«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2011-10-19 | #187, 2011-10-20 | #188, 2011-10-21


ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸՙ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց նաեւ, որ ՀՆԱ-ի 5 տոկոս աճ ունենք

Մինչ կառավարության նիստը սկսվելը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Սանկտ Պետերբուրգում ստորագրված ԱՊՀ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրին: Վարչապետը մատնանշեց, որ համաձայնագիրը Հայաստանի տնտեսության եւ տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է բացառիկ հնարավորություններ: Մասնավորապես Հայաստանն առանց մաքսատուրքերի հնարավորություն է ունենալու առեւտրաշրջանառություն իրականացնել այն պետությունների հետ, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը: Երկրորդՙ ստեղծվելու են միասնական կանոններՙ լիցենզավորման, կոդավորման եւ այլն: «Սրա արդյունքում որեւէ երկիր այլեւս միակողմանիորեն չի կարող սահմանափակումներ ստեղծել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար», նշեց Տիգրան Սարգսյանը: Նրա տեղեկացմամբՙ հաջորդ կարեւոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթուղթը կազմված է Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա, իսկ անցումային դրույթներում առկա սահմանափակումները տարեցտարի նվազեցվելու են:

«Այս փաստաթղթով Հայաստանի տնտեսական ռեժիմը բարելավվում է, որովհետեւ նախկինում եղած երկկողմանի համաձայնագրերում գոյություն ունեցող սահմանափակումների թիվը շուրջ 600-ով նվազելու է: Մեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվելու են ավելի բարենպաստ պայմաններՙ այդ միասնական տնտեսական տարածքում ապրանքներ իրացնելու եւ ծառայություններ մատուցելու համար», համոզմունք հայտնեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը երեկ նաեւ հայտնեց, որ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 5 տոկոսով: «Կարեւոր է, որ ունենք աճ արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում: Դեռեւս խնդիրներ կան շինարարության ոլորտում, որտեղ մենք անկում ենք արձանագրում», ասաց նա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4