«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի սեպտեմբերի 17-ի համարը «Օստրելյըն Ջուիշ թայմս» ավստրալական պարբերականից արտատպել է լրագրող Ջոն Էպսթայնի հոդվածը, որտեղ հեղինակը նշում է, որ ժամանակակից կինոկատակերգություններ նկարահանող ռեժիսորներից քչերը կարող են համեմատվել Ֆրենսիս Վեբերի հետ, որին նա որակել է «Ֆրանսիական կոմեդիայի մեծ վարպետ»: «Նա կարողանում է միաժամանակ ե՛ւ ստիպել հանդիսատեսին ծիծաղից պոռթկալ, ե՛ւ կարեկցել մարդկային ամենատարբեր իրավիճակներում հայտնված խեղճուկրակ մարդկանց», գրում է նա, ավելացնելով. «Իր կարիերայի սկզբում նա խեղկատակի նման մի կերպար ստեղծեց, որին տվեց Ֆրանսուա Պինյոն անունը: Նրա դերը ֆիլմերում կատարեցին Պիեռ Ռիշարը, Դանիել Օտիոյը եւ Գադ Էլմալեն: Բայց անկախ դերակատարներից, այդ կերպարի նպատակն էր ցույց տալ չապլինանման «փոքրիկ մարդուն», ի հակադրություն ամենակարող, դաժան կամ կոպիտ «մաչոների», որոնք հաճախ ստորացնում են դիմացինին: Իսկ ամենակարեւորն այն էր, որ Վեբերն այդ երկուսին պարտադրված իրավիճակների մեջ դնելով, ստիպում էր նրանց համագործակցել միմյանց հետ եւ նույնիսկ վերջում իրար պաշտպանել եւ մտերմիկ դառնալ»:
Վեբերը ծնվել է 1937-ին Փարիզի արեւմտյան արվարձաններից մեկում: Հայրը հրեա է Պիեռ Ժիլ Վեբեր անունով: 1925-ին նա «Ֆանֆան Տյուլպան» 8-մասանոց կինոսերիալի սցենարն է գրել: Մայրըՙ ռուսահայ, նույնպես գրող, որի շնորհիվ նա որպես քրիստոնյա մկրտվել է եւ պատերազմի ժամանակ փրկվել փարիզաբնակ շատ հրեաներին սպասող դառը ճակատագրից:
«Երկու ողբալի իրադարձություններ կան իմ կյանքում», նշում է նա. «Հայերի ցեղասպանությունը 1915-ին եւ հրեաների ցեղասպանությունը համաշխարհային պատերազմի օրերին: Էլ ինչ կարող էի անել, բացի կոմեդիային դիմելուց: Հիշում եմ հորս, որ ամբողջ պատերազմի ընթացքում ստիպված էր մեր փարիզյան բնակարանի հետնամասում թաքնված մնալ, որովհետեւ եթե նրան գտնեին, մեզ բոլորիս համակենտրոնացման ճամբար կուղարկեին: Դա ահավոր մի մղձավանջ էր, հնարավոր չէ մոռանալ»:
Վեբերը գտնում է, որ կոմեդիայի հիմքում պետք է ընկած լինի հակապատկերների զուգորդումը: «Հումորը զենք է ընդդեմ հուսահատության», պատգամում է նա: Նրա ֆիլմերի հաջողությունն է, որ ամերիկացի Ջեֆրի Կատցենբերգին ստիպեց Վեբերին հրավիրել Ամերիկա ֆիլմ նկարահանելու, իսկ այժմ էլ նա Ավստրալիայում է` վարպետության դասեր տալու տեղի կինոգործիչներին:
Վեբերն իր կնոջ հետ արդեն 25 տարի ապրում է Լոս Անջելեսում եւ բացարձակ մեկուսացման մեջ ստեղծագործում: Սցենարը պատրաստ լինելուն պես մեկնում է Փարիզՙ նկարահանելու:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