Ուղերձՙ մի քանի ուղղություններով
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունակ է կատարելու ամեն տեսակի հակասական քաղաքական քայլեր: Որպես ներքին գործերի նախարար պաշտոնավարության ժամանակ նրա կոպիտ վերաբերմունքը Ֆրանսիա ներգաղթած մահմեդական բնակչության հանդեպ խստորեն քննադատվեց, բայց նրա այդ քայլը նպաստեց, որ ժողովրդականություն ձեռք բերի եւ առաջնորդի նրան դեպի նախագահական աթոռը: Նույնքան հակասական էր ու վիճելի նրա քաղաքականությունը գնչուների նկատմամբ, որոնց ստիպեց վերադառնալ իրենց բնօրրանը: Մի տարուց էլ պակաս ժամանակ առաջ նա ջերմ գովասանական խոսքեր էր շռայլում Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի հասցեին, բայց այսօր նա ՆԱՏՕ-ի հրթիռակոծումների առաջին շարքերում էՙ փորձելով գահընկեց անել իր երբեմնի ընկերոջը:
Վերջերս նա մեկ այլ առաքելությամբ Կովկաս ժամանեցՙ մրրկային այցելություն կատարելու Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Ամենաերկարը նա մնաց Հայաստանում, հավանաբար շնորհիվ նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի դիվանագիտական ունակությունների եւ իրեն ուղեկցող Շառլ Ազնավուրի ջանքերի: Դա ինքնին արդեն տարածաշրջանին հասցեագրված ուղերձ էր:
Չմոռանանք, որ ռուս-վրացական պատերազմից հետո Արեւմուտքը նրան էր նշանակել Վրաստան մեկնելուՙ ի պաշտպանություն այդ երկրի դիրքորոշման: Նրան էր վստահված նաեւ մաքոքային դիվանագիտություն վարել Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւՙ փրկելու համար այն, ինչ հնարավոր էր նրանց հարաբերություններում:
Իհարկե, Աբխազիան եւ Հարավային Օսիան այլեւս չեն կարող մաս կազմել Վրաստանի, բայց վերջինս իր տեղը հաստատ ամրապնդել է Արեւմուտքում, եւ այսօր Արեւմուտքն ուժեղ ռազմավարական դիրք է զբաղեցնում Կովկասումՙ շնորհիվ Սաակաշվիլու:
Ի դեպ, հայերն ամեն իրավունք ունեն բողոքելու փոքրամասնությունների հանդեպ վրացական կառավարության վարած քաղաքականության դեմ: Ճիշտ է, Արեւմուտքն այդ ամենը ներկայացնում է որպես տնտեսական առողջացման մրցակցությունՙ հանուն բարօրության, բայց պետք է խոստովանել, որ հակառակ բոլոր բացասական արձագանքներին, Սաակաշվիլիին կարծես թե հաջողվում է երկրում արմատախիլ անել կաշառակերությունը:
Այս բոլոր զարգացումները նախընթացը հանդիսացան փոփոխություններիՙ Կովկասում: Ռուսաստանում Վլադիմիր Պուտինիՙ որպես երկրի ղեկավարի, վերադարձի եւ տարածաշրջանի ղեկն իր ձեռքերում ավելի ամուր պահելու հեռանկարի պայմաններում, Սարկոզիի այս տպավորիչ ու սիրաշահական այցելությունը կարծես Արեւմուտքի կողմից տարածաշրջանում իր տեղը չկորցնելուն միտված քայլ էր:
Հայաստանում ավելի երկար մնալու փաստն ինքնին ուղերձ էրՙ հասցեագրված Ֆրանսիայում ապրող կես միլիոն հայ քվեարկողներին, որոնք մեկից ավելի անգամներ խաբված էին զգացել իրենք իրենց: Նախ, իր նախագահական քարոզարշավի ժամանակ Սարկոզին խոստացել էր նշանակել Պատրիկ Դեւեճյանին ներքին գործերի նախարար, բայց փոխարենը նրան մի աննշան պաշտոն էր տվել «ժողովրդական շարժման միություն» պահպանողական իր կուսակցությունում: Այնուհետեւ իր անմիջական միջամտությամբ խոչընդոտել էր Ցեղասպանության բանաձեւի քրեականացման անցկացմանը ֆրանսիական Սենատում:
