«Գավառտրանսը» կա՛մ պետք է վերացնի խախտումը, կա՛մ հրաժարվի լիցենզիայից
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ 10 մլն դրամով տուգանեց «Գավառտրանս» ընկերությանըՙ գերիշխող դիրքի չարաշահման համար, եւ պահանջեց 5 օրվա ընթացքում վերացնել խախտումը:
Երեւան-Գավառ-Երեւան երթուղով ուղեւորափոխադրում իրականացնող «Գավառտրանս» ընկերությունը լիցենզիաների տրամադրման մրցույթում երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն փաստացի ուղեւորափոխադրումներ է իրականացրել 1000 դրամով:
Այս ընկերությունը սպասարկում է ընդհանուր առմամբ 3 երթուղիՙ Երեւան-Գավառ-Երեւան (թ. 303), Երեւան-գ. Սարուխան-Երեւան (թ. 313) եւ Գավառ-Երեւան-Գավառ (թ. 326): «Գավառտրանս»-ը պարտավորվել էր թ. 313 եւ թ. 326 համարի երթուղիները սպասարկել 1000 դրամով, իսկ Երեւան-Գավառ-Երեւան երթուղինՙ 500 դրամով: Սակայն փաստացի Երեւանից Գավառ մեկնողները ստիպված են եղել վճարել կրկնակի ավելի գումարՙ 500 դրամի փոխարեն 1000 դրամ:
Հանձնաժողովի դիտարկմամբՙ «Գավառտրանսը» ունի գերիշխող դիրք, քանի որ Գավառը եւ հարակից գյուղերը սպասարկող միակ երթուղին է: Իր վարքագծով նա խոչընդոտել է առավել բարեխիղճ ընկերությունների մուտքին նշված շուկա, քանի որ մրցութային փաթեթում առաջարկել է անհամեմատ ցածր գին, ինչն էլ մրցույթը շահելու հիմնական պատճառներից մեկն է եղել: Սակայն ընկերությունը չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները: Ելնելով այդ հանգամանքից էլ հանձնաժողովը որոշեց տուգանել ընկերությանըՙ պահանջելով վերացնել խախտումը կամ, հակառակ դեպքում, հրաժարվել լիցենզիայից:
Ա. Մ.