Հաջորդ շաբաթ տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Նախատեսվում է, որ համանախագահները հանդիպումներ կունենան Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ: Ինչպես ակնհայտ է դառնում պաշտոնական հաղորդագրությունից, դեռեւս որոշված չէՙ կլինե՞ն արդյոք համանախագահները Ստեփանակերտում, թե՞ մանավանդ աշնանային այս եղանակը հերթական անգամ խոչընդոտ կհանդիսանա դիվանագետների համար` այցելելու ԼՂՀ: Մյուս կողմից, հետաքրքրական է, թե ի՞նչ կասեն համանախագահները կամ կասե՞ն արդյոք «ղարաբաղյան պատի» մասին: Գաղտնիք չէ, որ ամեն անգամ ԼՂՀ-ից Ադրբեջան կամ հակառակը անցնելիս համանախագահները սահմանագիծն անցել են հենց հակամարտ զորքերի շփման գծից` «ընդգծելու հակամարտ կողմերի միջեւ սահմանների փակման անթույլատրելիությունը»: Այժմ, սակայն, նրանք պատով փակված սահման են տեսնելու: Իսկ արդեն «Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումների» կտրվածքով հետաքրքրական է, թե ի՞նչ նոր բան են ներկայացնելու Մինսկի խմբի համանախագահները կամ ներկայացնելո՞ւ են: Հնարավոր է, որ Պոպով-Ֆասիե-Բրադկե եռյակը տարածաշրջանում պարզապես կրկնի, որ «կողմերը շարունակում են հակամարտությունը լուծելու համար միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների փոխհամաձայնեցման գործընթացը», ինչը պակաս կարեւոր չէ այս ժամանակահատվածում, երբ հատկապես Բաքվում կարծես թե մոռացել են մադրիդյան սկզբունքները:
Հ. Ա.