ենք` հնարավորինս, քանի որ հասկանալի է` երբ հասարակությունն ինքը մաքուր լինի, բանակը նույն պատկերը կունենա): Կամ եթե մահվան դեպքերը շատ են Արցախի պաշտպանության բանակում, ուրե՛մն Մովսես Հակոբյանն իր տեղում չէ. հասկանում եք, լավ մարդ, կամ լավ զինվորական լինելը քիչ է այդպիսի պաշտոններում:

Եթե 100 անդաստիարակ եւ կոռումպացված սպայի պետք է պատժել կամ հեռացնել, թեկուզ որպես բարքերը մաքրելու օրինակ, դա պետք է անհապաղ անել, իսկ եթե գողական բարքերն այնքան են խորացել բանակում, որ այդ մարդկանցից վախենում են ազատվել, ուրեմն բանակի գերագույն գլխավոր հրամանատարը վերջապես արտակարգ միջոցառումներ պետք է իրականացնի բանակի ղեկավարության շրջանում` քարոզը, տեսնում եք, չի օգնում: Բոլոր դեպքերում` անկախ նրանից, թե ով է մեղավոր բանակում գլուխն անտանելի բարձրացրած ոչ կանոնադրական հարաբերությունների համար, բանակում հասունացել է կարդինալ միջոցառումներ իրականացնելու ժամանակը, այլապես որդիներին բանակ ուղարկող ծնողները վստահություն չունեն իրենց զավակի ողջուառողջ վերադարձի հետ կապված, այլապես բանակը փայփայելու զգացումը ընդհանրապես տեղի կտա վախին ու անորոշությանը, իսկ որդեկորույս ծնողների ցավը երկրի ու բանակի դեմ ուղղողների պակաս չի զգացվի: Այս դեպքում բոլորովին կարեւոր չէ, որ մեկ տասնյակ կամ մեկ հարյուրյակ մարդ կարող են կորցնել պաշտոնները, կարեւոր են դրանց հոգեբանական անդրադարձները բանակի բարոյահոգեբանական վիճակի, կարգապահությունը բարձրացնելու կամ կոռումպացված վարքուբարքը զսպելու առումով: Եվ մեր հասարակության ընդհանուր առողջացման ուղղությամբ աշխատելու խնդրին լրջորեն նայելու համար եւս գուցե բանակում տեղի ունեցող մահերը ահազանգ կլինեն: Գուցե Հայաստանի հեռուստատեսությունների պատասխանատուները եւս իրենց կհավաքեն` հասարակություն փչացնող իրենց հաղորդումներից ու սերիալներից վերջապես հրաժարվելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4