«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2011-10-19 | #187, 2011-10-20 | #188, 2011-10-21


6 ՔԱՅԼ ԱՌԱՋ ԵՎ 55-ՐԴ ՏԵՂ

Doing Business-ի գծով Հայաստանի ցուցանիշները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձավ Համաշխարհային բանկի հրապարակած բիզնես միջավայրի բարելավման Doing Business-ի գործակցին, ըստ որի Հայաստանը 6 քայլով առաջ է շարժվել եւ 61-րդ տեղից տեղափոխվել 55-րդ տեղ: «Կարեւոր եւ հատկանշական է, որ մենք մեր բարեփոխումների քանակով զբաղեցնում ենք առաջին տեղը: Համաշխարհային բանկը գնահատել է, որ 183 երկրների շրջանակում 5 ոլորտներում մենք ունենք էական բարելավումներ եւ միակն ենք այդ 183 երկրների մեջ, որի 5 բարեփոխումներ դրական են գնահատվել», շեշտեց վարչապետը: Նա նաեւ ավելացրեց, որ ԱՊՀ երկրներում այս ցուցանիշով Հայաստանը երկրորդն էՙ զիջելով միայն Ղազախստանին, իսկ այս տարի իրականացրած որոշ բարեփոխումներ կարտացոլվեն 2012-ի հաշվետվության մեջ:

Doing Business-ի ցուցանիշներն առավել մանրամասն լրագրողներին ներկայացրին էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը , ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը եւ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը :

Կարինե Մինասյանը նախ տեղեկացրեց, որ այս տարի փոխվել է Doing Business-ի հաշվարկման մեթոդաբանությունը եւ նոր չափանիշ է մտցվել, հետեւաբար ճիշտ չէ համեմատել նախորդ տարվա ցուցանիշի հետ (ինչը հաստատվեց նաեւ Համաշխարհային բանկի գրասենյակից մեր ստացած հաղորդագրության մեջ): Նոր չափորոշիչը բիզնեսի միացումն է էլեկտրական ցանցերին, որով Հայաստանը 150-րդ տեղում է: Այդուհանդերձ, էկոնոմիկայի փոխնախարարի տեղեկացմամբ, Հայաստանն անցյալ տարի (2010-ի հունիսից 2011-ի մայիս) իրականացրել է բարելավումներ 5 չափորոշիչներով, ինչն ամենալավ արդյունքն է եղել աշխարհում: Այդ չափորոշիչներն են «Բիզնես սկսել» (10-րդ տեղ), «Շինարարական թույլտվություններ ստանալ» (57-րդ տեղ), «Վարկ ստանալ» (40-րդ տեղ), «Հարկեր վճարել» (153-րդ տեղ) «Ձեռնարկությունների փակում» (62-րդ տեղ): «Սեփականություն գրանցել» ցուցանիշով 5-րդն ենք, բայց 1 տեղով նահանջել ենք, «Ներդնողների պաշտպանություն»-ով 97-րդ տեղում ենք, «Արտաքին առեւտուր» ցուցանիշովՙ 104-րդ տեղում, «Պայմանագրերի կիրարկում»-ովՙ 101-րդ տեղում եւ «Էլեկտրաէներգիա ստանալու» ցուցանիշովՙ 150-րդ տեղում: Վերջինիս առնչությամբ Կարինե Մինասյանը հայտնեց, որ այդ գործընթացն արդեն իսկ կրճատվել է եւ 9 ամսվա փոխարեն դարձել 90 օր: Այդ ցուցանիշը հաշվի կառնվի եկող տարի: Նա նաեւ տեղեկացրեց, որ շատ այլ բարեփոխումներ կառավարությունն իրականացրել է հունիսից հետո, որոնց արդյունքները կերեւան եկող տարվա զեկույցում:

Ըստ էկոնոմիկայի փոխնախարարիՙ Հայաստանի ցուցանիշը երկրորդն է ԱՊՀ երկրներում Ղազախստանից հետո, որը զբաղեցրել է 47-րդ տեղը, Ադրբեջանը 66-րդ տեղում է, Բելառուսըՙ 69-րդ տեղում, Ռուսաստանըՙ 120-րդ, Ուկրաինանՙ 152-րդ եւ այլն: Նախկին ԽՍՀՄ երկրներից Վրաստանը 6 կետով վատացրել է դիրքերը եւ 16-րդ տեղում է:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց այս տարի կառավարության կողմից հարկային հաշվետվությունների, հարկային վճարների պարզեցումները, պարբերականության երկարացումը, ասելով, որ այդ ցուցանիշները եւս կարտացոլվեն եկող տարվա զեկույցում:

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն անդրադարձավ դատաիրավական բարեփոխումներինՙ ասելով, որ այստեղ առաջնահերթ հարց է դատական գործընթացի ժամկետների հարցը, որոնք պետք է տեղավորվեն ողջամիտ ժամանակահատվածում:

Արդարադատության փոխնախարարին ուղղված մեր այն դիտարկմանը, թե ձեռնարկություն գրանցելն իսկապես կարելի է կատարել 15 րոպեում, բայց դրա համար պետք է 1-2 օր հերթ կանգնել, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ հերթերի վերացման համար երկու ուղղությամբ են աշխատանքներ կատարում: Առաջինըՙ ձեռնարկությունն էլեկտրոնային տարբերակովՙ օնլայն գրանցելն է, երկրորդըՙ սպասարկման սրահում սպասարկման կետերի ավելացումը: Նա խոստացավ, որ մեկ ամսում այդ հարցը լուծված կլինի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4