«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2011-10-15 | #185, 2011-10-18 | #186, 2011-10-19


ՀԱՏՈՒԿ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ԵԼԻՍԵՅԱՆ ՊԱԼԱՏԻՑ ԲԱՔՎԻՆ, ԱՆԿԱՐԱՅԻՆ ԵՎ...

Պատկերացնենք այսպիսի մի իրավիճակ. Փարիզի Ելիսեյան պալատում նախագահ Սարկոզին ելույթ է պատրաստում, որը պետք է ունենա ֆրանսահայության առջեւ: Բնականաբար նա այդ ելույթը պատրաստում է խորհրդականների թիմի հետ: Դիտարկենք, թե Սարկոզին անձամբ պահանջում է խորհրդականներից իր ելույթի տեքստում ներառել հետեւյալ նախադասությունը. «Թուրքիան անցյալ դարի սկզբին իրականացրել է հայերի ցեղասպանություն, այո` դա հենց ցեղասպանություն է, եւ Թուրքիան, որը ԵՄ-ում տեղ չի կարող ունենալ` չնայած ունեցած մեծ դերին, հնարավորինս շուտ պետք է պատասխան տա իր իսկ իրագործած ցեղասպանության համար»: Խորհրդականները, բնականաբար, խորհուրդ են տալիս նախագահին` «Այդպես մի արեք, քանի որ կզայրացնեք Անկարային», ինչին Սարկոզին պատասխանում է` «Հանգիստ եղեք, թուրքերն արդեն իսկ ատում են ինձ»: Իրականում այս ամենը պատկերացնելու բան էլ չէ, քանի որ ֆրանսիական մամուլից մեջբերելովՙ այս մասին տեղեկացրեց թուրքական NTV հեռուստաընկերությունը, ինչի մասին «Ազգը» արդեն տեղեկացրել է: Մենք տեղեկացրել ենք նաեւ, որ Ֆրանսիայի նախագահը, համաձայն WikiLeaks-ի, «տանել չի կարողանում թուրքական դրոշը, եւ երբ անցյալ տարի Էյֆելյան աշտարակը լուսավորված է եղել այդ դրոշի գույնով, Սարկոզին հրաժարվել է նայել աշտարակը»: Հետեւաբար ամենեւին էլ պատահական չէ, որ հենց Սարկոզին է, ճիշտ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին` սկզբունքորեն դեմ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցությանը, ու հենց Սարկոզին էր, որ կատարեց ամենակարճաժամկետ պաշտոնական այցը մյուս թուրքական պետություն` Բաքու. Ֆրանսիայի նախագահը Բաքվում, ինչպես արդեն նշել ենք, եղավ ուղիղ 2 ժամ 40 րոպե: Պատահական չէ նաեւ, որ Բաքվից Ֆրանսիայի նախագահին ճանապարհեց ոչ թե նախագահ Իլհամ Ալիեւը, ինչը պահանջում է պաշտոնական այցի արարողակարգը, ոչ էլ անգամ վարչապետ Արթուր Ռասիլզադեն, ինչն էլի ընդունելի կլիներ, ճիշտ է, ոչ Ֆրանսիայի նման տերության համար, այլ փոխվարչապետ Յակուբ Էյուբովը: Սա դեռ բավական չէ` թուրք-ադրբեջանական քաղաքական գործիչները, փորձագետ-վերլուծաբանները սկսեցին «կշտամբել» Սարկոզիին իր` «հակաիսլամական, հակաթուրքական» սկզբունքների ֆոնին ունեցած հայամետության մեջ: «Ազգը» նախորդ համարներում մանրամասն գրել է Ֆրանսիայի նախագահին ուղղված Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ այլոց քննադատությունների մասին: Մենք նաեւ տեղեկացրել ենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն ու փորձագիտական դաշտը, ոչ պակաս թուրքականից, Սարկոզիին «ոչ պաշտոնապես» անվանեցին Ադրբեջանի թշնամի, եւ որպես սրա ածանցյալ` բարձրացրին ԵԱՀԿ Մինսկի խմբում Փարիզի նախագահության ոչ նպատակահարմարության հարցը:

