«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2011-10-18 | #186, 2011-10-19 | #187, 2011-10-20


ԻՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏԱՔՍԻՆԵՐԸ ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Կպարզվի մեկ ամսվա ընթացքումԻնչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, երեկ նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների եւ անհատների խնդիրներին վերաբերող խորհրդակցություն:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության պատասխանատուները, ներկայացնելով իրենց դիտարկումները խնդրի վերաբերյալ, նշել են, որ ուղեւորների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով փորձում են կանոնակարգել դաշտը: «Քաղաքացիական դիրքորոշում եւ ակտիվ հասարակություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Դոստուրյանը մտահոգություն է հայտնել, որ անհատ տաքսի ծառայություն մատուցողները հնարավորություն չեն ունենա օդանավակայանի տարածքում զբաղվելու ուղեւորների սպասարկմամբ:

Ամփոփելով քննարկումըՙ նախարար Մանուկ Վարդանյանը հանձնարարել է մեկամսյա ժամկետում համատեղ մշակել համապատասխան կարգ, որտեղ կներկայացվեն օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցելու համար հայտարարվելիք մրցույթի բոլոր պայմանները եւ պահանջները, ինչպես նաեւ տաքսի ծառայություն մատուցող մնացած ընկերություններին եւ անհատներին առաջարկվող պայմանները:

Նախարարության մեկ այլ հաղորդագրության համաձայնՙ նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-20-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստին, որին կհաջորդի կազմակերպության անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4