Հարվարդի համալսարանի կառավարման եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում սեպտեմբերի 14-ին կայացած իր դասախոսությունից հետոՙ հոկտեմբերի 30-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի արդի հայկական պատմության Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ամբիոնի նորանշանակ վարիչ, դոկտ. Սեպուհ Ասլանյանը ելույթ է ունենալու Կալիֆոռնիայի Արարատ-Էսքիճյան թանգարանում, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
Թանգարանի եւ «ՆԱՍՐ» հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի հովանավորությամբ կազմակերպված դասախոսության ընթացքում Ասլանյանը խոսելու է «Հնդկաց օվկիանոսից մինչեւ Միջերկրական ծով: Նոր Ջուղայի հայ առեւտրականների ճանապարհորդությունները» թեմայով, հիմնված իր հեղինակած եւ Կալիֆոռնիա համալսարանի հրատարակած նույնանուն գրքի նյութերի վրա: Գիրքը մեծապես գնահատվել է գրաքննադատների կողմից:
Դոկտ. Ասլանյանը համաշխարհային եւ հայկական արդի պատմության վաղ շրջանի մասնագետ է: Նախկինում դասավանդել է Կոռնելի եւ Լոնգ Բիչի համալսարաններում, հեղինակ է բազմաթիվ հոդվածների:
Դասախոսության վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խորհուրդ է տրվում այցելել aem@ararat-eskijian-museum.com կայքը:
Հ. Ծ.