«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2011-10-20 | #188, 2011-10-21 | #189, 2011-10-22


ՊԻՆԿԱՍ ՑՈՒԿԵՐՄԱՆԻ ՀԱՄԵՐԳԸՙ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության աջակցությամբ «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակներում, Հայաստան կժամանի լեգենդար ջութակահար Պինկաս Ցուկերմանը: Հոկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հետ կկայանա աննախադեպ, իրադարձային համերգՙ լեգենդար ջութակահար, «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթը: Չնայած երաժիշտը արդեն մեկ անգամ եկել է Հայաստան, սակայն ՀՊՖ-ի հետ առաջին անգամն է հանդես գալու: Չորս տասնամյակ շարունակ համարվելով համաշխարհային երաժշտության ֆենոմենըՙ Պինկաս Ցուկերմանը հավասարապես ընդունված ու սիրված է որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, ուսուցիչ եւ կամերային երաժիշտ: Տարեկան հանդես գալով շուրջ 150 համերգներով աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներումՙ Ցուկերմանը դասվում է դարի ջութակահարների ամենաբարձր կարգին: 2009-ից նա Լոնդոնի արքունական ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ գլխավոր դիրիժորն է: Ստեղծագործական 45 տարիների ընթացքում վիրտուոզ երաժիշտն արժանացել է միջազգային ամենահեղինակավոր մրցանակների: Նրա 100-ից ավելի ձայնագրություններից 21-ը նոմինացվել, իսկ երկուսըՙ արժանացել են «Գրեմմի» մրցանակի: Ցուկերմանի նվագը հնչում է հոլիվուդյան բազմաթիվ հայտնի ֆիլմերում: Այդքան զբաղված երաժիշտը սիրով է համաձայնել մենահամերգով հանդես գալ հայ երաժշտասերների առջեւ, որոնց բարձր է գնահատում: Այդ աննախադեպ համերգի ծրագրում ընդգրկվել են Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, Մաքս Բրուխիՙ ջութակի կոնցերտ թիվ 1 սոլ մինոր, Չայկովսկուՙ սիմֆոնիա թիվ 6 սի բեմոլ մինոր «Պաթետիկ» ստեղծագործությունները: Էդուարդ Թոփչյանը այդ համերգը համարում է պատմական իրադարձություն:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4