Այժմ ժամանակն էր հետդարձ կատարելու եւ դառնաքաղցրավուն խոսքեր արտասանելու Երեւանի կենտրոնում. «Խմբակային ժխտումը շատ ավելի լուրջ խնդիր է, քան անհատականը: Եթե Թուրքիան, հետեւելով այլ մեծ տերությունների օրինակին, չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում ավելի հեռուն կգնա, մասնավորապես կքրեականացնի Ցեղասպանության ժխտումը»: Նա նաեւ անդրադարձավ Հայ-ֆրանսիական պատմական կապերին, նշելով, որ Ֆրանսիան օգնության ձեռք էր մեկնել ժամանակին Ցեղասպանությունից մազապուրծներին: Իհարկե, պատշաճ չէր նրան հիշեցնել, որ Ֆրանսիան անմիջականորեն նպաստել էր հայերի կոտորածներին եւ տարագրությանըՙ Կիլիկիայից հեռանալով:
Սարկոզին նույնպես վերահաստատեց իր դիրքորոշումը Եվրոմիությանը անդամագրվելու Թուրքիայի ծրագրերի վերաբերյալ: «Իմ դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվելու: Գտնվելով Փոքր Ասիայումՙ Թուրքիան մեծ դեր ունի կատարելու աշխարհի, Ֆրանսիայի համար: Այն կամուրջ է Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ: Նրա դերը մեծ է, բայց այդ դերը Եվրոպական միությունում չէ»: Նա ակնարկեց նաեւ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալու անհանդուրժելի քաղաքականության մասին:
Անկարան, խիստ զայրացած Սարկոզիի արտահայտություններից, որոշեց բողոքել հատուկ պատվիրակության միջոցով: Դիվանագիտական հարաբերությունները խզելու խնդիր չկա, անշուշտ, ոչ էլ զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր չեղյալ համարելու խնդիր, որոնք անցյալում ապացուցել են, որ դատարկ սպառնալիքներ են սոսկ:
Բայց, անշուշտ, լրատվական իրարանցման մեջ այլ հրատապ, առօրեական հարցեր, ինչպես օրինակՙ տնտեսական համաձայնագրեր, ատոմակայանի կառուցման գործում Ֆրանսիայի շահագրգռվածությունը, ղարաբաղյան խնդիրը եւ այլն մնացին քննարկումից դուրս:
Նախագահ Սարկոզին իր այս ուղեւորությունը ծրագրելիս իր մտքում անկասկած ուներ իր առաջիկա վերընտրությունը Ֆրանսիայի նախագահական պաշտոնում, մանավանդ իր տնտեսական քաղաքականության հանդեպ երկրում աճող դժգոհությունների պայմաններում: Նույն նպատակով նա կենտրոնական դիրք է զբաղեցնում Եվրոպայումՙ համագործակցելով Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ եւ փորձելով ճգնաժամից դուրս բերել եվրոպական որոշ երկրներ:
Բայց բացի այդ ամենիցՙ Սարկոզիի այցելությունը նաեւ նպաստեց նախագահ Սարգսյանի վերընտրության ծրագրերին: Անորոշ ապագա է սպասում Հայաստանին, հաշվի առնելով, որ հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, իսկ 2014-ինՙ նախագահական: Այնպես որ, Սարկոզիի կովկասյան այս շրջագայությունն իրեն ծառայելուց բացի, շատ ուրիշ ուղերձներ էր պարունակում, եւ Հայաստանը դրանցից օգտվողների թվում պետք է համարել:
Թարգմ.ՙ Հ. Ծ.