Հենց այս իրադարձությունների ֆոնին, իսկ եթե ավելի անկեղծ` Ֆրանսիայում գալիք տարի կայանալիք նախագահական ընտրությունների համապատկերում, երբ այդ երկրի սոցիալիստները արդեն իսկ հայտարարեցին, որ իրենց թեկնածուն Ֆրանսուա Օլանդն է, որը ֆրանսահայերին խոստացել է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում, Երեւանում ասուլիս տվեց Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` եւս մեկ անգամ շեշտելով, որ այն, ինչ ասել է նախագահ Սարկոզին Երեւանում` կապված Հայոց ցեղասպանության, դրա Թուրքիայի ճանաչման անհրաժեշտության ու Անկարայի ԵՄ-ին անդամակցելու առումով` «նախագահ Սարկոզիի խոր համոզմունքն են»: Հիշեցնենք, որ, փաստորեն, Ֆրանսիայի նախագահի «խոր համոզմունքն են»` «այո, դա հենց ցեղասպանություն է», ընդ որում` «ցեղասպանություն» բառը` հայերեն, «Եթե Թուրքիան շարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան ավելի առաջ կընթանա ցեղասպանության դատապարտման հարցում, օրինակ` կքրեականացնի հայերի ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում», եւ վերջապես` «Թուրքիան, գտնվելով Փոքրի Ասիայում, մեծ դեր է խաղում Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, սակայն այդ դերը ԵՄ-ում չէ»: Ահա, ուրեմն, այսպիսի «խոր համոզմունքներ» ունեցող նախագահի թեկնածու պետք է իր տեսադաշտում ունենա կեսմիլիոնանոց ֆրանսահայությունը` գալիք տարվա ընտրություններում:

Դեսպան Ռենոն, արդեն կապված ԼՂ հիմնահարցի հետ, հանդես եկավ տվյալ պահի համար բավական ուշագրավ ընդգծմամբ. «ԼՂ հիմնահարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Եվրոմիությունը հակված են այս ձեւաչափին»: Հիշեցնենք, ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նեղսրտեց «Մինսկի խմբի աշխատանքների անարդյունավետությունից», դե իսկ Բաքվում չեն դադարում խոսակցությունները այդ ձեւաչափը փոփոխելու ուղղությամբ: Հետեւաբար` դեսպան Ռենոյի ընդգծումը խիստ նշանակալից է:

Բաքվին ու Անկարային Փարիզը պատասխանեց ոչ միայն Երեւանում իր դեսպանի միջոցով: Հոկտեմբերի 17-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահը նամակ ուղարկեց Հայաստանի նախագահին` շնորհակալություն հայտնելով վերջինիս` բարձր մակարդակի ընդունելության համար: Ուշագրավ է, որ նույն այցելության ընթացքում Սարկոզին այցելել է, Երեւանից բացի, նաեւ Բաքու ու Թբիլիսի, սակայն «շնորհակալական նամակներ» Ելիսեյան պալատից ո՛չ Ալիեւը, ո՛չ Սաակաշվիլին չեն ստացել: Ինչեւէ, նամակում Սարկոզին ընդգծում է. «Իմ պետական այցից նախեւառաջ մնացել է այն խոր հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915-ի ապրիլի 24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարի իր հանձնառությունը այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից»: Վստահաբար այս ընդգծումը Սարկոզիին «հայելու առջեւ» ուղարկող Էրդողան-Դավութօղլու զույգի համար է, ինչպես նաեւ, անշուշտ, ֆրանսահայերին ուղղված հստակ մեսիջ: Այնուհետեւ Սարկոզին, նշելով, որ «Ֆրանսիան Հայաստանին իր բարեկամն ու քույրն է համարում», շեշտում է. «Վստահ եղեք, որ Ֆրանսիան անշեղորեն Ձեր կողքին է` Ձեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին», սա արդեն հստակ սլաքներ ունի` ուղղված դեպի Բաքու. ուրեմն Ֆրանսիան ոչ միայն «անշեղորեն Հայաստանի կողքին է», այլեւ մեր կողքին է` «առաջին հերթին ԼՂ-ի հակամարտության` բանակցությունների ճանապարհով լուծման ճանապարհին»: Վերջում նախագահ Սարկոզին, դիմելով Հայաստանի նախագահին «սիրելի Սերժ» անունով, ընդգծում է. «Հայաստանին ցանկանում եմ խաղաղ ու բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, եւ մաղթում եմ, որ երկրի ղեկավարի Ձեր առաքելությունը պսակվի հաջողությամբ, որին իրավամբ արժանի եք»:

Ահա եւ Փարիզի բարձրաստիճան պատասխանը զույգ թուրքական պետություններին, ընդ որում, ուշագրավ է, որ ադրբեջանական vesti.az կայքը Սարկոզիի նամակը Սարգսյանին տեղադրել էր հետեւյալ խորագրով. «Ֆրանսիան Հայաստանին համարում է իր քույրը»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4