Իհարկե ամեն մի երկրում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է հանդիպել, անգամ առանձին հանդիպել որեւէ նախարարի հետ: Սակայն երբ այդ հավաքը տեղի է ունենում գաղտնի, երբ այդ մասին իմանում են միայն «հատուկ հրավիրյալները», ուրեմն տվյալ հավաքն ու այնտեղ քննարկվող հարցերն ամենեւին էլ սովորական, ամենօրյա-աշխատանքային չեն:
Ադրբեջանի Գաբալայի շրջանում անցած օրերին տեղի ունեցավ նման մի հավաք. նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը, արտակարգ իրավիճակների նախարար Քյամալադդին Հեյդարովը եւ վերջերս Երեւանում ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների նիստին մասնակցած ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը: Հանդիպումը ուշագրավ է ոչ միայն դրա գաղտնիության պատճառով, այլեւ` ահա թե ինչու: Նախՙ Մեհտիեւն ու Ուսուբովը Ադրբեջանում հայտնի են որպես նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներ, որին բավական զգուշորեն, բայց այդուհանդերձ հարում է նաեւ նախագահ Իլհամ Ալիեւը: Բացի սրանից, փաստորեն, նախիջեւանյան կլանի այս հանդիպմանը մասնակցել է Քյամալադդին Հեյդարովը, որը հարեւան երկրի կլանային համապատկերում սեփական հավակնություններ ունի` Հեյդարով «բրենդով»: Ստացվում է, որ Հեյդարովին Մեհտիեւն ու Ուսուբովը անձամբ հրավիրել են հավաքի, իսկ թե ինչո՞ւ, պատասխանը գտնելու համար մի փոքր հեռուն պետք է գնալ:
Դեռեւս WikiLeaks-ի «ադրբեջանական բլոկում» ամերիկացի դիվանագետները պետքարտուղարություն էին ուղարկել պաշտոնական, գաղտնի, իրավիճակային, զավեշտալի, բնութագրող եւ այլ փաստաթղթեր, որտեղ փաստացի նշվում էր, որ կա հավանականություն, թե Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան կարող է դառնալ այդ երկրի հաջորդ նախագահը: Հարկ է նկատել, որ այդ ժամանակ, Ալիեւա-Փաշաեւան դեռ Միլի Մեջլիսի պատգամավոր չէր, հետեւաբար` WikiLeaks-յան հաղորդագրությունները զուգորդվեցին առաջին տիկնոջ պատգամավոր ընտրվելուն, այն է` քաղաքականություն պաշտոնապես մտնելուն: Սա դեռ բավական չէ, Մեհրիբան Ալիեւան առանց տեսնելու բաց չի թողնում Ադրբեջան այցելած ոչ մի օտարերկրացի պաշտոնյայի, նա պարբերաբար հանդիպումներ է ունենում այդ երկրում լիազորված դեսպանների հետ, ընդ որում, հատկանշական է, հիմնականում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզայի ու եվրոպական դեսպանների հետ: Սա էլ հերիք չէ, Բաքու 2 ժամ 40 րոպեով ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական «Պատվո լեգեոն» շքանշանով պարգեւատրեց ոչ թե նախագահ Իլհամ Ալիեւին, ինչպես արել էր` Հայաստանում ու Վրաստանում, այլ Իլհամ Ալիեւի ներկայությամբ` Մեհրիբան Ալիեւային: Ֆրանսիական «Պատվո լեգեոն»-ի շքանշանակիր դառնում են այն օտարերկրացի ղեկավարները, պաշտոնյաներն ու գործիչները, որոնք «զգալի ավանդ ունեն ներդրած իրենց երկրներում ժողովրդավարության հաստատման մեջ»: Փաստորեն, ինչպես կարելի է նկատել, Իլհամ Ալիեւը ոչ մի կապ չունի Ադրբեջանի ժողովրդավարական գործընթացների հետ, ինչը այդքան պահանջում է վերջինից Արեւմուտքը, փոխարենը այդ ջանքերը իրականացնում է նրա տիկինը: Այս փաստը ադրբեջանական «Ազադլիգ»-ին եզրակացության հիմք տվեց, որ «Ֆրանսիան ցուցադրաբար նվաստացրեց Ադրբեջանին` ի դեմս Իլհամ Ալիեւի... իսկ հաջորդ նախագահ կարող է դառնալ Մեհրիբան Ալիեւան: Այս ենթադրությունների հիմքը դրեց ֆրանսիական «Պատվո լեգեոնը»: Այստեղ, սակայն, արդարության համար նկատենք, որ Մեհրիբան Ալիեւան մեծ ֆինանսական նվիրատվություններ է կատարել Լուվրի թանգարանին եւ առհասարակ հայտնի անուն է Փարիզում, հետեւաբար Սարկոզիի այս պատասխան ժեստը կարելի է եւ դիտարկել այս համապատկերում: Սակայն, չմոռանանք, Մեհրիբան խանումը Ադրբեջանում հայտնի Փաշաեւների կլանից է, իսկ վերջինս տիրապետում է երկրի