Շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Միավորված հայեր» կուսակցության 5-րդ համագումարը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ «Միավորված հայերի» մասին օգտագործվել են «հայրենասիրական, կենտրոնաձիգ, հզոր եւ կայուն պետականության կողմնակից երրորդ ուժ» բնորոշումները եւ որպես նպատակ նշվել է «Հայաստանում ճշմարիտ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետության եւ քաղաքացիական հասարակության ստեղծումը, որտեղ կգործի իրավունքի գերակայությունը եւ բոլորը հավասար կլինեն օրենքի առջեւ, որտեղ կպաշտպանվեն մարդու իրավունքները»: Իսկ իշխանափոխությանը եւ ոչ թե անձնափոխությանը հասնելու համար պետք է սկսել Ազգային ժողովից, «որտեղ օլիգարխները եւ մոնոպոլիստները իշխանությունը իրավագիտակցորեն կվերադարձնեն ժողովրդին»: Համագումարում այս կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը կոչ է արել իր 5 հազար անդամներին ակտիվ մասնակցել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Մ. Խ.