«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2011-10-19 | #187, 2011-10-20 | #188, 2011-10-21


«ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐՙ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵՔ»

Ժամանակին սովետական «Իզվեստիա» պարբերականը համարվում էր կառավարական թերթ: Հենց այնտեղ կարելի էր հանդիպել սովետական գլխավոր քարտուղարների հայտարարություններին, որոնք «ամենաճիշտն էին», եւ իրազեկվել նրանց գործունեությանը, որն «ամենաարդյունավետն էր»: Հենց այդ թերթում էր պարբերաբար զետեղվում հայտնի լոզունգը` «Պրոլետարներ` բոլոր երկրների, միացեք»: Հոկտեմբերի 3-ին արդեն ոչ սովետական Ռուսաստանի «Իզվեստիա» թերթում լույս տեսավ հոդված` Վլադիմիր Պուտին ստորագրությամբ: Հոդվածում Ռուսաստանի վարչապետը առաջարկում է ստեղծել Եվրասիական միություն նախկին ԽՍՀՄ տարածքում, իհարկե` մտքում ունենալով այնտեղ ներքաշել նաեւ այլ երկրների` կոնկրետ նախկին սոցիալիստական ճամբարից: Նախքան հոդվածին կրկին անդրադառնալը, տեսնենք, թե ինչո՞ւ է Պուտինը Եվրասիական միություն ուզում եւ ինչո՞ւ հենց հիմա է այդ մասին հայտարարում:

Գումարած առնվազն 10 տոկոս եւ կայսերական նկրտումներ

Ամեն ինչ սկսվեց Ռուսաստանում իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության վերջին համագումարից, որտեղ նախագահ Մեդվեդեւը, ինչպես նկատել էին արեւմտյան ԶԼՄ-ները, «բավական հուզված ու շփոթված», հայտարարեց, որ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցությունը կպաշտպանի վարչապետ Պուտինի թեկնածությունը, քանի որ «Վլադիմիր Վլադիմիրովիչի ռեյտինգը հասարակության շրջանում ավելի բարձր է»: Սրանից հետո, ինչպես նշեցինք, հոկտեմբերի 3-ին «Իզվեստիա» թերթում Պուտինը գրեց վերոհիշյալ հոդվածը: Ինչո՞ւ. Ռուսաստանը, ավելին` ռուս հասարակությունը մշտապես կայսերական` իմպերիալիստական հավակնությունների կրողն է եղել, հետեւաբար ԽՍՀՄ-ից հետո Եվրասիական միությունը հենց կայսերական նկրտումների արտացոլանք է` սառը հաշվով: Հաշվարկը բավական ճշգրիտ է. եթե վարչապետ Պուտինի ռեյտինգը բավական մեծ է Ռուսաստանում, ապա Եվրասիական միություն` ՌԴ դոմինանտությամբ անշուշտ, ստեղծելու նախաձեռնությամբ առնվազն 10 տոկոսով կավելացնի: Հետեւաբար, եթե ընդունենք, որ Պուտինին այսօր արդեն պատրաստ է նախագահ ընտրել ռուսաստանցիների, օրինակ, 40 տոկոսը, ապա այս բարձրաձայնած նախաձեռնության արդյունքում այդ թիվը կարող է հասնել ու անցնել 50 տոկոսը, հենց այդքան էլ բավարար է Պուտինին ընտրությունների առաջին փուլով անցնելու Կրեմլ:

Իհարկե` միայն այս նախընտրական, հոգեբանական շարժառիթները չեն Եվրասիական միության հիմքում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դրա իրավահաջորդ Ռուսաստանը կորցրեց իր ազդեցության մակարդակն ու ծավալները ողջ աշխարհում: Եթե ԽՍՀՄ-ի ամուր դաշնակիցներն էին համարվում Կենտրոնական Ամերիկայի ու Հարավային Ամերիկայի որոշ երկրներ` Ֆիդել Կաստրոյի Կուբայի գլխավորությամբ, ապա այսօր կոնկրետ Ռաուլ Կաստրոն ամենեւին էլ Մոսկվայի ամուր դաշնակիցը չէ, էլ չենք ասումՙ հենարանը կարեւոր Կարիբյան ավազանի տարածաշրջանում: Բացի սրանից` ԽՍՀՄ-ը «ընկերներ» ուներ նաեւ Աֆրիկայում, հատկապես կենտրոնական մասում, այսօր խոսել Ռուսաստան-աֆրիկյան (ոչ արաբական) երկիր գոնե ամուր գործընկերության մասին` անգամ ծիծաղելի է. Աֆրիկան լիարժեքորեն դուրս է եկել ՌԴ «տիրույթից»: Արաբական աշխարհում ԽՍՀՄ-ի մերձավորագույն դաշնակիցներ էին Սադդամ Հուսեյնի Իրաքը, Սիրիան, ինչպես նաեւ գնդապետ Քադդաֆիի Լիբիան: Այսօր Սադդամը չկա, Իրաքում ամերիկացի զինվորներն են, Քադդաֆին հայտնի չէ, թե ուր է, Լիբիայում ՆԱՏՕ-ի զորքերն են, Սիրիայում, չնայած պահպանվում է ռուսական ռազմաբազան, սակայն իրավիճակը բավական անկայուն է` անկանխատեսելի հետեւանքներով: Ու թերեւս «գոնե Սիրիան պահելու» ցանկությամբ է առաջնորդվում Մոսկվանՙ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո դնելով հակասիրիական բանաձեւերի վրա: Նույն պատկերն է Արեւելյան Ասիայում. Հյուսիսային Կորեան համարվում էր ԽՍՀՄ-ի «կորեական տարբերակը», սակայն այսօր Կորեական թերակղզու հյուսիսային մասում լուրջ ու մնայուն ազդեցություն ունի Չինաստանը, հետեւաբար` Ռուսաստանը «կորցրել» է նաեւ այդ տարածաշրջանը: Արդեն աշխարհի եվրոպական մասում, կոնկրետ Բալկաններումՙ նույնպես Մոսկվան «պարտություն կրեց»: Չկա Հարավսլավիան, փոխարենը կան ԵՄ անդամներ ու անդամակցության թեկնածուներ Խորվաթիան, Բոսնիան, Սլովենիան, Մակեդոնիան, եւ այս ամենի համապատկերում` Մոսկվայի կողմից «լքված» Սերբիան: Սպասելով «Մոսկվայի օգնությանը»ՙ սերբերը նախ կորցրեցին Կոսովոն, որոշ տարածքներ զիջեցին խորվաթներին ու զրկվեցին ծովի անմիջական կապից` կորցնելով նաեւ Չեռնոգորիան:

Գալով մեր տարածաշրջան, նկատենք. Ռուսաստանի համար հայտնի պատճառներով «առայժմ կորած է» Վրաստանը (ինչո՞ւ առայժմ` դեռ կանդրադառնանք), Ադրբեջանը ամենեւին էլ չի կարելի համարել ռուսական ազդեցությամբ երկիր, եւ միայն Հայաստանն է անշեղորեն համարվում Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում: Միջին Ասիայում Մոսկվայի նկատմամբ «բարեկամական չեն» ոչ Թուրքմենստանը, ոչ Ուզբեկստանը, ոչ էլ Տաջիկստանը: Բացի նրանից, որ հատկապես Տաջիկստանում առկա է ՆԱՏՕ-ական գործոնը` Աֆղանստանին սահմանակից լինելու հանգամանքով, այս տարածաշրջանով «դեպի Եվրոպա» է սկսում շարժվել նաեւ Չինաստանը: Քանի դեռ իրավիճակը անկայուն է մնում Ղրղզստանում, վերջինիս կարելի է համարել ՌԴ բարեկամ, ինչո՞ւ քանի դեռ, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ Ղրղզստան կառաջանա մոտ ժամանակներում, մասնավորապես Մանաս «ամերիկյան ռազմաբազա-օդանավակայանով»: Եվ միայն Ղազախստանն է, որ անշեղորեն համարվում է ՌԴ ռազմավարական դաշնակիցը այս տարածաշրջանում, ինչպես Երեւանը Հարավային Կովկասում: Հետեւաբար Մոսկվան ունի նպատակՙ «հետ բերելու» այս ամենը եւ բոլորին, ընդ որում` հետ բերել այնպես, որ «ավելի նոր ու արդյունավետ լինի, քան ԱՊՀ-ն, եւ ավելի ազդեցիկ լինի ու մեծ, քան ՀԱՊԿ-ը»: Ահա եւ պատասխանը, թե ինչու է Պուտինը ցանկանում Եվրասիական միություն եւ ինչու հենց հիմա:

