Անշարժ գույքի կադաստրում կկիրառվեն եկող տարվանից
2012-ի հունվարի 1-ից կմիասնականացվեն անշարժ գույքի կադաստրի համակարգում պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման ծառայությունների վճարները: Այս մասին լրագրողներին երեկ հայտնեց կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանը: Նա հիշեցրեց, որ ներկայումս գանձվող վճարների չափը կախված է գույքի մակերեսի չափից, դրա տեղակայման վայրից: Պահպանելով ներկայումս կիրառվող որոշ արտոնություններ, եկող տարվանից պետական գրանցման միասնականացված վճարը կկազմի 25 հզ. դրամ, տեղեկատվության տրամադրման վճարըՙ 10 հզ. դրամ:
2012 թվականի հունվարի 1-ից կվերանա նաեւ անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը: Անշարժ գույքի գործարքը կողմերը կարող են կնքել կադաստրի պետական կոմիտեի որեւէ սպասարկման գրասենյակում` անկախ գույքի գտնվելու վայրից, հանձնելով այն պետական գրանցման: Ընդ որում, ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքի կնքման համար վճարումներ չեն նախատեսվում: Այսինքն, անշարժ գույքի գործարքի կնքումն ու գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումը տեղի կունենան մեկ ատյանում:
Եկող տարվանից կադաստրի համակարգում կգործեն նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակները, որոնք կապահովեն քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ եւ այլն) տրամադրումը նրանց: Տեղեկացնելով այդ մասինՙ Աշոտ Մուսայանն ասաց, որ սպասարկման գրասենյակներ բացելու նպատակն է բացառել քաղաքացիների անմիջական շփումը պաշտոնատար անձանց հետ, նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: Ըստ կոմիտեի փոխնախագահի, քաղաքացիները նաեւ հնարավորություն կունենան դիմումները ներկայացնել եւ դրանց պատասխանները ստանալ կադաստրի որեւէ սպասարկման գրասենյակից` անկախ գույքի գտնվելու վայրից: էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն կունենան դիմումները ներկայացնել առցանցՙ կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով: Դիմումներ ներկայացրած քաղաքացիներին կտրամադրվի դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով նրանք կհետեւեն իրենց դիմումի քննարկման ընթացքին: Նախատեսվում է նաեւ ամբողջությամբ մասնավորեցնել անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը: Այն կիրականացվեն մասնագիտացված մասնավոր կազմակերպությունները:
Աշոտ Մուսայանը հիշատակեց նաեւ այս տարվա ընթացքում իրականացրած այլ քայլերՙ քաղաքային բնակավայրերում օրինական հողամասերին կից` ինքնակամ հողամասերի առկայության դեպքում անշարժ գույքի օրինական մասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հնարավորություն ընձեռնելը, պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի պարզեցումը` պետական գրանցումն իրականացնելով միայն անշարժ գույքը առաջին անգամ գրանցելու հիման վրաՙ առանց նորից տեղազննության եւ չափագրության կատարման եւ այլն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