«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2011-10-13 | #183, 2011-10-14 | #184, 2011-10-15


ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԱՂՎԱ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ

Ոչ. մեր երիտասարդությունը, ինչպես տարածված կարծիք կա, չի փախչում մեր երկրից եւ այո, մեր երիտասարդությունը մեր անկախ պետականության կրողն է ու մեր երկրի իրական տերը:

Չորեքշաբթի օրը «Մոսկվայի տուն» մշակութա-գործարարական կենտրոնում ամփոփվեցին «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» կարգախոսով ուսանողների ու աշակերտների շրջանում անցկացվող լավագույն գրական ստեղծագործությունների միջազգային 7-րդ մրցույթի արդյունքները եւ պարգեւատրվեցին հաղթողները: Մրցույթն ամեն տարի ավանդաբար կազմակերպում են Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը: Այս տարի մրցույթի թեման էր` «Երիտասարդությունը եւ Հայաստանի ապագան»: Ու դատելով համերգ-միջոցառմանը հայ պատանու հնչեցրած թմբուկի զարկից` այդ ապագան հպարտ է լինելու, հայ օրիորդի կատարած «Իլիկները» վկայեց այդ ապագայի լուսավորությունն ու ջերմությունը:

Բացի մրցույթի դափնեկիրներից, որոնք Արցախից են, Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքի տարբեր համայնքներից, պարգեւատրվեցին նաեւ «ամենահուզիչ», «ամենալավատեսական» «լավագույն ակնարկ», «ամենաբարի» աշխատանքների հեղինակները. դափնեկիրները ՀՀԿ-ից ու ՌՀՄ-ից ստացան նոութբուկներ, մնացած այլ ոլորտներում լավագույնները ստացան dvd-ներ: «Շնորհակալություն մեծագույն գործերի համար», դիմելով ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահին` ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ընդգծելով. «Մեծ խելքի առաջ գլուխ են խոնարհում, մեծ սրտի առաջ` ծունկը»: Սփյուռքի նախարարը վստահություն հայտնեց, որ «Հայ բարերարների ճեմուղին» մի քանի տասնամյակ անց կհամալրվի նոր ու այսօրվա անուններով: «Մենք եղել ենք` դա է վկայում մեր պատմությունը, որով մենք հպարտանում ենք, մենք կանք` դրա վկայությունը մեր քսանամյա անկախ պետությունն է, եւ մենք կլինենք` սրա ապացույցն այսօրվա հրաշալի պատանիներն ու աղջիկներն են», շեշտեց նախարարը: Արա Աբրահամյանը, շարունակելով տիկին նախարարի խոսքը, ասաց. «Մենք կլինենք, քանի որ ուզում ենք լինել»:

Իսկ մեծ էկրանին Արարատ լեռան պատկերն էր` որպես ապագայի, երիտասարդների խոսքերով ասած, Միացյալ Հայաստանի խորհուրդ, բեմում հայկական մի քանի համայնքներ ներկայացնող պատանիներն ու աղջիկները զրուցում էին ապագայի Հայաստանի մասին. «Տեսնում ենք քո ապագան` միավորված ու ուժեղ», որոշեցին երիտասարդները, որոնցից մեկը հայտնեց իր երազանքը. «Ուզում եմ շարունակել Տաթեւի ճոպանուղին, որը կանցնի Արցախով ու վերջին կանգառը կանի Արարատ լեռան գագաթին»:

Ահա, ուրեմն, մեր երիտասարդությունը իր վստահ խոստումով` կերտելու ավելի լավ Հայաստան, քան այսօր ունենք, բայց հենց այսօրվա Հայաստանի հիմքով, մեր անցյալը որպես հենասյուն վերցնելով: Ու այսօրվա երիտասարդները պատրաստ են «վաղվա մեծագույն գործերին»` իրենց ձեռքերով ու իրենց` մեր հայրենիքում:

Արդեն հաջորդ տարի «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» կարգախոսով մրցույթի թեման կլինի «Հայ-ռուսական բարեկամությունը»` նվիրված հաջորդ տարի տոնվող Ռուսաստանի անկախության 20-ամյակին: «Այս կապակցությամբ մենք Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում մեծ միջոցառում կանցկացնենք», ասաց Արա Աբրահամյանը` ընդգծելով. «Ռուսաստանում առաջնորդվում ենք հետեւյալ սկզբունքով. ուժեղ Ռուսաստան, այսինքն` ուժեղ Ռուսաստանի հայ, ուժեղ Ռուսաստանի հայ, այսինքն` ուժեղ Հայաստան»:

Միջոցառումը, որին մասնակցեցին նաեւ ներկայացուցիչներ Երեւանում ՌԴ դեսպանատնից` ի դեմս հայ-ռուսական բարեկամության մեծ նվիրյալ Վիկտոր Կրիվոպուսկովի, անցկացվում էր սփյուռքի եւ կրթության ու գիտության նախարարությունների հետ համատեղ. «Կրթության ու գիտության նախարարության հետ միասին ենք, բայց նախարարն այսօր մեզ հետ չէ, իսկ սփյուռքի նախարարը միշտ պատրաստակամ է` անձնապես մասնակից լինելու մեր նախաձեռնություններին ու միջոցառումներին», նկատեց Արա Աբրահամյանը` խոստանալով տարեցտարի մրցույթում ներառել նորանոր ոլորտներ ու ընդգրկել սփյուռքի ավելի շատ համայնքներ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4