«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2011-10-18 | #186, 2011-10-19 | #187, 2011-10-20


«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ». ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆԸ, ԴԱՎԻԹ ՅԱՆԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ...

Բազմանուն գունագեղ ամսագրերի մեջ մի նոր տպագրություն, բայց այնպիսին, որ անմիջապես բովանդակային առումով առանձնանում է մյուսներից. ի տարբերություն շքեղ ու գլամուրային, սակայն դատարկ բազմաթիվ ամսագրերի` Արտյոմ Երկանյանի խմբագրած նույնքան շքեղ ամսագիրը, «Հայկական աշխարհը», որի անդրանիկ համարը լույս է տեսել օրերս, առանձնանում է իր հարուստ լիցքով, աշխարհով մեկ ցրված տաղանդավոր հայերի մասին հյութեղ պատմություններով: Ամսագիրը, որը, փաստորեն «Շանթ» հեռուստաընկերության լայնամասշտաբ համահայկական նախագծի մի մասն է (թոք շոու, «Աշխարհի հայերը» հաղորդաշար), ընթերցողին կարող է տեղափոխել ողջ երկրագնդում հանրահայտ հայերի այն արեալը, որտեղ նրանք սեփական տաղանդով, աշխատասիրությամբ, աստվածատուր գենը բարձրացնելու մղումով ստեղծել են այնպիսի կենսագրություններ, որոնք ազդել են աշխարհի ընթացքի վրա այս կամ այն ոլորտում, փոխել կյանքը դեպի լավը կամ հարստացրել արվեստն ու մշակույթը համաշխարհային մակարդակով: Ամսագրի գաղափարը լավն է այն առումով, որ հեռուստատեսությունը, ի տարբերություն տպագիր խոսքի, անցողիկ է, եւ այնտեղ հնչած նույնիսկ ամենահետաքրքրական պատմությունները մեկ, առավելագույնը` մի քանիանգամյա են: Իսկ ահա ամսագիրն այդ բոլորն ընդհանրացնում եւ փոխանցում է ընթերցողին, ինչու չէ` նաեւ պատմությանը: Իսկ փոխանցելու, պատմությանը պահ տալու նյութ, անշուշտ կա:

Ահավասիկ. մինչեւ վերջերս Պատրիկ Դեւեջյանը իր ազդեցությամբ չորրորդ մարդն էր Ֆրանսիայում, իշխանությունում միաժամանակ 5 պաշտոն էր զբաղեցնում: Այդտեղից միայն երկու ճանապարհ կա` կամ դեպի նախագահի աթոռ, կամ արմատական ընդդիմության ճամբար: Մի ժամանակ թվում էր առաջինը, բայց նախագահ Սարկոզիի որդու հետ թեժ հակամարտությունը հաղթանակով ավարտած մեր հայրենակիցը չի շտապում հրաժարվել իշխող վարչակազմում սեփական դիրքերը հզորացնելու հավակնությունից: Դեւեջյանը ծնվել է 1944-ին Ֆոնտենբլո քաղաքում, Ցեղասպանությունից փրկված ծնողների ընտանիքում: Եղել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի անձնական փաստաբանը, 3 անգամ Ֆրանսիայի կառավարության անդամ է դարձել, 5 անգամ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել, 5 անգամ` Էնտոնի քաղաքի քաղաքապետ: Դեւեջյանը Սարկոզիի 30 տարվա ընկերն է եղել, իսկ թե ինչո՞ւ բաժանվեցին Սարկոզիի եւ Դեւեջյանի ճամփաները, մանրամասները հենց կարելի է գտնել «Հայկական աշխարհ» ամսագրի անդրանիկ համարում:

Արդեն 7 տարի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կռող Սերգեյ Լավրովի հայկական արմատների մասին պատմությունը եւս ընդգրկված է ամսագրում: Մասնավորապես, որ Լավրովի հայրը` Վիկտոր Քալանթարովը սերում է հայկական հայտնի տոհմից, որի շառավիղները հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ առեւտրով էին զբաղվում Բաքվում եւ Թիֆլիսում, իսկ Լավրով ազգանվան համար նախարարը պարտական է իր խորթ հորը. այս բոլորը եւ ավելին տարբեր աղբյուրների հղումներ անելով` պատմում է ամսագիրը (մեր կարծիքով, այս թեման կարիք չկար ներառնելու նյութերով հարուստ հանդեսի էջերում, այնքան ժամանակ, քանի դեռ Լավրովը պաշտոնի վրա է գտնվում: Խմբ.):

20-րդ դարի կարեւորագույն հայտնագործություններից համարվող բանկոմատի առաջին նմուշը ստեղծողը մեր ամերիկահայ հայրենակից Ջորջ Սիմջյանն է, որը ծնունդով Կիլիկիայի Այնթապ քաղաքից է, որ 1915-ի կոտորածներին կորցնում է ընտանիքը, Բեյրութ-Մարսել երթուղուց հետո ի վերջո իր բախտը գտնում ԱՄՆ-ում: Նա 1939 թվականին ստեղծել է կանխիկ գումար ստացող եւ տվող մի սարք, որը հետագայում հեղաշրջում կատարեց բանկային գործում:

Հայ չինացի Դավիթ Յանի մասին, կարծում ենք, արդեն շատերը լսած կլինեն, մանավանդ որ վերջերս ռուսական հեռուստատեսությունները ցուցադրում էին, թե ինչպես է նա հարցեր ուղղում ՌԴ ղեկավարներին: Աշխարհում տեղեկատվական ոլորտներում ամենաառաջատարներից համարվող ABBYY ընկերության հիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ, Lingvo էլեկտրոնային հայտնի բառարանի ստեղծող, Cybico հաղորդակցական համակարգչի հեղինակ Դավիթ Յանը նաեւ Մոսկվայում ռեստորանների ցանցի սեփականատեր է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, գիտության եւ տեխնիկայի ասպարեզում Ռուսաստանի նախագահի մրցանակի դափնեկիր, երեք երեխայի հայր: Իսկ թե ինչպես է երիտասարդ այս մարդը, որի մայրը երեւանցի հայուհի է, հայրըՙ չինացի (նրա հայրը ֆիզիկոս էր եւ աշխատում էր Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում), ինքն էլ դեռ ծնվել է Երեւանում, համեմատաբար կարճ ժամանակում հասել իր հաջողություններին, այս մասին պատմությունը «Հայկական աշխարհում» է:

Նույն կերպ ամսագրից իմանում ենք աշխարհում հայտնի տղամարդկանց թանկարժեք ճարմանդների արտադրող «Թաթոսեան Լոնդոն» ընկերության հիմնադիր Ռոբերտ Թաթոսեանի մասին: Անաստաս Միկոյանի թոռ Ստաս Նամինի մասին պատմությունը նույնպես հուզիչ է:

Ամսագրի շապիկին Ֆրենկ Սինատրայի երգերի հեղինակ, հանրահայտ Ավո Ուվեզյանի նկարն է: Ուվեզյանն ավելի հայտնի է աշխարհին որպես գործարար, որ բնակվում է Դոմինիկյան Հանրապետությունում, եւ որի արտադրած սիգարները սիրում են ողջ աշխարհում: Քչերը գիտեն, որ ժամանակին Սինատրային հռչակ բերած Strangers in the Night երգի հեղինակը մեր հայրենակից Ավո Ուվեզյանն է («Ազգը» եւս այդ մասին գրել է): «Տաղանդավոր մարդն ամեն ինչում տաղանդավոր է», եզրակացնում է «Հայկական աշխարհը»` մի հանգամանալից հարցազրույց ներկայացնելով Ուվեզյանի հետ:

Իսկ մենք ուրախ ենք, որ Հայաստանում փուչ բանի անուն հանած ամսագրային բիզնեսը նոր բովանդակություն է ստանում «Հայկական աշխարհի» այս տարողունակ ձեռնարկով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4