Ջորջ Բուռնությանը Այոնա քոլեջում պատմության ավագ դասախոս է: Այոնա քոլեջը Շոտլանդիայի արեւմտյան ափի մոտ, Ատլանտյան օվկիանոսում գտնվող Հեբրիդյան կղզիներում է տեղակայված: Բուռնությանի հոդվածըՙ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից, կարծում ենք, կհետաքրքրի մեր ընթերցողներին:
Անցյալ տարի հրավիրված էի զեկուցում կարդալու «Հայերը Լեհաստանում» թեմայով անցկացվող գիտաժողովում, սակայն Իսլանդիայում հրաբուխի ժայթքման հետեւանքով այցելությունս հետաձգվեց: Այս տարի հնարավորություն ստեղծվեց այցելելու Վարշավա, հանդիպելու հայկական թեմաներով զբաղվող գիտնականների հետ եւ հետազոտելու հայկական արխիվները Վարշավայում:
Լեհերենի իմ գիտելիքներն ու մորս լեհական արմատները նպաստեցին, որ իմ առաջ բացվեն բազմաթիվ դռներ, եւ հայտնաբերեմ հայկական ձեռագրերի, հազվագյուտ գրքերի եւ նկարների եզակի մի գանձարան:
Լեհաստանում հայերը հիմնականում կենտրոնացած են եղել Լվովում, Կամենեց-Պոդոլսկում, Զամոսցում եւ այլ քաղաքներում: Նրանք կաթոլիկությունն են ընդունել 17-րդ դարում: Երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանը վերականգնեց իր պետականությունը, Լվովն ու Զամոսցը մտան նրա սահմանների մեջ: Կաթոլիկ հայերը Լեհաստանում լավ էին ապրում: Լվովի հայկական վանքն ու հայկական կաթոլիկ մյուս եկեղեցիները Լեհաստանում իրենց տրամադրության տակ պահում են բազմաթիվ գանձեր (ձեռագրեր, գրքեր, նկարներ, հանդերձանքներ), որոնց մի մասը 1920-31 թվերի ռուս-լեհական պատերազմի օրերին եւ դրանից հետո Ուկրաինայից Գդանսկ եւ այլ քաղաքներ է փոխադրվել ավելի ապահով ձեռքերում լինելու նպատակով:
Կարեւոր ձեռագրեր պահպանվել էին նաեւ Լվովի համալսարանում: Դրանցից ամենանշանավորը համար 58 թվագրյալ Սիմեոն Լեհացու ուղեգրությունն էր, որը Վիեննայի Մխիթարյան միաբանությունից հայր Ներսես Ակինյանի կողմից արտագրվել էր եւ հետագայում տպագրվել Մխիթարյանների պաշտոնական պարբերական «Հանդես Ամսօրյայում» (1932-ի աշնան համարից մինչեւ 1935-ի գարնան համարում): Մեկ տարի անց Ակինյանը առանձին հատորով հրատարակում է նույն աշխատանքը հայերեն եւ գերմաներեն խորագրերով: Գիրքը պարունակում էր լրացուցիչ տեղեկություններ, մասնագիտական բառարան, հատուկ եւ տեղանունների ցանկ, ինչպես նաեւ համառոտ շարադրանք գերմաներեն լեզվով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ գերմանացիները գրավեցին Լվովը, բնագիր ձեռագիրը անհետացել էր, եւ ենթադրվում էր, որ կորած է առհավետ: 2006-ին, երբ ձեռնարկեցի գրքի անգլերեն թարգմանությունը, ստիպված էի օգտվել Ակինյանի հրատարակած հատորից: 2007-ին, սակայն, երբ «Սիմեոն Լեհացու Ուղեգրությունը» անգլերենով պատրաստ էր տպարան ուղարկվելու իմացա, որ գտնվել է բնագիրը եւ պետք է ցուցադրվի Ֆրանսիայում կարճ ժամանակով: Անմիջապես համապատասխան գրառում կատարեցի թարգմանությանս մեջ:
Վերջերս Լեհաստան կատարած այցելությանս ժամանակ պարզեցի, թե ինչպես էր բնագիրը կորստից փրկվել: Երկրորդ համաշխարհայինից հետո, երբ Լեհաստանի հյուսիսային սահմանները ներառվեցին ՍՍՀՄ-ի սահմանների մեջ, Լվովը դարձավ Ուկրաինայի մի մասը: Հետագա վտանգը կանխազգալովՙ Լվովի հայ կաթոլիկ եկեղեցու հոգեւորականները Վրոցլավ են ուղարկում, գաղտնի ճանապարհով անշուշտ, կարեւորագույն բոլոր հայկական ձեռագրերը, հազվագյուտ գրքերը, նկարները եւ կրոնական հանդերձանքը: 1946-49 թվերին որոշ նյութեր ուղարկվում են նաեւ Վարշավայի Ազգային գրադարան: Դրանց մեջ է լինում համար 58 ձեռագիրըՙ բաց կարմիր կաշվե շապիկով եւ 198 երկկողմ գրված թերթերով, ճիշտ այնպես, ինչպես նկարագրել էր հայր Ն. Ակինյանը:
Ինձ հնարավորություն տրվեց ծանոթանալու դրա հետ, համեմատելու Ակինյանի տարբերակի հետ: Պարզեցի, թե նույնն է ամեն ինչ:
Լեհաստանի հայկական համայնքը երկու խմբի կարելի է բաժանել: Առաջինը, մոտ 2000 հոգի, կազմավորված նախքան 1990 թվականը: Այս խմբի ներկայացուցիչները ձուլված են եւ ընդհանուր առմամբ հայերեն չեն խոսում կամ կարդում: Երկրորդ խումբը, մոտ 25 հազար, հաստատվել է երկրում 1990-ից հետո:
Զարմանալիորեն առաջին խումբն է, որ առավել ակտիվ է պահպանելու հայկականի պատմական ներկայությունը Լեհաստանում: 2006-ին նրանք կառավարությունից գրանտ ստացան հիմնելու «Լեհահայերի մշակութային ժառանգության հաստատությունը»: Նրանք մեծ ջանքերով հավաքեցին ձեռագրեր, գրքեր, կտավներ Գդանսկից եւ Լեհաստանի այլ վայրերից եւ ապահով տեղավորեցին Վարշավայում մի հարմար տուն-թանգարանում: Հաստատությունը հրապարակում է «Ավետիս» անունով մի թերթ, հայկական օրացույցներ եւ հովանավորում գիտաժողովներՙ լեհահայերի պատմության ուսումնասիրությամբ զբաղվող ուսանողների համար: Ճիշտ է, նրանց ֆինանսական հնարավորությունները մեծ չեն, աշխատակազմն էլ ընդամենը 4 անձից է բաղկացած, կաթոլիկ լեհահայեր, որոնց նախնիներն այնտեղ ապրել են 17-րդ դարից սկսած, բայց նրանց կատարած աշխատանքը հերոսական կարելի է անվանել եւ արժանի է ամեն տեսակի պաշտպանության:
Ավելացնեմ նաեւ, որ հազվագյուտ գրքերի եւ ձեռագրերի մեջ ես մի «Հայերեն-ղփչաղերեն» բառարան հայտնաբերեցի, ինչպես նաեւ Վլադիսլավ 2-րդ Յագայլո թագավորի հրամանագրի բնօրինակը, որով վերահաստատում էր հայերին առանձնաշնորհյալ արտոնություններ տալու Կազիմիր 3-րդ Մեծ թագավորի (1310-1370) որոշումը:
Թարգմ. Հ. Ծ.