«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2011-10-15 | #185, 2011-10-18 | #186, 2011-10-19


«ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՋԱՆՔԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՂՂՎԵՆ ՈՉ ՖՈՐՄԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ»

Հայաստանին նվիրված զեկույցը ներկայացնելովՙ նշեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը

«Հայաստան` պետական ծախսերի ուսումնասիրություն. հարկաբյուջետային կոնսոլիդացում եւ վերականգնում» զեկույցը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աղքատության կրճատման եւ տնտեսական կառավարման ստորաբաժանման (ԱԿՏԿ) տնօրեն Իվոն Ցիկատան :

Ներկայացնելով զեկույցըՙ Իվոն Ցիկատան փաստեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելիս Հայաստանում ձեւավորվեց հարկաբյուջետային պակասուրդի բարձր եւ պետական պարտքի ծանր բեռի մակարդակ: Ըստ նրա, այժմ արդեն անհրաժեշտ է առաջնահերթության կարգով երկրում իրականացնել հարկաբյուջետային կոնսոլիդացում, սակայն ոչ կայուն տնտեսական աճի հաշվին:

«Հարկաբյուջետային կոնսոլիդացումը պետք է գլխավորապես իրականացվի հարկային համակարգի արդյունավետ բարեփոխումների միջոցով: Մեր տարածաշրջանում Հայաստանի հարկերի հավաքման տոկոսային ցուցանիշը ամենացածրերից է եւ անհրաժեշտ է բարձրացնել: Այդ նպատակով առավել մեծ ջանքեր պետք է ուղղվեն ոչ ֆորմալ տնտեսության դեմ պայքարին, որն, առանց գյուղատնտեսության, գնահատվում է երկրի համախառն արդյունքի 8 տոկոսի չափով», նշեց ՀԲ ներկայացուցիչը: Նրա կարծիքով, մյուս բարեփոխումները պետք է ուղղվեն ակցիզային հարկերին, հանքարդյունահանման ոլորտին եւ չափազանց մեծ հարկային արտոնություններին: Այդ բարեփոխումները կխթանեն հարկեր-ՀՆԱ հարաբերակցության երկար սպասված աճը` տնտեսության կայուն աճը պահպանող եւ աղքատությունը կրճատող պետական ծախսերի համապատասխան մակարդակի ֆինանսավորման համար: Իվոն Ցիկատայի գնահատմամբ, Հայաստանն արդեն իսկ ավելի քիչ ծախսեր է կատարում առողջապահության, կրթության, հանրային հատվածի աշխատավարձերի եւ ենթակառուցվածքի ուղղությամբ, հետեւաբար ծախսերի հետագա կրճատումները կարող են վնաս հասցնել աճին, թուլացնել երկրի մարդկային եւ ֆիզիկական կապիտալը եւ խաթարել հարկաբյուջետային կայունությունը: Միաժամանակ, կառավարությունը պետք է շարունակի հետամուտ լինել բարեփոխումների ողջամիտ ծրագրին` իր ներկա պետական ծախսերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: ՀԲ ներկայացուցիչը նաեւ այն կարծիքը հայտնեց, որ չնայած ծանր ճգնաժամին, Հայաստանի դիրքը բավականին կայուն եւ ամուր է:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, խոսելով հարկային փոփոխությունների նոր փաթեթի մասին, հայտնեց, որ այնտեղ նշված են թե՛ հարկային բեռի մեծացման, թե՛ ստվերի կրճատման հաշվին հարկային հավաքագրումների ավելացման հնարավորությունները: Նա հայտնեց, որ կառավարությունն այդ փաստաթուղթը դեռեւս չի ուղարկել Ազգային Ժողով: Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ այդ փաթեթում մասնավորապես նախատեսվում է ակցիզային հարկի դրույքների վերանայում: Միաժամանակ խորհրդարանում շրջանառության մեջ է գտնվում հանքարդյունաբերության մեջ հարկային ռեժիմի փոփոխության վերաբերյալ օրինագիծ, որը նույնպես կարելի է հարկային նոր փաթեթի մաս համարել:

Խոսելով երկրի արտաքին պարտքի բեռի մասինՙ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ Համաշխարհային բանկը բավարար է գնահատում արտաքին պարտքի բեռի կայունությունը: Նրա հավաստմամբ, արտաքին պարտքը հիմնականում կառավարելի է, բայց դա չի նշանակում, որ այն կարելի է ավելացնել 2-3 անգամ:

«Սպառնո՞ւմ է Հայաստանին հնարավոր նոր ճգնաժամը» հարցին պատասխանելովՙ ՀԲ ներկայացուցիչն ասաց, որ ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում Հայաստանը շոկի չի ենթարկվի, բայց հնարավոր են երկրորդային ազդեցություններ հարկերի կամ ՀՆԱ նվազման տեսքով: Իվոն Ցիկատան նշեց, որ նախ առավել կտուժեն այն երկրները, որոնք առեւտրի մեծ ծավալներ ունեն Հունաստանի եւ Իտալիայի հետ, ապաՙ Հայաստանի բանկային համակարգի լիկվիդայնության պարագայում խնդիրներ չպետք է լինեն: Բացի սրանցիցՙ Հայաստանում եվրոյով առեւտուր չի կատարվում: ՀԲ ներկայացուցչի խոսքերովՙ նման հնարավոր ճգնաժամը կազդի հիմնականում բալկանյան երկրների վրա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4