ողջ բանկային համակարգին, օրերս մեծ ակտիվություն է ցուցաբերում ադրբեջանական առողջապահական հաստատությունների սեփականաշնորհման գործում (Մեհրիբան Ալիեւան մասնագիտությամբ բժիշկ է): Այսինքնՙ տնօրինելով Ադրբեջանի ֆինանսական համակարգը` Փաշաեւները սկսում են վերահսկել նաեւ առաջին անհրաժեշտության առողջապահության ոլորտը, իսկ ինչի՞ համար: Չէ՞ որ քաղաքական ուժերից մեկը հասարակության վրա ազդելու լծակները կենտրոնացնելու գործընթաց է սկսում ընտրություններից առաջ: Ու երբ հաշվի ենք առնում, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն արդեն անցկացվել են, ստացվում է, որ Փաշաեւները նախապատրաստվում են նախագահական ընտրությունների: Իսկ Փաշաեւները վստահաբար այժմ էլ Ադրբեջանում այն ուժն են, որը կցանկանա ու կարող է այդ ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, իսկ ո՞վ կարող է լինել այդ թեկնածո՞ւն, իհարկե Մեհրիբան Ալիեւան: Ընդ որումՙ վերջինիս թեկնածության առաջադրումից կարող է շահել Իլհամ Ալիեւն ինքը: Նախագահի պաշտոնը չի հեռանում Ալիեւ ընտանիքից` ընդհանուր առմամբ, սակայն Իլհամ Ալիեւը չի գնում երրորդ ժամկետի, ինչը ենթադրաբար խիստ գնահատականի կարժանանա առանց այն էլ ադրբեջանական ժողովրդավարական իրավիճակից դժգոհող Արեւմուտքից: Հետեւաբար, Իլհամ Ալիեւը կարող է եւ սեփական կամքով չառաջադրվել նախագահի թեկնածու, փոխարենը Արեւմուտքին ներկայացնել ազատական ու ժողովրդավարական Ադրբեջան` մահմեդական երկրի համար խիստ եզակի կին նախագահով: Այս ֆոնին ամենեւին էլ պատահական չէ Իլհամ Ալիեւի պատասխանը «Ալ Ջազիրա»-ին, երբ վերջինս փորձել է պարզել Ադրբեջանի նախագահից, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նա գնալ նախագահական երրորդ ժամկետի: Ալիեւը պատասխանել է. «Մեր ժողովուրդն ինքը պետք է որոշի: Առայժմ այդ մասին որոշում չունեմ ընդունած»: Ադրբեջանն ու նրա գործող նախագահը այն երկիրն ու նախագահը չեն, որ երրորդ ժամկետի գնալու պատրաստակամությունը «անհարմար զգան» ժամ առաջ բարձրաձայնել, հետեւաբար Իլհամ Ալիեւն այստեղ իրոք ինչ-որ բան մտածում է: Պատահական չէ, որ Միլլի մեջլիսը վերջերս օրենք ընդունեց Ադրբեջանի նախկին նախագահների մասին, որով` օրենքով պաշտպանեց ու անձեռնմխելի դարձրեց նրանց բոլորին` քրեական ու վարչական գործերի համար: Եթե նկատենք, որ Ադրբեջանն այս պահին ունի միայն մեկ կենդանի նախկին նախագահ` աքսորյալ Այազ Մութալիբովը, որի հանդեպ կրտսեր Ալիեւը այնքան էլ բարյացակամորեն չի տրամադրված, ապա նշանակում է, որ Իլհամ Ալիեւը օրենք ընդունեց իր համա՞ր, արդեն իսկ համարելով իրեն նախկի՞ն նախագահ:
Կրկին դառնալով Գաբալայի հավաքին` շարունակենք: Փաստորեն` նկատելով Իլհամ Ալիեւի դեռեւս անորոշությունը երրորդ ժամկետի առնչությամբ, նկատելով նաեւ, որ կրտսեր Ալիեւը կարծես թե հավանական է համարում պաշտոնի զիջումը կնոջը` Փաշաեւներին, նախիջեւանյան կլանը գաղտնի հավաքի է հրավիրում «արտակարգ նախարար» Քյամալադդին Հեյդարովին, որի նախագահական հավակնությունների մասին գիտեն բոլորը, անգամ ու իհարկե WikiLeaks-ը ներառյալ: Ստացվում է, որ նախիջեւանյան կլանը դիտարկում է Հեյդարովի առաջադրումը նախագահական ընտրություններում որպես իրենց թեկնածուի: Այս պարագայում դեռ խոսք ունի ասելու Իլհամ Ալիեւը. եթե վերջինս չկարողանա «տեղավորվել» նախիջեւանյան-Փաշաեւ արանքում, եթե չկարողանա բացառել Հեյդարովի թեկնածության առաջադրումը, իսկ գալիք նախագահական ընտրություններին իրոք չառաջադրի սեփական թեկնածությունը, հօգուտ կնոջը, ապա հարեւան երկրում միջկլանային բախումը անխուսափելի է, որի հետեւանքները, դատելով կողմերի ունեցած ռեսուրսներից, կարելի է անգամ համեմատել ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կրած վնասների հետ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