Իսկ ինչպե՞ս է սա հնարավոր

Պուտինի վերադարձը հաստատվելուց ու հիշյալ հոդվածը տպագրվելուց հետո բրիտանական The Financial Times-ը հանդես եկավ հրապարակմամբ` «Պուտինի եվրասիական մտահղացումը մարտահրավեր էՙ նետված Արեւմուտքին» վերտառությամբ: Հոդվածի առաջին նախադասությունը հետեւյալն է. «Նախկին սովետական հանրապետություններում սկսվում է նոր պայքար` մտքերի ու սրտերի համար, եւ Արեւմուտքը պարտվելու է այդ պայքարում»: Վերադառնալով նախկին ենթավերնագրի հարցադրմանը, նշենք, որ Պուտինի հաշվարկը նաեւ Արեւմուտքի առումով բավական ճշգրիտ է: Այսօր ողջ Եվրոպան տառապում է ֆինանսական ու պարտքային ճգնաժամից, ԵՄ առաջնորդները, թվում է, իրենց ողջ ռեսուրսները ներդնում են իրավիճակը բարելավելու համար, իսկ ԱՄՆ-ը, «չմարսելով դեռ» արաբական գարունը, նույնպես ունի բազմաթիվ ֆինանսական ներքին խնդիրներ. հետեւաբար` Մոսկվան կարող է սկսել մեծ ռուսական խաղը: Սակայն ինչպե՞ս: Պուտինն իր հոդվածում ընդգծեց, թե իր առաջարկած միությունը չի լինելու նախկին ԽՍՀՄ-ի «կրկնօրինակը», այլ «կկազմավորվի նոր արժեքների հիման վրա»: Ուշագրավ է, որ Պուտինը որպես Եվրասիական միության հիմքային արժեք դիտարկել է Եվրոմիության արժեհամակարգը: Իսկ ի՞նչ է վերջինս. ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանվածություն, ազատ տնտեսություն, հավասար հնարավորություններ, պետական մոնոպոլիայի բացառում, կոռուպցիայի վերացում, բաց սահմաններ, մարդկանց ազատ տեղաշարժ եւ այլն: Սա հնարավո՞ր է Եվրասիական միության համար դիտարկվող տարածաշրջանում: Ասենք, հնարավո՞ր է, որ Թուրքմենստանում ու Ուզբեկստանում հաստատվեն իրական ժողովրդավարական կարգեր, օրինակՙ թուրքմենբաշին, եթե հրաժարական չտա, ապա գոնե հաջորդ անգամ ազատ ընտրությունների միջոցով ընտրվի, կամ, ասենք, վերացնի պետական մոնոպոլիան` երկրում բոլոր քաղաքացիների համար ստեղծելով ազատ տնտեսական հնարավորություններ: Հնարավո՞ր է, որ, ասենք, Ղրղզստանն ու Տաջիկստանը բացեն սահմանները, միմյանց հետ ազատ առեւտրի պայմանագրերով կապվեն Ուզբեկստանն ու Ուկրաինան, Լիտվան ու Տաջիկստանը: Ի դեպ, մերթբալթյան երկրները, որոնք արդեն իսկ ԵՄ անդամ են, նո՞ւյնպես ներառված են Եվրասիական միության մեծ ցուցակում... Պուտինն առաջարկում է Մոսկվա-Աստանա-Մինսկ Մաքսային միության հիմքի վրա ստեղծել Եվրասիական միությունը, սակայն Կիեւը, Բաքուն, Քիշնեւը ու մանավանդ Թբիլիսին կցանկանա՞ն Ռուսաստանի հետ Մաքսային միություն կազմել: Այս ամենը հնարավոր չէ, համենայն դեպսՙ ամենամոտ, մոտ ու անգամ հեռու ապագայում: Ակնհայտորեն Պուտինը լավ հասկանում է սա, սակայն, այդ պարագայում ո՞րն է Մոսկվայի ուզածը... Այստեղ ընտրության երկու հնարավորություն կա` վերականգնել նախկին ԽՍՀՄ-ը կամ վերականգնել Ռուսական կայսրությունը, որն, ինչ խոսք, «նոր արժեքներ կունենա»` ԽՍՀՄ-ի համեմատ, ինչը եւ ընդգծում է Պուտինը իր հոդվածում:

