«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2011-10-19 | #187, 2011-10-20 | #188, 2011-10-21


«ԱՄԵՆԱԹԵԺԸ» ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է, «ԱՄԵՆԱՍՈՒՐԲԸ»` ԵՐՈՒՍԱՂԵՄԻՆԸ

Եզրակացրել է ռուսական պարբերականը

Ռուսական հեղինակավոր «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի կազմած «հակամարտությունների ցուցակում» «ամենաթեժը» ճանաչվել է ԼՂ հակամարտությունը: Ռուսական պարբերականը ընդգծում է, որ «ԼՂ հակամարտության հետեւանքով կողմերում զոհվել են առնվազ 40 հազար մարդ»: Հետաքրքրական են «ԱիՖ»-ի կազմած ցուցակում այլ հակամարտությունները եւս: «Ամենասուրբ» հակամարտություն է ճանաչվել Իսրայելի ու Պաղեստինի վեճը` Արեւելյան Երուսաղեմի շուրջը ու Հիմալայան լեռներում գտնվող Ջամու եւ Քաշմիր շրջանների շուրջը` Հնդկաստանի եւ Պակիստանի վեճը: «Ամենաժայռային» հակամարտություն է ճանաչվել ճապոնական ծովում գտնվող Տոկտո կղզիների համար վեճը. դրանք դե ֆակտո գտնվում են Հարավային Կորեայի տարածքում, սակայն Ճապոնիան «համամիտ չէ»: Ռուսաստանի, Շվեդիայի, ԱՄՆ-ի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հակամարտությունը` Արկտիկայի շելֆի համար, ճանաչվել է «ամենասառցե» հակամարտությունը: Մեկ այլ հակամարտություն` Վենեսուելայի եւ Գայանա պետության միջեւ, որտեղ Վենեսուելան ցանկանում է գրավել Էսեկիբո գետի ափամերձ հողերը` ընդհանուր առմամբ 160 հազար քկմ տարածությամբ, ճանաչվել է «ամենալկտի» հակամարտությունը, քանի որ այդ տարածքը, փաստորեն, ամբողջ Գայանա պետության ընդհանուր տարածքի 75 տոկոսն է: Արեւելաչինական ծովում գտնվող Սենկակուկ կղզու պատկանելության համար չին-ճապոնական հակամարտությունը ճանաչվել է «ամենաանմարդաբնակ» հակամարտությունը: «Ամենահեռավոր» հակամարտություն «անվանակարգում» «հաղթող» է ճանաչվել Հարավային Ամերիկայի ափամերձ Ֆոլկլենդյան կղզիների համար վեճը` Մեծ Բրիտանիայի ու Արգենտինայի միջեւ: Արգենտինան կղզին անվանում է Մալվինյան կղզիներ, չնայած համարվում է բրիտանական տարածք: Զավեշտալի` «ամենալոշտակ» հակամարտություն է ճանաչվել Լատվիայի եւ Ռուսաստանի վեճը Պսկովի մարզի Պիտալովի շրջանի պատճառով: Ինչո՞ւ «ամենալոշտակ», որովհետեւ վարչապետ Պուտինը նախագահ եղած ժամանակ այս առիթով հայտարարել էր. «Լատվիացիները ոչ թե Պիտալովի շրջանը կստանան, այլ սատկած էշի ականջները», թերթը «հիմնավորում է», որ էշի ականջները լոշտակ են լինում:

Իսկ վերջում` «ամենակուրորտային» հակամարտություն է ճանաչվել Կիպրոսի ու Թուրքիայի վեճը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4