Ովքե՞ր են կողմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես տեղեկացրել է արդեն «Ազգը», առաջինն էր, որը ոչ միայն արձագանքեց Պուտինի նախաձեռնությանը, այլեւ արձագանքեց դրականորեն: Խոստանալով, որ «մենք կարճ ժամանակահատվածում կլուծենք անչափ բարդ իրավաբանական, մաքսային, ֆինանսական ու այլ հարցերը», Լուկաշենկոն ընդգծեց. «Շատ տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը հստակորեն ու աներկմտորեն հռչակեց ընդհանուր խորհրդային անցյալ ունեցող պետությունների հետ հարաբերությունների գերակայությունը: Հոդվածի (նկատի ունի Պուտինի հոդվածի) հետեւում ռազմավարություն է, ճիշտ ռազմավարություն»: Սակայն Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ, հայտնել է. «Մենք ոչ մի ցանկություն ու մտադրություն չունենք միանալու Ռուսաստանի հովանու ներքո Եվրասիական միությանը: Մենք մտադիր ենք մտնել ՆԱՏՕ եւ Եվրոմիություն: Նրանց արժեքներն ու սկզբունքները համապատասխանում են մեզ»: Իսկ Սանկտ Պետերբուրգում անցած օրերին հավաքված ԱՊՀ երկրների վարչապետների, որոնք, ի դեպ, «ազատ տնտեսական գոտու մասին» համաձայնագիր են ստորագել, հավաքի ժամանակ Պուտինն անձամբ, ռադիո «Մայակ»-ի փոխանցմամբ, ասել է. «Ադրբեջանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը մինչեւ տարեվերջ կքննարկեն ազատ տնտեսական գոտուն միանալու իրենց հնարավորությունները», ինչը, ինչպես ակնհայտ է, հենց Եվրասիական միության հիմքը պետք է լինի: Հայաստանը, փաստորեն, այդ համաձայնագիրը ստորագրել է, ավելին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Վարչապետ Պուտինի առաջարկը հետխորհրդային տարածքում Եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ հեռանկարային է եւ ժամանակին համընթաց»: Արդյո՞ք այս պատասխանով Երեւանը պատրաստակամություն է հայտնում միանալ այդ միությանը, թե՞ ոչ, դատեք ինքներդ:

Հատուկ «չհամաձայնողների համար»

Կոնկրետ Հարավային Կովկասում ընդգծված «անհամաձայն» Վրաստանի հետ Մոսկվան կարող է գնալ բանակցությունների: Ճիշտ է, դրա համար անհրաժեշտ է «ազատվել» Սաակաշվիլիից: Տարբերակը, որ Ռուսաստանը կարող է գաղտնի բանակցություններ վարել Թբիլիսիի հետ, ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի վրա Թբիլիսիի գերիշխանությունը, սակայն պայմանով, որ ինչպես Թբիլիսին, այնպես էլ Սուխումն ու Ցխինվալը մտնում են Եվրասիական միություն, անշուշտ, վրաց իշխանությունների հաղթանակը կլինի. նրանք «կվերադարձնեն» Աբխազիան ու Հարավային Օսիան: Կլինի նաեւ Ռուսաստանի հաղթանակը. Վրաստանը կներառվի Եվրասիական միությունումՙ լիարժեքորեն «ազատելով Հարավային Կովկասը արեւմտյան ազդեցությունից»: Ինչ խոսք, սա ընդամենը ենթադրություն է, թերեւս անհիմն, սակայն` փոխադարձ շահեկան, ինչը եւ քաղաքականության հիմքն է: Իսկ Երեւանին ու Բաքվին ներքաշելու համար Մոսկվան ունի ԼՂ հիմնահարցում իր միջնորդական առաքելությունը, հետեւաբար` ինչպես Երեւանին, այնպես էլ Բաքվին «ինչ որ բան պարտադրելու» լծակը: Բաքվի պարագայում Մոսկվան այս առումով ունի նաեւ Կասպից ծովը:

Եզրակացնելովՙ ընդգծենք, որ Արեւմուտքի բարձրաստիճան գործիչների կողմից դեռեւս անհրաժեշտ մեկնաբանությունների չարժանացած առայժմ վարչապետ Պուտինի այս նախաձեռնությունը ունի հստակ նպատակ. Պուտինին «մեծ շուքով» վերադարձնել Կրեմլ եւ իրագործել ռուսական պետության կայսերական նկրտումները: Ունի առավելագույն` նախկին սոցճամբար, եւ նվազագույն` գոնե նախկին ԽՍՀՄ-ի մի մաս աշխարհագրություն: Ունի իրականություն դարձնելու համար հստակ մեխանիզմներ եւ կողմնակիցների ու «ստիպված կողմնակիցների» մեծ թիվ: Սակայն ակնհայտ է, որ այս նախաձեռնությունը ըստ էության «նախկին պրոլետարիատին վերամիավորվելու» կոչ է, այլ ոչ թե ԵՄ արժեհամակարգի վրա ստեղծվող միություն:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4